Լրահոս
Օրվա լրահոսը

Չեմ բացառում, որ համակարգն այնպես ավերեն, որ մենք խնդրենք, որ հոսանքը թանկանա. Պիպոյան

Հուլիս 25,2025 15:06

-Գործադիրը երբեւէ քննարկե՞լ է իր ենթակայության տակ անուղղակիորեն գործող «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությունը (ԲԷՑ) ինչպես է աշխատում: Մենք տարիներ շարունակ քննարկել ենք ՀԷՑ-ում առկա խնդիրները, որոնք, այո՛, առկա են, այնպես չէ, որ խնդիրներ չեն առաջացրել սպառողների համար: Բայց եկեք հասկանանք՝ եթե ՀԷՑ-ը համեմատենք ԲԷՑ-ի հետ ու զարգացման տեմպերը համեմատենք, ո՞րն է ավելի վատ աշխատել ՀԷ՞Ց-ը, թե՞ ԲԷՑ-ը: Երբ առաջնայինը երկրորդայինին է խառնվում, էմոցիոնալ քաղաքական հայտարարությունների մակարդակում ուզում ենք էներգետիկ համակարգում վերլուծություններ անել, բնականաբար, արդյունքի չենք հասնելու – Aravot.am-ին ասաց «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ հիմնադիր նախագահ Բաբկեն Պիպոյանը՝ անդրադառնալով ՀԷՑ-ի շուրջ ստեղծված իրավիճակին:

Ինչ վերաբերում է ՀԷՑ-ը ազգայնացնելու, պետականացնելու մասին իշխանությունների հայտարարություններին, ապա ՀԷՑ-ում ժամանակավոր կառավարիչ նշանակելուն, բայց որոշմանը, որ ներդրումները ներկայիս սեփականատերը պետք է շարունակի, պարոն Պիպոյանն այսպես արձագանքեց. «Քանի որ սեփականատեր չի փոխվել, բնականաբար, սեփականատերը պիտի փոխվի: Դեռեւս կառավարչի, այսպես ասած, տնօրենի հարցն է քննարկված: Իրականում ՀԷՑ-ը ունի սեփականատերեր, որոնք ստանձնած պարտավորություններ ունեն: Իրենք ի՞նչ ռազմավարական պլան ունեն նոր կառավարչի պարագայում աշխատանքը կազմակերպելու հարցում, պետք է ՀԷՑ-ից պատասխանեն: Որովհետեւ չի բացառվում, չէ՞՝ որեւէ մասնավոր ընկերություն պետությանը խնդրի, ասի՝ ինձ մի լավ կառավարիչ տուր, էստեղ խնդիրներ ունեմ, թող գա խնդիրներս կարգավորի, ես էլ եմ ուզում կարգավորել: Եթե ուզենք այս պրիզմայից նայենք, կհասկանանք, որ պարզապես մի կառավարիչը կարող է եւ էական խնդիր չլինել: Բայց մենք հասկանում ենք, որ այս դեպքի հետ գործ չունենք, քաղաքական գործընթացի հետ գործ ունենք: Իսկ էս կառավարիչը գնացել է քանդի: Չի բացառվում, որ ՀԷՑ-ը ասի ՝ թքած ունե՞ք այս երկրի վրա, ինչ ուզում եք արեք, մենք էլ կտանք արբիտրաժ, մեր փողերը կտաք, դուք էլ, ձեր ՀԷՑ-ն էլ: Այստեղ հարցը այն է, թե ՀԷՑ-ը հա՞շտ է, որ ընկերությունն անցնում է այլ ընկերությանը, պետությանը, թե՞ մնում է ներկայիս սեփականատերերին, բայց պետությունը խառնվում է իրենց գործերին: Եթե մնում է իրենց ընկերությունը, ապա անկախ կառավարչի ով լինելուց, պետք է իրենց պարտավորություններն անեն»:

ՀԷՑ-ի նոր կառավարիչը չի բացառել նաեւ հոսանքի գնի առաջիկա թանկացումը՝ հայտարարելով, որ չի կարող երաշխավորել, թե հոսանքի սակագինը որ ուղղությամբ կգնա, բայց կարող է երաշխավորել, որ սակագինը բխելու է բացառապես օբյեկտիվ, իրական ցուցանիշներից։ Պարոն Պիպոյանը այս մասով նկատեց. «Չեմ բացառում, որ համակարգն այնպես ավերեն, որ մենք՝ որպես հասարակություն, խնդրենք, որ հոսանքը թանկանա: Փորձը ցույց է տվել, որ որտեղ մատները մտցրել են, խնդիր է տվել: Երեւան քաղաքի երթեւեկությունը լավը չէր, անհրաժեշտ էին որոշակի փոփոխություններ, բայց այն փոփոխությունները, որ անում են իրենք, իրավիճակն ավելի է վատացնում, նայեք խցանումները: Փորձը ցույց է տալիս, որ ստրատեգիական այն բոլոր ուղղություններում, որ կողքից իրենք միջամտել են, վիճակը ոչ թե լավացել, այլ վատացել է»:

Անդրադառնալով ՀԷՑ-ի մասով արբիտրաժի միջանկյալ որոշմանը, ինչը, ըստ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի` կարող է չկիրառվել. պարոն Պիպոյանն ասաց, որ ակնհայտ է՝ ելքեր են փնտրում չկատարել այդ որոշումը. «Շատ լավ գիտակցում են, որ պետք է անեն, բայց հասկանում են, որ տեսականորեն կարելի է ձեւեր գտնել, ֆոկուս անել, ասել՝ դե գիտեք, սրանից կախվեցինք, չենք անում: Իսկ դրանից հետո ի՞նչ կլինի, ասեմ՝ մենք կդառնանք, այսպես ասած, սեփական իմիջի մասին չմտածող պետություն»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031