Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Իշխանյան. «Նույնիսկ եթե Ալիեւը նվաստացուցիչ հայտարարություններ է անում, դա չի նշանակում, թե Նիկոլ Փաշինյանի հետ սինքրոնիզացված չեն աշխատել Արցախը հանձնելու համար»

Հուլիս 21,2025 16:04

Վավերագրող, հանրային գործիչ Հովհաննես Իշխանյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով օրերս Շուշիի մեդիաֆորումի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի արած հայտարարությանը, թե Նիկոլ Փաշինյանը ժամանակին հայտարարելով, թե Արցախը Հայաստան է եւ վերջ, ինքն է սանձազերծել 2020 թվականի պատերազմը, եւ թե այսօր ինչ տեղի ունեցել է Արցախի հետ, ինքն է մեղավորը, ասաց. «Ալիեւը դա այնպես է ասում, ոնց որ թե Նիկոլ Փաշինյանը սխալվել էր՝ ասելով Արցախը Հայաստան է եւ վերջ, այլ ոչ թե միասնական պայմանավորվածություն էր, որ Նիկոլ Փաշինյանը պետք է այդպես ասի: Ի վերջո, այդ արտահայտությունը բանակցային տրամաբանության տապալում էր: Այսինքն, եթե մենք 30 տարի եւ, առհասարակ, Արցախի ազատագրումը սկսել ենք ինքնորոշման գաղափարից, որպեսզի հասկանալի եւ օրինական լինի անջատումը Ադրբեջանից եւ 30 տարի երկրները հենց դրա շուրջ էին համախմբվել, որ այդ երկուսի կոնֆլիկտը լուծեն, հայտնվում է մեկն ու ասում՝ չէ, ի՜նչ ինքնորոշման հարց, Արցախը մերն է: Այսինքն, դա դարձնում է տարածքային վեճ, որտեղ մյուս պետություններն ասում են. եթե դա այդպես է, տարածքային վեճ է, խփեք իրար, ով վերցրեց՝ վերցրեց:

Մյուս կողմից Ալիեւի արածներն ինձ ուրիշ բան են հիշեցնում: Ինքը փաստորեն «թոզ փչոցի» է անում ամբողջ աշխարհում, մարդկանց հավաքում է Շուշի, Ստեփանակերտ, Արցախում տարբեր տեղեր տանում, զվարճացնում է, ցույց է տալիս՝ տեսեք ինչ գեղեցիկ է այստեղ ամեն ինչ, մինչդեռ, այդ տարածքներում տեղի է ունեցել էթնիկ զտում, ցեղասպանություն: Նրանից հետ չեն մնում նաեւ Նիկոլ Փաշինյանենք: Նույնը նրանք անում են Կիրանցում, Տավուշում: Տանում են այստեղից խմբեր: Վերջերս գրողների խմբեր էին տարել, ցույց էին տալիս գույնզգույն դպրոցը, որը մի քանի տասնյակ մետրի վրա է ադրբեջանցիների ժամանակավոր տեղակայման վայրից: Ու նկարում են այդ դպրոցը, գալիս եւ սկսում են հոգեհուզիչ, պաթոսախեղդ ինչ-որ մեկնաբանություններ անել, թե մենք տեսանք այդ դպրոցը, ինչ հրաշալի, անհոգ է այնտեղ: Այսինքն, հերթական «թող փչոցին» են անում Հայաստանը հայաթափելու նպատակով: Սա նաեւ հիշեցնում է Աղավնոն, երբ դպրոցը սիրուն, գույնզգույն ներկել էին ու գեղեցիկ էր ստացվել: Բայց դպրոցը սրանք ի վերջո հանձնեցին Ադրբեջանին:

Այնպես որ, այս երկուսի գործողությունները ամբողջովին սինքրոնիզացված են եւ մեր կյանքին վտանգ սպառնացող են: Այսինքն, նույնիսկ եթե Ալիեւը այնտեղից նվաստացուցիչ հայտարարություններ է անում, դա չի նշանակում, թե նրանք սինքրոնիզացված չեն աշխատել Արցախը հանձնելու համար: Պետք է նաեւ հասկանանք, որ Ալիեւը ինչ-որ առումով սրանից վերցնում է դավաճանի պիտակը եւ տալիս է ապիկարի պիտակ, թե գնաց, ապուշ հայտարարություն արեց ու ինքն իր կյանքը վերածեց մաղձի: Մինչդեռ, այդ ապիկարը դրանից հետո շարունակել է պաշտոնավարել, հերթականությամբ շարունակել է ինստիտուտները վերացնել եւ հիմա էլ անցել է եկեղեցուն: Այդ ապիկարը ապիկար չէ, դավաճան է, որը սինքրոնիզացված աշխատում է Ալիեւի հետ»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031