«Ալիեւին պատասխանելու, Ալիեւի արած հայտարարությունները պարզաբանելու փոխարեն՝ Նիկոլ Փաշինյանն, ով իրեն դրել է Նիկոլայ «պրիպօդոբննի» տեղ, պատրաստվում է գրոհել Վեհարանը»,- այսօր «Հայելի» մամուլի ակումբում հայտարարեց նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ ասելով, որ դա լինելու է հայ ժողովրդի պատմության ամենասեւ եւ ամենազարհուրելի դրվագներից մեկը։
Միաժամանակ, բանախոսն ուզում է հավատալ, որ հայ ժողովուրդը՝ իրական քրիստոնյաները, ոչ նրանք, ովքեր «գնում են մոմ վառում, հետո դուրս գալիս մեղք գործելու», թույլ չեն տա, որ այս իշխանությունը գրոհի Վեհարանը, կալանավորի Վեհափառին։
Հիշեցնենք, բռնազավթված Արցախում երկու օր առաջ տեղի ունեցած մեդիա-ֆորումի ժամանակ Իլհամ Ալիեւը ծաղրեց ՀՀ իշխանություններին, նաեւ նոր պահանջներ առաջադրեց Հայաստանին՝ Խաղաղության պայմանագիր ստորագրելու համար։
Ի դեպ, Ալիեւը հայտարարեց, որ, այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» ադրբեջանական հատվածը պատրաստ է եւ այդ հատվածում արտաքին այլ վերահսկողություն չի լինելու, այդ հատվածում կանգնելու են բացառապես ադրբեջանցի սահմանապահները։ Ինչ վերաբերվում է միջանցքի հայկական հատվածին՝ Ալիեւն ասաց․ «Ոչ մի ադրբեջանցի իր դիմաց չպետք է տեսնի հայ սահմանապահ, որովհետեւ դա կվտանգի ադրբեջանցիների կյանքը»։
Կարդացեք նաև
Ըստ Նաիրա Զոհրաբյանի, ստացվում է, որ Ալիեւը Հայաստանին ստիպում է իր տարածքը տալ այլոց վերահսկողությանը՝ անունը դնելով արտապատվիրակում․ «Ի՞նչ է սա, եթե ոչ Հայաստանի սուվերենության դեմ հստակ պահանջ։ Իհարկե, այսօր Փաշինյանի մամուլի խոսնակը թեթեւ ընդդիմացել է։ Այս, տիկին խոսնակ, Ալիեւն ասում է, որ ՀՀ սահմանի՝ Մեղրու հատվածի 32 կիլոմետրի վրա, ՀՀ-ն չպետք է ունենա ինքնիշխանություն»։
Ալիեւը նաեւ ասել էր, որ Հայաստանի հետ կարող են նախաստորագրել Խաղաղության համաձայնագիրը, բայց բուն համաձայնագիրը չի ստորագրվի, մինչեւ Հայաստանը չփոխի Սահմանադրությունը՝ հանելով նախաբանը եւ չդիմի ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման համար։ Նաեւ հավելեց, որ եթե Հայաստանը դա չանի, իրենք իրենց մեթոդներով կգործեն։
Նաիրա Զոհրաբյանը կարծում է, որ իրենց մեթոդը՝ դա պատերազմն է եւ բոլոր նրանց ովքեր սպասում են թուրքերի հետ հաջողակ բիզնես վարելուն, զգուշացնում է՝ թուրքերը միանգամայն այլ նպատակներով են Հայաստան գալու։
Ինչ վերաբերվում է Վեհարանը գրոհելու Նիկոլ Փաշինյանի կոչերին, Նաիրա Զոհրաբյանը կաթողիկոսին հորդորում է․ «Մի սպասեք ձեր կալանավորմանը: Նիկոլ, կուսակրոն է, թե կուսակրոն չի Վեհափառը՝ դա Աստծո եւ Վեհափառի գործն է։ Ի վերջո, Վեհափառը պատասխան է տալու Աստծոն։ Դու՝ Նիկոլ, Աստված չես, դու իրավունք չունես քեզ վրա նման առաքելություն վերցնել։ Յուրաքանչյուրս, դու՝ Նիկոլ, պատասխան ես տալու քո արածների համար»։
Նա քննադատեց Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների առիթով ԵՄ երկրների դեսպանների լռությունը եւ մեղադրեց նրանց «վիզա ծախելու» մեջ։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ