Լրահոս
Օրվա լրահոսը

Վեհարանի և սրբությունների վրա գրոհողներ, դուք ի՞նչ քարոզներ, երգեր եք լսում կամ ի՞նչ գրքեր եք կարդում, որ առաջնագիծ եք համարում Էջմիածնի Մայր Աթոռի մուտքը

Հուլիս 25,2025 11:30

Գրեթե ամեն օր մի փոքր խմբակի կողմից տարբեր հարթակներից, այդ թվում եւ սոցիալական ցանցերում, ականատես և ունկնդիր ենք լինում ատելության և դեպի նոր բախումների տանող խոսքերի։ Ձեր տեսակը լավ իմանալով, ոչ թե անձնական, այլ հանրային դաշտում, գիտեմ՝ խոսքս ձեզ համար անընդունելի կլինի, բայց գոնե հանրությունը թող մտածի։

Վեհարանի և սրբությունների վրա գրոհողներ, դուք ի՞նչ քարոզներ, երգեր եք լսում կամ ի՞նչ գրքեր եք կարդում, որ առաջնագիծ եք համարում Էջմիածնի Մայր Աթոռի մուտքը, դա մեր սրբության սիրտն է, որին դեմ եկողը նույն է, որ դեմ է մեր ինքնությանը, պատմությանը, հայ մշակույթին, հային, և ամենակարևորը, Աստծուն։

Սիրով ձեզ կարող եմ Եռաբլուր ուղեկցել և շատ երկար պատմել մեր տղաների սխրանքների մասին, և հետո դուք փորձեք տեսնել տարբերությունը ձեր «առաջնագծի» և իրենց առաջնագծի միջև, դրանից հետո ցույց կտամ առաջնագիծը։

Եթե այդքան եկեղեցասեր եք, կխնդրեմ ցույց տալ, եթե ոչ ձեր ամբողջ կյանքի ընթացքում, ապա այս վերջին տարիներին, ի՞նչ եք արել Եկեղեցու զորացման, հոգևորականների աջակցության, կամ հավատացյալների հոգևոր կարիքների համար. ինչևէ՝ ծառը պտղից է ճանաչվում։ Եվ եթե Վեհարանը ձեզ համար նկուղ է, կամ նմանատիպ խոսույթով որևէ վայր, արդեն պարզ է, որ որևէ հարգանք չի կարող լինել Վեհափառի կամ որևէ հոգևորականի հանդեպ։

Մի պահ մտածեք. ո՞ւմ դեմ եք դուրս գալիս։ Անդրադարձե՞լ եք երբևէ ձեր ընտանիքների, հարազատների, համայնքի առաջ ձեր խոսքերի ու գործերի պատասխանատվության մասին։ Ինչպե՞ս եք ապրելու աստվածապարգև ձեր կյանքի մնացած տարիները։

Անկեղծորեն պիտի հորդորեմ, որ գոնե քնելուց առաջ մաքուր սրտով աղոթեք և խոնարհ հոգով խնդրեք Աստծուց, որ ձեզ իմաստություն տա չարիքը բարիքից տարբերելու, Հայրենիքի և Եկեղեցու շահը սեփականից վեր դասելու կարողության համար։ Չէ՞ որ «Մաքուր սիրտը և խոնարհ հոգին Աստված չի արհամարհում» (Սաղմոս 50։19)։

Մասյացոտնի թեմի Ոսկետափ համայնքի Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցու հոգևոր հովիվ տեր Արտաշես Հակոբյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031