Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը հաստատել է Երևանի շահագրգռվածությունը՝ շարունակել համագործակցությունը ԵԱՏՄ-ի շրջանակում. Ալեքսեյ Օվերչուկ

Հուլիս 24,2025 23:03

Մոսկվան Երևանի հետ քննարկում է Եվրասիական տնտեսական միությունում փոխգործակցությունը և մտահոգություն հայտնում որոշ հարցերի շուրջ: Այդ մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ պատասխանելով Եվրամիությանը Հայաստանի անդամակցության հեռանկարների մասին լրագրողների հարցին։

«Այստեղ խոսքը ԵՄ-ին անդամակցելու՝ Փաշինյանի անփոփոխ ցանկության մասին չէ։ Մենք, իհարկե, քննարկում ենք ԵԱՏՄ շրջանակներում փոխգործակցության հարցերը։ Եվ այս տեսանկյունից մենք ուշադրություն ենք դարձնում, թե ինչ որոշումներ են կայացվում Հայաստանի կողմից նորմատիվ-իրավական ոլորտում։ Կառավարության որոշ ակտեր կան, որոնք մեզ մոտ հարցեր են առաջացնում»,- ընդգծել է ռուսաստանցի պաշտոնյան։

Օվերչուկը հստակեցրել է, որ խոսքը, մասնավորապես, վերաբերում է ապրանքների սերտիֆիկացման հարցերին։ «Խոսքը Եվրամիության, Ամերիկայի Միացյալ Նահանգների և այլ երկրների ստանդարտներին համապատասխան սերտիֆիկացված սննդամթերքի թույլտվության մասին է, որոնք չեն համապատասխանում Եվրասիական տնտեսական միության սերտիֆիկացմանը: Մենք, իհարկե, մտահոգություններ ենք հայտնում նման հարցերի վերաբերյալ»,- հավելել է նա։

Անդրադառնալով այսօր Ալթայում կայացած Փաշինյան-Միշուստին հանդիպմանը՝ Օվերչուկն ասել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև առևտրատնտեսական համագործակցության հարցերը։ Նրա խոսքով՝ Մոսկվային անհանգստացնում է Երևանի հետ առևտրաշրջանառության կրճատումը։

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կանգ առանք առևտրատնտեսական համագործակցության զարգացման հարցերի վրա։ Իհարկե, մեզ մտահոգում է երկու երկրների միջև ապրանքաշրջանառության կրճատումը։ Մենք քննարկել ենք, թե ինչ պետք է անել, որպեսզի իրավիճակը կարգավորվի»,- թեման շարունակել է Օվերչուկը՝ հավելելով, որ քննարկման հարցերի թվում եղել է նաև Հայաստանում ռուսական ներդրումների թեման։

Բացի այդ, ըստ Օվերչուկի, հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Հարավային Կովկասում առկա իրավիճակին։ «Քննարկվել են Հարավային Կովկասի օրակարգին վերաբերող հարցեր: Եվ ընդհանուր առմամբ զրույցը շատ օգտակար էր»,- ասել է նա։

Ռուսաստանցի պաշտոնյան նաև հայտարարել է, որ հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանը հաստատել է Երևանի շահագրգռվածությունը՝ շարունակել համագործակցությունը Եվրասիական տնտեսական միության շրջանակում։ «Ընդհանուր առմամբ, Հայաստանը, և այսօր դա նույնպես քննարկվել է, տրամադրված է շարունակել աշխատանքը Եվրասիական տնտեսական միությունում»,- եզրափակել է ՌԴ փոխվարչապետը։

 

«Հետք»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031