Լրահոս
Օրվա լրահոսը

Քանի տարի ուզում է անցնի, ինքը ո՛չ կփոխվի, ո՛չ կուղղվի. մարդասպանը պետք է մնա բանտում. Աղաջանովան՝ Մհեր Ենոքյանի ազատ արձակման մասին

Հուլիս 23,2025 23:13

Դաժան սպանության զոհի հարազատները կբողոքարկեն Մհեր Ենոքյանին պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու որոշումը

-Ես գտնում եմ՝ արդարադատությունը կաղում է, միգուցե իրականում ինչ-որ ուժերի պատվեր է, որ այս մարդասպանը դուրս գա բանտից: Մենք բողոքարկելու ենք Վերաքննիչ դատարանում այդ որոշումը: Համենայնդեպս, եթե իր նման մարդասպանը պետք է ազատ արձակվի ու կապ չունի 29 տարի է անցել, թե 40 տարի կանցնի, միեւնույնն է՝ դաժան մարդասպանը պետք է նստի բանտում ու չպետք է նորմալ քաղաքացիների մեջ ազատ ապրի: Եթե այդպես պետք է լինի, թող բոլոր մարդասպաններին ազատեն ու տեսնենք՝ այս երկիրը ինչքան արագ է խորտակվելու,-Aravot.am-ին ասաց Ելենա Աղաջանովան՝ անդրադառնալով եղբոր սպանության համար ցմահ դատապարտված, բայց անազատությունից 29 տարի անց պայմանական վաղաժամ ազատ արձակված Մհեր Ենոքյանին:

– Այն մարդը, որը 20 տարեկանում կարողացել է նմանատիպ որոշում կայացնել, պլանավորել ու իրագործել նման դաժան սպանություն, ոչ մի դեպքում քանի տարի ուզում է անցնի, ինքը ո՛չ կփոխվի, ո՛չ կուղղվի: Հակառակը ոչ մեկս ավելի լավը չենք դառնում, բոլորը դառնում են ավելի վատը, կյանքը այդպիսին է: Նման մարդասպանը ավելի կկատարելագործի իր ունակությունները, մտքերը, ավելի ճկուն կլինի այդ ամեն ինչի մեջ: Մարդասպանը մնում է մարդասպան: Ի վերջո նրա արարքը անզգուշություն չէր, պատահականություն չէր, դիտավորյալ պլանավորած սպանություն էր,- շարունակեց Աղաջանովան:

Հիշեցնենք, որ քրեական գործի համաձայն` 1996թ. հուլիսի 12-ին Երևան քաղաքի բնակիչ Մհեր Ենոքյանը, հանցավոր համաձայնության գալով Արամ Հարությունյանի հետ, իր համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովին սպանելու և դիակի տեղը հայտնելու համար վերջինիս ծնողներից 20 000 ԱՄՆ դոլար գումար պահանջելու նպատակով, Աղաջանովին տարել են Արամ Հարությունյանի բնակարան, որտեղ շահադիտական նպատակներով և առանձին դաժանությամբ սպանել են Իոսիֆ Աղաջանովին: Ենոքյանը մետաղյա գործիքով (разводной ключ) հարվածներ է հասցրել Աղաջանովի գլխին, ապա դանակով հարվածել կրծքավանդակին ու աչքին։ Այդ ընթացքում Արամ Հարությունյանը բռնել է Աղաջանովի ոտքերը, իսկ, երբ նա ուշաթափվել ու ընկել է, Ենոքյանի հրահանգով կտրել է Իոսիֆի պարանոցը։

Ելենա Աղաջանովան Վերաքննիչ դատարանից արդար որոշման ակնկալիք ունի. «Իմ պահանջը մնում է նույնը, որ մարդասպանը պետք է մնա բանտում: Եթե դա դաժան, պլանավորված սպանություն է, այդ մարդասպանը պետք է ամբողջ կյանքում բանտում նստի, ոչ թե վայելի կյանքը: Նա պետք է շնորհակալ լինի, որ այս պետությունն այնքան եվրոպամետ է, այնքան փափուկ է, որ թույլ են տալիս նման մարդասպաններին ազատ ման գալ ու աշխատող քաղաքացիներից ավելի շատ արձակուրդ ունենան»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031