«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության և «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի կողմից «Երիտասարդները գործելիս․ Հայաստանում երիտասարդների զորեղացման ու առաջնորդության խթանման» ծրագրի շրջանակում Բելգիայի Թագավորություն այցելած հայկական 13 հոգուց բաղկացած պատվիրակությունն առիթ ունեցավ գտնվելու Ֆլանդրայի թվային ու մեդագրագիտության գիտելիքի կենտրոնում՝ «Mediawijs»-ում:
Այն հիմնվել է 2012 թվականի դեկտեմբերի 21-ին ֆլամանդական կառավարության մեդիա նախարարի նախաձեռնությամբ, ֆինանսավորվում է կառավարության կողմից։
Հիշեցնենք, որ եվրոպական այս երկիրն ունի ունի երեք կառավարություններ՝ ֆլամանդական, ֆրանսիական և գերմանական։ Այստեղ առանձին գործում է նաև մեդիա նախարարություն, որը հասարակական կառույցներին ևս ֆինանսավորում է` թվային և մեդիագրագիտություն ուսուցանելու։
Փորձագիտական «Mediawijs» կենտրոնի նպատակը Ֆլանդրիայի ու Բրյուսելի ֆլամանդական համայնքի բնակչությանը զինելն է մեդիա հմտություններով, որպեսզի «ստեղծագործաբար, գիտակցաբար ու քննադատաբար» օգտագործեն թվային տեխնոլոգիաներն ու լրատվամիջոցները, որպեսզի չդառնան կեղծ տեղեկատվության ու ապատեղեկատվության զոհեր ու կարողանան անվտանգ առցանց գործունեություն ծավալել։
Կարդացեք նաև
Այստեղ հատուկ ուշադրություն է դարձվում խոցելի թիրախային խմբերին, ինչպիսիք են՝ երեխաները, երիտասարդները, տարեցները, աղքատության մեջ գտնվող, ֆիզիկական կամ մտավոր խնդիրներ ունեցող մարդիկ:
Այս կառույցի կողմից մեծ ուշադրություն է դարձվում նաև թվային գրագիտության և մեդիագրագիտության հմտությունների ուսուցմանը նպաստող թիրախային խմբերին, որոնց թվում են ծնողները, երիտասարդական աշխատողները, տարեցների խնամքով զբաղվողները, գրադարանավարները և ուսուցիչները:
Այստեղ կեղծ լուրերի, կիբեռհարձակումների մասին իրազեկման արշավներ էին անցկացնում՝ համագործակցելով մեդիա ոլորտի փորձառու ներկայացուցիչների, դպրոցների, հասարակական կառույցների, գրադարանների, մեդիագրագիտությամբ զբաղվող հասարակական կառույցների հետ՝ մշակելով դասի պլաններ, առցանց դասընթացներ, ծնողների համար նախատեսված գործիքակազմեր։
Նշենք, որ Բելգիայի Թագավորության Ֆլամանդական կառավարությունը մեդիագրագիտության հայեցակարգը հաստատել է 2012 թվականի մայիսի 4-ին՝ այն ժամանակվա մեդիա նախարար Ինգրիդ Լիտենի և կրթության նախարար Պասկալ Սմիտի համատեղ առաջարկով։ Մեդիագրագիտությունն այս երկրում առաջին անգամ դրվել է երկրի զարգացման օրակարգի առաջնային թեմաների շարքում ու առաջին անգամն է, որ մեդիագրագիտություն եզրույթին տրվել է հստակ սահմանում։
Մեր երկրում մեդիագրագիտությունը հանրակրթության հայեցակարգում հայտնվեց 2021 թվականին։ Մեզ մոտ ևս տարբեր միջոցառումներ են իրականացվում մեդիագրագիտության մակարդակը բարձրացնելու նպատակով․ ֆորմալ ու ոչ ֆորմալ կրթություն կազմակերպում, ներառում հանրակրթական դպրոցներում, հասարակական կազմակերպությունների ծրագրերում, սակայն Հայաստանում դեռևս մասնագիտացված նման կառույց չկա։
Ինչևէ, բելգիական նորարական այս կառույցում մեդիագրագիտության ուսուցումը սկսվում է լրագրության հիմունքների մասին պարտադիր դասընթացով․ ուզո՞ւմ ես ունենալ մեդիագրագետ երիտասարդ, ուրեմն անպայման պիտի սովորեցնես լրագրողական նյութ գրելու, վերնագիր տեղադրելու կանոնները, լրագրողական էթիկան, տարբեր աղբյուրներից ճշգրտումներ կատարելու ու օգտվելու առանձնահատկությունները։
Այստեղ ուսուցանվում էին նաև գրագետ լուսանկարներ անելու, պրոֆեսիոնալ կարճ տեսանյութեր պատրաստելու ու ռիլսեր նկարելու հմտություններ։
Մեդիահաղորդակցման ոլորտում մասնագիտացած այս կառույցը գուցե և այդքան չգրավեր մեր ուշադրությունը, եթե հայկական պատվիրակության անդամների հետ հանդիպման ընթացքում պատասխանատուները չփոխանցեին ֆլամանդական կառավարության կողմից քննարկվող ուշագրավ երկու որոշումների նախագծեր։
Բելգիայի Թագավորության ֆլամանդական կառավարությունն այսպես ասած վտանգ ներկայացնող տեղեկատվության դեմ պայքարի նպատակով մտադիր է սեպտեմբերի 1-ից դպրոցներում արգելել հեռախոսների օգտագործումը, իսկ առողջապահության նախարարությունը իր հեթին մտադիր է մինչև 16 տարեկաններին արգելել սոցիալական որոշ կայքերից օգտվելը, օրինակ՝ «Տիկ-Տոկ» սոցիալական ցանցից։
Կեղծ լուրերից զերծ մնալու շրջանակում հեռախոսների օգտագործման արգելանքը միանշանակ չի ընդունվում, այն բավական վիճահարույց են համարում Բելգիայի Թագավորությունում։
Բելգիայի Թագավորությունում տարվող երիտասարդական քաղաքականության փորձը ուսումնասիրելու նպատակով եվրոպական այս երկիր այցելած հայկական պատվիրակության անդամ, «Երիտասարդական նախաձեռությունների կենտրոն» ՀԿ խորհրդի նախագահ, երիտասարդական ոլորտի փորձագետ-ուսուցանող Արթուր Նաջարյանը մեզ հետ զրույցում ասաց․ «Բելգիայի Թագավորությունում այցելելով երիտասարդների հարցերով պատասխանատու նախարարություն ու մեդիա ոլորտում լուրջ հեղինակություն ունեցող «Mediawijs» կառույց՝ տեղեկացանք, որ կրթության նախարարի ցանկությունն է օրենք ներդնել, որով կարգելվի հեռախոսների կիրառումն ու նաև սոցիալական մեդիայի հասանելիությունը մինչև 16 տարին լրացած երիտասարդների համար՝ հաշվի առնելով այդ տարիքային խմբի վրա ունեցած բացասական ազդեցությունը։
Չնայած այն դեռևս քննարկման փուլում է, բայց Բելգիայի երիտասարդական ոլորտը արդեն բաժանվել է երկու մասի․ մի մասը պնդում է, թե սմարթֆոնները, գաջետները և համապատասխան հարթակները կարևոր միջոց են երիտասարդների համար որպես գործիք օգտագործելու, մինչդեռ նախարարի մոտեցումն ավելի կտրուկ է, որն ունի իր տրամաբանությունն ու հիմնավորումները, թե ինչի համար պիտի դա արվի։
Մեզանից նաև հետաքրքրվեցին, թե արդյոք Հայաստանում ևս նման տենդենցներ կան, որ ինչ-որ ձևով սահմանափակումներ լինեն սոցիալական մեդիայի կամ դպրոցներում հեռախոսների օգտագործման համար, ինչի մասին հստակ տեղեկության չէինք տիրապետում։
Հետաքրքիր է արձանագրել, որ այստեղ իրարամերժ իրողություններ կան․ մի կողմից Եվրոպական Միությունը եվրոպական անդամ պետությունների համար քաղաքականություններ է մշակում, որտեղ արհեստական բանականությունը, թվային տեխնոլոգիաները, թվային գործիքները, նորարական տեխնոլոգիաները կարևորվում են, բայց մյուս կողմից կան Եվրամիության անդամ պետություններ, որոնք ազգային առանձնահատկություններից, իրենց երկրի երիտասարդների կարիքներից ու անհանգստություններից ելնելով՝ այլ մոտեցումներ ունեն համապատասխան հարցի վերաբերյալ և հստակ քայլեր են ձեռնարկում։
Հետաքրքիր կլինի իմանալ, թե ամիսներ անց ինչպիսին կլինի վերջնական որոշումը և հնարավոր կլինի՞ արդյոք նման օրենք կիրառել Բելգիայում, թե՞ ոչ։ Եթե լինի այդ որոշումը, դա կլինի այն նախադեպը, որի ընթացքին պարտադիր պետք է հետևել՝ հստակ հասկանալու, թե ինչպիսի արդյունքներ է տալու»։
«Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչ, «Երիտասարդները գործելիս․ Հայաստանում երիտասարդների զորեղացման ու առաջնորդության խթանման» ծրագրի թիմի ղեկավար Անի Թորոսյանից էլ հետաքրքրվեցինք, թե իր կարծիքով նման մեթոդը կիրառելի կլինի՞ հայկական իրականության մեջ։
«Չեմ կարծում այս պահին կիրառելի լինի, կարծում եմ բուռն հակազդումների ալիք կարող է բարձրացնել: Եթե անձամբ իմ կարծիքը հայտնեմ՝ գուցե ոչ թե բացառեն որոշ հավելվածների օգտագործումը, այլ պայքար տանեն՝ դրանց օգտագործումը երիտասարդների համար ավելի մատչելի դարձնելու, որպեսզի նրանք պաշտպանված լինեն, որոշակի տարիքային սահմանափակումներ լինեն յուրաքանչյուր հավելվածում։ Օրինակ՝ այս պահին Յութուբում Shorts բաժինը բոլորին հասանելի է, նույնիսկ երեխաներին, եթե նույնիսկ միացված է երեխաների պաշտպանության համար հատկացված այդ հնարավորությունը․ իրենք կարող են հանդիպել վտանգավոր տեղեկատվության, նյութերի, տեսանյութերի և պաշտպանված չլինել։
Այդ առումով շատ կողմ եմ, որ բարձրաձայնվի դրա մասին և պայքար տարվի նաև երիտասարդների կողմից»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ