Բնակարանային գողությունների բացահայտումը բարդ գործ է: Այս հանցագործությունները սովորաբար նախօրոք մանրակրկիտ նախապատրաստվում են, մշակվում են բնակարան մուտք գործելու և աննկատ, առանց հետքերի հեռանալու եղանակները, ձեռք են բերվում ալիբիներ և այլն:
Հետևաբար իրավապահներն էլ, նման հանցագործությունները բացահայտելիս, աշխատում են կատարողներին ձերբակալել ապացույցներով հանդերձ: Հերթական բացահայտման ընթացքում այդպես վարվեցին նաև Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները:
Երևան քաղաքի վարչության քրեական ոստիկանները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ մայրաքաղաքի բնակիչ երեք տղամարդ, նախնական համաձայնությամբ, խմբի կազմում կատարում են բնակարանային գողություններ հանրապետության տարբեր բնակավայրերում:
Ավելի քան երկու ամիս տևած օպերատիվ-հետախուզական միջոցառումներից հետո ստացան հավաստի տեղեկություն, որ խմբի անդամները պատրաստվում են գողություն անել Երևանի Շինարարների փողոցի մի բնակարանից:
Կարդացեք նաև
Խմբի երեք անդամն էլ նախկինում արդեն պատիժ կրել էին նույնատիպ հանցագործությունների մեղադրանքով, և կուտակել էին բավարար փորձ` զգույշ գործելու և հետքեր չթողնելու համար:
Գործողությունների ծավալն ու բարդությունը հաշվի առնելով` քրեական ոստիկանները միջոցառումները շարունակեցին Ոստիկանության այլ ստորաբաժանումների հետ ակտիվ համագործակցությամբ: Նաև համագործակցված աշխատանքի արդյունքում հնարավոր կլիներ կատարողներին ձերբակալել իրեղեն ապացույցները ձեռքներին:
Հուլիսի 22-ի առավոտից խմբի անդամները քրեական ոստիկանների տեսադաշտում էին: Վերջիններս տեսան, թե նրանք ինչպես են ոտքով մոտենում Երևանի Շինարարների փողոցի շենքերից մեկին ու մտնում շքամուտք: Բայց դեռ պետք էր համոզվել, որ գողությունը կատարված է:
Քիչ անց երեքն էլ դուրս են եկել և նստել պատվիրած տաքսին ու հեռացել:
Իրավապահների մի խումբը օպերատիվ հսկողության տակ պահեց տաքսին, իսկ մյուս խումը մտավ շքամուտք` հաստատելու գողության փաստը: Եվ երբ յոթերորդ հարկում քրեական ոստիկանները բաց դռնից տեսան, որ ներսում ամեն ինչ խառնած է իրար` «Նիսան» մակնիշի տաքսուն հետևող խումբն անցավ գործի:
Հուլիսի 22-ին` ժամը 13.25-ին, Սեբաստիայի և Տիչինայի փողոցների խաչմերուկում ձերբակալվեցին և իրենց պատվիրած «Նիսան» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ վարչություն տեղափոխվեցին մայրաքաղաքի Ֆուչիկի, Մայիսի 9-ի և Նիզամու փողոցների բնակիչ երեք տղամարդիկ, երկուսը 49, մեկը` 45 տարեկան:
Խուզարկությամբ հայտնաբերվեցին իրեղեն ապացույցները․ 45-ամյա տղամարդու մոտ կար դուր, ձեռնոց և դրամապանակ, որի մեջ կային հայկական դրամներ, հարյուրդոլարանոց 25 թղթադրամ, կախազարդերով ոսկյա և արծաթե երկու շղթա: 49-ամյա տղամարդկանցից մեկի մոտ հայտնաբերվեց ծալովի դանակ, ոսկե 3 մատանի, օղեր, թևնոց, կաշվե և արծաթագույն երեք վզնոց ու մեկ մատանի, իսկ մյուսի մոտ` դանակ, արցունքաբեր գազաբալոն, բջջային հեռախոս, արծաթագույն վզնոց ու մատանի:
Տուժած տանտիրոջից ընդունվել է հաղորդում: Ըստ նրա` պատճառվել էր երեք միլիոն դրամի վնաս:
Կարելի է միայն ենթադրել, թե քանի բնակարանային գողություն կանխվեց այս բացահայտմամբ:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: