«Այս այցի հիմնական նպատակներից մեկը տնտեսական հարցերում ինչ-որ համաձայնություններ ձեռք բերելն է։ Այսինքն՝ խաղի կանոնների կամ հարաբերությունների ճշգրտում՝ նվազագույնը այս նախընտրական շրջափուլի համար»,- «Առավոտ»-ի հետ զրույցում ասաց քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ կատարած այցին եւ Ռուսաստանի վարչապետի հետ հանդիպմանը։
Հակոբ Բադալյանի խոսքով՝ Ռուսաստանի ազդեցությունը շատ մեծ է Հայաստանի տնտեսության ու տնտեսական վիճակագրության վրա։ «Եթե այդ գործոնը չլինի, ապա Հայաստանի տնտեսական ցուցանիշները, մեղմ ասած, շատ վատ կարող են լինել, նաեւ տնտեսության վիճակը կարող է շատ խնդրահարույց լինել։ Իսկ նախընտրական շրջանում այդպիսի իրավիճակը բնականաբար չի կարող բխել իշխանության շահերից։ Եվ կարծում եմ՝ հենց այս համատեքստում են քննարկումները եղել Միշուստինի հետ հանդիպմանը։ Փորձ է արվել կամ առնվազն նպատակ են ունեցել ճշգրտել հարաբերությունները առնվազն այս ժամանակային տարածության համար»,- ասաց նա։
Միխայիլ Միշուստինը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասել է, որ Երեւանը հետաքրքրված է աշխատանքը շարունակելու Եվրասիական տնտեսական միությունում։
Հակոբ Բադալյանի խոսքով՝ բացի նրանից, որ ԵԱՏՄ-ն Հայաստանի տնտեսության համար սպառման հիմնական շուկա է, նաեւ վերաարտահանման, ռուս ռելոկանտների՝ դեպի այլ երկրներ, այլ երկրներից դեպի Ռուսաստան տարանցման գործընթացներն են մեծ դեր ունեցել Հայաստանում տնտեսական վիճակագրություն ձեւավորելու համար։
Կարդացեք նաև
«Կոպիտ ասած՝ շատ փող են բերել, շատ փող են առաջացրել Հայաստանում։ Իհարկե, այստեղ կա մեկ այլ խնդիր, որ Հայաստանում այդ փողի նկատմամբ չի վարվել տնտեսական քաղաքականություն, որ այդ ռեսուրսը ծառայեր Հայաստանի տնտեսական տրանսֆորմացիային։ Եվ մենք տեսնում ենք, որ վերաարտահանման էֆեկտով բավականին մեծ վիճակագրական աճի պայմաններում, օրինակ, Հայաստանում արդյունաբերության ոլորտը հակառակը, բավականին տխուր ցուցանիշներ է արձանագրել։ Սա, իհարկե, առանձին խնդիր է, Հայաստանի եւ Հայաստանի քաղաքացիների խնդիրն է, իսկ Հայաստանի իշխանությունների համար խնդիրը տնտեսական վիճակագրության որոշակի ծավալի պահպանումն է, նվազում թույլ չտալը։ Իսկ դա անելու համար պետք է պայմանավորվել Ռուսաստանի հետ կամ վերահաստատել ինչ-որ պայմանավորվածություններ։ Ես կարծում եմ՝ Միշուստինի հետ քննարկումը եւ Ալթայ կատարած այցի նպատակներից մեկը հենց դա է»,- հավելեց Հակոբ Բադալյանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ