Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանություններին կոչ ենք անում չնպաստել Ադրբեջանի կողմից թելադրված ջնջման տրամաբանությանը. հայտարարություն

Հուլիս 22,2025 15:24

Սատար Արցախին Միությունը իր խորը մտահոգությունն ու վրդովմունքն է հայտնում ՀՀ գլխավոր դատախազության կողմից վարչական դատարան ներկայացված հայցի վերաբերյալ, որի նպատակն է զրկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը Երևանում գտնվող ԼՂՀ Մշտական ներկայացուցչության շենքի նկատմամբ ունեցած սեփականության իրավունքից ։

Այս շենքը, որը գտնվում է Արաբկիր վարչական շրջանում, պարզապես անշարժ գույք չէ․ այն հիմնարար կողմնորոշիչ է, ժողովրդավարական ճանապարհով ձևավորված ինստիտուցիոնալ ներկայացուցչություն, որն ապահովում է այսօր բռնի տեղահանված ժողովրդի քաղաքական իրավունքների պաշտպանության շարունակականությունը։

Ներկայումս վտարանդի արցախյան իշխանությունները շարունակում են իրենց գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում՝ չնայած առկա խիստ դժվար մթնոլորտին։ Հայաստանի Հանրապետությունում կառավարող մեծամասնության որոշ պատգամավորների հայտարարություններում, ինչպես նաև դատական այս գործընթացի նման քայլերում, կարելի է նկատել ժողովրդավարական ճանապարհով ընտրված Արցախի ղեկավարներին անտեսելու, նրանց գոյությունն ուրանալու միտում։ Մինչդեռ նրանց լեգիտիմությունն անվիճելի փաստ է ։

Վերջիններս ընտրվել են ժողովրդի կողմից, որը բռնի կերպով զրկվել է իր հայրենիքից, այնպիսի պայմաններում, որոնք հնարավոր չէ բնութագրել այլ կերպ, քան մարդկության դեմ հանցագործություն։ Տեղահանված, զրկված իրենց հիմնարար իրավունքներից, մեծ տերությունների անտարբերության պայմաններում՝ արցախցիները պարզապես փախստականներ չեն։ Նրանք կազմակերպված էթնիկ զտման զոհեր են՝ ինչպես բնութագրել է ՀՀ վարչապետն ինքը՝ 2023 թվականի հոկտեմբերին ունեցած հեռուստատեսային ելույթում։ Այս ամենը տեղի է ունեցել Ադրբեջանի բռնապետության հանդեպ միջազգային լռության և նույնիսկ եվրոպական որոշ գործընկերների ցուցաբերած հանդուրժողականության պայմաններում։

Ներկա դիվանագիտական վակուումում, երբ աշխարհում որևէ պետություն չի իրականացնում արցախցի տեղահանվածների քաղաքական իրավունքների պաշտպանությունը, երբ Արցախի ութ նախկին ղեկավարներ ենթարկվում են շինծու դատավարությունների Բաքվում, Արցախի իշխանություններն իրավունք և պարտականություն ունեն շարունակելու իրենց գործունեությունը։ Նրանք սեփական ժողովրդի հանդեպ քաղաքական և ինստիտուցիոնալ վերջին պատասխանատու անձիք են: Նրանց ձայնը կենսական է։ Այն չպետք է լռեցվի։

Մենք կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության իշխանություններին չնպաստել Ադրբեջանի կողմից թելադրված ջնջման տրամաբանությանը։ Այս շենքը չպետք է առգրավվի։ Ճիշտ հակառակը, այն պետք է շարունակի ծառայել որպես ներկայացուցչության և համախմբման վայր։

Պաշտպանել արցախցիների քաղաքական իրավունքները նշանակում է պաշտպանել արդարության, ազգային ինքնիշխանության, ժողովրդավարական շարունակականության և մարդկային արժանապատվության վրա հիմնված հայկական պետականությունը։

«Սատար Արցախին» միություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031