Երբ գործող իշխանությունները և մասնավորապես Նիկոլ Փաշինյանը թեժացնում էին հարձակումները Հայ առաքելական եկեղեցու դեմ, օրեր առաջ մեզ հետ զրույցում «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամ Մենուա Սողոմոնյանն ասաց՝ Եկեղեցին որևէ պարագայում չպետք է մտնի Նիկոլ Փաշինյանի որոգայթների մեջ։
Կարծիք կա նաև, որ երկրի ներսում հնարավոր քաոսի ստեղծումը պատահական չէ։ Ադրբեջանի նախագահը շարունակում է հոխորտալ Հայաստանի ուղղությամբ, շեշտակիորեն հակադարձում է Փաշինյանի ելույթներին։ Երկրի ներսում այս քաոսի ստեղծումով գուցե նպատակ կա քողարկել մոտալուտ վտանգներն ու աղետները։ «Իհարկե, դա էլ կա, որ երկրի ներսում քաոս է սարքում, զայրույթի կենտրոն դարձնում Եկեղեցու հետ կապված թեմաները, որպեսզի հեշտությամբ տեղի ունենան «միջանցքը» հանձնելու և թշնամական օրակարգը սպասարկող այլ գործողությունները»,-նշում է մեր զրուցակիցը։
Եվ, իհարկե, «Զանգեզուրի միջանցքի» մասին զրույցները չեն դադարում, հակառակը՝ աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնների հաղորդագրություններում, պաշտոնյաների մեկնաբանություններում Հայաստանով անցնող ճանապարհի մասին թեման կարևորագույն տեղ ունի։ Հայաստանի իշխանությունները շեշտում են՝ դա «միջանցք» չէ, այլ ճանապարհ է ու խաչմերուկ, խոսում են նաև դրա՝ երրորդ կողմի ինչ-որ ընկերության արտապատվիրակման մասին՝ ավելի շատ հարցեր առաջացնելով, քան քաղաքացիների մտավախությունները հանդարտեցնելով։ Իսկ փորձագիտական հանրույթը խոսում է հերթական զիջման ու աղետի մասին, որը կարող է տեղի ունենալ Հայաստանի հետ։ «Խոսքը մի երևույթի մասին է, երբ ինչ-որ տարածքի վրա, թեկուզ դա ճանապարհ լինի, Հայաստանի Հանրապետությունը չի ունենալու ինքնիշխան իրավասություններ, իրավազորություն, և, հետևաբար, այդ ճանապարհն օգտագործվելու է Իրանի հետ կապը կտրելու համար։ Փաստորեն, Իրանից Հայաստան եկող բեռնափոխադրումներ, ուղևորափոխադրումներ չեն լինի, Իրանի հետ կապը կտրվում է նախ և առաջ այդ տեսանկյունից։ Հաջորդ հարցն այն է, որ Թուրքիայի և Ադրբեջանի ձեռքին հայտնվում է միջամտություն, ներխուժում իրականացնելու համար հարմար պլացդարմ։ Սկզբնական շրջանում կարող են զենքեր տեղափոխել Թուրքիայից Ադրբեջան և այլն։ Բայց, ընդհանուր առմամբ, հարմար պատրվակներ կարող են ստեղծել և ներխուժում իրականացնել։ Այն, ինչ տեղի է ունենում Սիրիայում, ինչպես հիմա տեսանյութերով ենք տեսնում, որ հարձակումներ են տեղի ունենում ալևիների նկատմամբ, նրանց սպանում են՝ նկարահանելով ամբողջ ընթացքը, նույնը մեզ հետ էլ է տեղի ունենալու այս ձևով շարունակվելու պարագայում։ Աղետ ասվածը ուղղակի հեքիաթ չէ կամ էլ մեր ֆանտազիան։ Թող մեր ընթերցողները դիտեն այսօր Սիրիայում ալևիների հետ տեղի ունեցողի մասին պատմող տեսանյութերը և պատկերացնեն, թե ինչ է տեղի ունենալու մեզ հետ, երբ նաև Նիկոլ Փաշինյանի ձեռքով ու նաև աշխարհաքաղաքական խառնակ իրադրության պայմաններում Ռուսաստանի ազդեցությունն այստեղից վերանա, Իրանի հետ կապն էլ կտրվի։ Բնականաբար, արևմտյան գործընկերների միջամտելու հավանականությունը շատ ցածր է լինելու։ Թուրքիան ստանալու է ձեռքերի ազատություն՝ անելու այն, ինչ ուզում է անել»,-հավելում է նա։
Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։