Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը շարունակում է թեժացնել վիճակը

Հուլիս 24,2025 10:00

Ով ինչ ուզում է՝ թող ասի, ես դեմ եմ որեւէ մեկին «գյուլլելու» մասին խոսակցություններին: Իհարկե, կարեւոր է համատեքստը, որում նման արտահայտություններն արվում են: Եվ, բնականաբար, «գյուլլել» բառն օգտագործելը հիմք չէ՝ մարդուն ահաբեկչության մեջ մեղադրելու համար: Հակառակ դեպքում՝ Հայաստանի բնակչության կեսը նստած կլիներ, որովհետեւ մարդիկ այս կամ այն առիթով (երբեմն՝ չնչին), այս կամ այդ մարդու մասին ասում են, օրինակ՝ «դրան սպանելը քիչ է»: Դարձյալ կրկնեմ՝ ցանկալի է, որ մենք նույնիսկ մտքում նման բան չասենք:

Այն, որ ՔՊ-ականները եւ նրանց քարոզիչներն այդ բառը մատի փաթաթան են դարձրել, խոսում է իրավական փաստարկների բացակայության մասին: Երբ դատաքննությունը չի էլ սկսվել, եւ մարդիկ ընդամենը կալանավորված են, այդ մարդկանց «ահաբեկիչ» անվանելը նույն ՔՊ-ականների ու «նրանց կից» գործիչների իրավական ցածր մշակույթի վկայությունն է: Առանց որեւէ հիմքի ընդդիմախոսների դեմ լայնածավալ բռնաճնշումներ սկսելը, մեղմ ասած, հակասության մեջ է մտնում «ժողովրդավարության բաստիոն» ինքնահռչակման հետ:

Իսկ եթե որեւէ մեկը պիտի հետապնդվի սադրանքներ կազմակերպելու, բախումներ հրահրելու համար, ապա առաջին հետապնդվողը պետք է լինի Հայաստանի վարչապետը: Նա հետեւողականորեն լարում է, ապակայունացնում է իրավիճակը՝ փորձելով «ճակատ ճակատի խփել» այն քաղաքացիներին, որոնք պատրաստ են իր եւ շորերը փոխած ուժայինների հետ գրոհել Վեհարանը, եւ այն քաղաքացիներին, որոնք դրան դեմ են: Ո՞վ ասաց, որ իր առաջնորդած քաղաքացիներն ավելի լավ քրիստոնյաներ են, ավելի լավ գիտեն Աստվածաշունչը կամ ավելի հաճախ են աղոթում, քան մնացածները: Փաշինյանն անձա՞մբ է Մայր Աթոռի վրա հարձակվողներին «լավ քրիստոնյաների» սերտիֆիկատ տալու:

Եթե ինչ-որ հրաշքով Հայաստան պետությունը պահպանվի, ապա անկախ այսօրվա կամ վաղվա զարգացումների արդյունքներից, դատարանը գնահատական կտա վարչապետի ակնհայտորեն անօրինական գործողություններին: Խոսքը մեր՝ երկրային դատարանի մասին է:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Անհաւատը չի վախնար այդ դատարանից: Կը հեգնէ, կը ծաղրէ զայն: Իսկ երբ որ հաւատացեալը այլեւս կ’ապաւինի միայն այդ դատարանին, կը մխիթարուի այդ միտքով, կը նշանակէ թէ կացութիւնը արդէն չափազանց վատ է…

    Երանի թէ երկնային դատարանը գործէ նաեւ երբ որ դատապարտեալը տակաւին այս աշխարհում է: Սակայն այդ, Երկնքին գործը չէ:

    Մ. Հայդուկ Շամլեան

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Խոսքը մեր՝ երկրային դատարանի մասին է: Այսինքն՝ ՀՀ դատական համակարգի, որն իշխանափոխությունից հետո զբաղվելու է Փաշինյանով

      • Հ.Շ. says:

        Շատ ներողութիւն, սխալմամբ՝ երկՆային կարդացի: Որուն ես ինքս վստահած եմ, ի դէպ: Մօտէն ու լաւապէս ծանօթ լինելով, որպէս գործօն փաստաբան, երեսուն-հինգ տարիներէ ի վեր՝ երկրային դատարաններուն… դեռ այդ ալ, Կանադայում… ալ չխօսինք ԱՄՆի մասին, ուր դատաւորներ չկան, այլ միայն, լայն ու երկար սեւ զգեստներով՝ բացայայտ քաղաքական ակտիվիթներ…

        Իսկ իշխանափոխութիւնից յետոյ, այդ գալիք ՀՀ դատական համակարգը, հաւանաբար այո,պատժելու է կարգ մը իշխանաւորներ, սակայն այդ եւս դժբախտաբար չի լինելու պետական մարդավարի հիմնարկ մը: Քանի՞ հատ դատաւոր կարող են փոխել… թուաբանականօրէն անկարելի է… ուրեմն, կառավարութեան ծառայող շինծու դատաւորները պիտի… մնան այդպէս. ինչպէս որ եղաւ վերջին պետական յեղաշրջումէն ետք. նոյնպէս՝ ոստիկանները, ԱԱԾի ստորադաս շարքայինները… որոնք չվարանեցան յարձակելէ Կաթողիկոսարանին վրայ… ամէն դէպքում, նորէն ալ, այո այդ գալիք պատիժները որոշ սփոփանք մը տալու են… սակայն այս իշխանաւորները կարծում են որ իրենք յաւերժական են… մէկ մասն ալ արդէն հաւանաբար ծրագրած են իրենց փախուստը երկրէն դուրս… այս ալ, ինչպէս որ ըրին նախկին վարչկարգի շատ մը անդամները… «ուսապարկներ»ը ամենախոցելինրեն են լինելու… ինչ որ ցաւալի է, քանզի նրանցից շատերը՝ շատ խեղճ, ողորմելի անձեր են…

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031