Վաշինգտոն – Հաշվի առնելով նախագահ Դոնալդ Թրամփի հուլիսի 15-ի ելույթը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտեի հետ Սպիտակ տանն իր հանդիպման ժամանակ, որտեղ նա ենթադրել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կարող է մոտ լինել, Ամերիկայի հայկական համագումարի համանախագահներ Օսկար Թաթոսյանն ու Թալին Յակուբյանը նախորդ շաբաթ նամակ են հղել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին՝ կոչ անելով ազատ արձակել Ադրբեջանի կողմից պահվող բոլոր հայ պատանդներին, այդ թվում՝ «Լեռնային Ղարաբաղի (Արցախի) քաղաքական ղեկավարությանը» և ապահովել վերադարձի իրավունքը։
Նամակում ընդգծվում էր, որ արցախահայության «վերադարձի և մշակութային գոյատևման իրավունքը» «չլուծված է մնում» և կոչ էր արվում Միացյալ Նահանգներին «քարոզել արդար և անաչառ լուծման օգտին», որը ներառում է «անվտանգ, կամավոր և արժանապատիվ վերադարձ»։
Բացի այդ, նամակում ընդգծվում էր, որ «լիարժեք, կայուն խաղաղությունը պետք է ներառի Հայաստանի Հանրապետության համար հուսալի անվտանգության երաշխիքներ, այդ թվում՝ ադրբեջանական ուժերի լիակատար դուրսբերում Հայաստանի ինքնիշխան տարածքից և ցանկացած համաձայնագրի խախտման համար հստակ հետևանքներ»։
Համանախագահները եզրափակեցին՝ ընդգծելով «տարածաշրջանային կայունության, մարդու իրավունքների, ինչպես նաև ԱՄՆ-Հայաստան տնտեսական զարգացման և անվտանգության կապերի ամրապնդման» կարևորությունը։
Կարդացեք նաև
Պետքարտուղար Ռուբիոյին ուղղված այս նամակ հաջորդում է համանախագահների կողմից ավելի վաղ այս տարի նախագահ Թրամփին ուղղված նամակին, որում նաև կոչ էր արվում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին, ապահովել հայ ժողովրդի համար անվտանգության ամուր երաշխիքներ, Ադրբեջանի կողմից խաղաղության համաձայնագրի խախտման դեպքում խիստ հետևանքների կիրառում, ինչպես նաև արցախահայերի վերադարձի հիմնարար իրավունքի երաշխավորում։
Ամերիկայի հայկական համագումարը հիմնադրվել է 1972 թվականին: Այն ամենամեծ համազգային, անկուսակցական, հասարակական կազմակերպությունն է Վաշինգտոնում, որն օժանդակում է հայկական հարցերի ճիշտ ըմբռնմանն ու լուսաբանմանը: Համագումարը 501(c)(3) կարգավիճակով հարկերից ազատված անդամակցական կազմակերպություն է:
Ամերիկայի հայկական համագումար