ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ծեծի գործով դատական այսօրվա նիստում մեղադրողը պահանջեց առավելագույն պատժաչափ մեղադրյալ Թորգոմ Ասատրյանի համար:
Իր մեղադրական ճառում դատախազն ընդգծեց, որ մեղադրյալի արարքն ավելի շատ մահափորձ է, քան ծեծ:
-Մեղադրողը յուրովի սկսեց ներկայացնել ապացույցները, ոչ թե օբյեկտիվորեն, այլ իր համար ցանկալի տարբերակով՝ կրկնելով, որ երկու դրվագ է մեղսագրվում Թորգոմ Ասատրյանին: Մեկը՝ մեքենայի թափքի վրա կանգնած վիճակում հարվածներ հասցնելով, մյուսը գետինն ընկած վիճակում Արարատ Միրզոյանին հարվածներ հասցնելով՝ մոռանալով, որ մի քանի նիստ առաջ հենց ինքը հայտարարեց, որ այո՛, մեքենայի վրա բարձրացած անձը չէր կարող Արարատ Միրզոյանին հարվածներ հասցնել: Որովհետեւ այդ ժամանակ Միրզոյանը մեքենայի վրա բարձրացած անձից մի քանի մետր հեռավորության վրա գետնին ընկած վիճակում էր: Այսօր լրիվ այլ բան ասաց,-պատասխանելով 168.am-ի հարցին՝ ասաց Ասատրյանի պաշտպան Արա Զաքարյանը:
Պաշտպանի խոսքով՝ մեղադրողը ոչ թե նպատակ է հետապնդում գործով ճշմարտությունը բացահայտել ու մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկել, այլ ամեն գնով Թորգոմ Ասատրյանին առաջադրված մեղադրանքը հաստատել. « Դրանից ելնելով` բոլոր ապացույցները, որոնք հետազոտվել էին դատաքննության ընթացքում, ծայրահեղ միակողմանի ներկայացվեցին դատարանին»:
Կարդացեք նաև
Զաքարյանը հիշեցրեց, որ այս գործով արտասահմանցի փորձագետն է նույնիսկ հաստատել, որ գետնին ընկած անձին հարվածներ հասցնողը Թորգոմ Ասատրյանը չէ: Պաշտպանի խոսքով՝ փորձագետն ասել էր՝ հնարավոր է նույնականացնել հարված հասցնող անձին:
Պաշտպանական կողմին շատ է մտահոգում նաեւ Արարատ Միրզոյանի բարձր պաշտոնը, այն այս գործով ճնշող հանգամանք լինելու առումով. «Սրանից ելնելով է, որ ամեն կերպ փորձում են նկարագրել, որ իրոք տեղի է ունեցել սպանության փորձ ու այդ սպանության փորձ կատարողը Թորգոմ Ասատրյանն է: Ես համոզված եմ, եթե տուժողը չլիներ պաշտոնատար անձ, այս գործով դատական վերդիկտը հնարավոր է բոլորովին այլ լիներ» :
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ