Լրահոս
Օրվա լրահոսը

Խավարի արքայազնը՝ Օզզի Օսբորնը կարիերան ավարտեց ամենալուսավոր արարքով

Հուլիս 23,2025 14:16

76 տարեկանում կյանքից հեռացավ «Խավարի արքայազնը»՝ աշխարհահռչակ ռոք երաժիշտ Օզզի Օսբորնը, Black Sabbath խմբի հիմնադիրներից մեկը: Մահվանից 2 շաբաթ առաջ կազմակերպված համերգի ողջ հասույթը՝ 190 միլիոն դոլար նա ուղղել է բարեգործությանը: Նա բեմին հրաժեշտ տվեց իր հայրենի Բիրմինգհեմ քաղաքում՝ ոչ միայն ստիպելով մարդկանց արտասվել եւ բուռն ծափահարել, այլեւ հավաքելով 190 միլիոն դոլար, որը ամբողջությամբ ուղղվեց մանկական հիվանդանոցներին, անտունների ապաստարաններին եւ Պարկինսոնի հիվանդության ուսումնասիրության կենտրոններին։

Պատմական գիշեր՝ ծանր ռոքի պատմության մեջ

Հրաժեշտի համերգը կայացավ հուլիսի 5-ին Villa Park մարզադաշտում։ Ներկա էր ավելի քան 40 000 երկրպագու, եւս մոտ 6 միլիոն մարդ դիտում էր համերգը առցանց։ Դա խորհրդանշական պահ էր. Օզզին ելույթ էր ունենում իր ծննդավայրում՝ շրջապատված սիրով, ժառանգությամբ եւ փառքի վերջին շողերով։ Նստած գոթական ոճով գահի վրա՝ որը նման էր չղջիկի թեւերի՝ նա կատարեց հիթերը՝ Crazy Train, No More Tears և Iron Man: Նրան միացան Թոմ Մորելլոն, Սլեշը, ինչպես նաև անակնկալ վերամիավորում եղավ Թոնի Այոմմի հետ։

Ոչ մի ցենտ իրեն. ամեն ինչ՝ բարեգործությանը

Հանդիսատեսի համար իսկական շոկը սպասվում էր վերջին երգից հետո։

Թոմ Մորելլոն, որ համերգի կազմակերպիչներից մեկն էր, վերցրեց խոսափողն ու հայտարարեց. «Ամեն տոմս, ամեն հեռարձակում, ամեն շապիկ՝ ուղղվել է բարեգործությանը։ Մենք հավաքել ենք ավելի քան 190 միլիոն դոլար՝ մանկական հիվանդանոցների, ապաստարանների եւ Պարկինսոնի հիվանդության դեմ պայքարող հետազոտական կենտրոնների համար»

Օզզի Օսբորնը մի կերպ հույզերը զսպելով՝ ցածրաձայն ասաց. «Այս ամենը նրանց համար է»։

Ուր կուղղվեն Օզզի Օսբորնի վերջին համերգի գումարները

Նվիրատվությունները կուղղվեն Օզզիի սրտամոտ նախագծերին՝ Բիրմինգհեմի մանկական հիվանդանոցին, ծանր հիվանդ երեխաներով զբաղվող Acorn’s հոսպիսին, The Halo Trust ականազերծման հիմնադրամին, որին աջակցել է նաև Օզզիի մայրը՝ Դիանան, անտուն երիտասարդների եւ ընտանեկան բռնության զոհերի համար նախատեսված ապաստարաններին, Պարկինսոն հիվանդության գլոբալ հետազոտություններ ( Օզզիի մոտ այն ախտորոշվել էր 2003թ-ին):

Համերգի մասնակից ոչ մի արտիստ չի ստացել հոնորար, իսկ Օզզին նույնպես հրաժարվել էր ամեն ինչից: Շոուի պրոդյուսերը նշել է. «Նա չէր ուզում անգամ մեկ ցենտ։ Նա ցանկանում էր, որ ամեն դոլարը հասներ մարդկանց՝ հատկապես երեխաներին»։

Հրաժեշտ… բայց արդյոք վերջնակա՞ն

Այս համերգը դարձավ Օզզի Օսբորնի կարիերայի վերջին լիարժեք համերգը, եւ հավանաբար ռոք երաժշտության պատմության ամենամեծ բարեգործական միջոցառումը՝ կազմակերպված մենակատարի կողմից։

Երեկոյի վերջին կադրը

Օզզին կանգնած է էկրանի առջեւ, որի վրա ցուցադրվում են մանկության լուսանկարներ եւ իր մոր մեջբերումը՝ «Լուսավոր եղիր անգամ խավարում»։ Ու երբ Բիրմինգհեմի երկինքը պայթեց հրավառություններից, շատերը մտածեցին, որ այն մարդը, որին անվանում էին «Խավարի արքայազն», երաժշտության պատմության մեջ կատարեց ամենալուսավոր ու ամենահրեշտակային արարքը։

Ժառանգություն, որը հնչեղ է նույնիսկ երգերից

Քննադատներն այդ գիշերն այսպես են բնորոշում. «Պահ, երբ heavy metal-ը բուժեց աշխարհը»։ Միգուցե սա էր Օզզին միշտ ցանկացել ասել։ Տասնամյակներ շարունակ նա գոռացել է բեմից, բայց իր վերջին երեկոյի ժամանակ ընդամենը մեկ բան շշնջաց, որն ավելի բարձր հնչեց՝ կարեկցանքը գոյություն ունի։

Իսկ հուլիսի 22-ին Օզզի Օսբորնը գնաց երկինք…Նրա ընտանիքը հայտարարություն տարածեց. «Խորը վշտով, որը բառերով անհնար է փոխանցել, ստիպված ենք հայտնել, որ մեր սիրելի Օզզի Օսբորնը այսօր առավոտյան հեռացել է կյանքից։ Նա ընտանիքի կողքին էր՝ շրջապատված սիրով։ Խնդրում ենք հարգել մեր անձնական տարածքը այս դժվար պահին»։

Անգլիայի Բիրմինգհեմ քաղաքում ծնված Օզզի Օսբորնը եւ իր խումբը՝ Black Sabbath-ը, հայտնի դարձավ 1970-ականների սկզբին՝ որպես heavy metal ժանրի հիմնադիրներից մեկը, խումբը համարվում է ռոք երաժշտության պատմության ամենավառ երեւույթներից։ Օզզի Օսբորնը վաճառել է ավելի քան 100 միլիոն ալբոմ և ներառվել է Ամերիկյան ռոքնռոլի փառքի սրահում։

Ըստ Culture Connection-ի պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031