Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր մեղքը պետք է հատուցվի»

Հուլիս 26,2025 13:00

«Մեր մեղքը պետք է հատուցվի։ Ո՞նց կհատուցենք… կամ կոտորվելու ենք, կամ՝ Աստծուն ընդունելու ենք, հասկանալու ենք մեր մեղքերը եւ միաբանվելու ենք». «Առավոտի» զրուցակիցն է Արցախի ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը:

«Մեր խնդիրն այն է, որ ազգովին մաքրվենք մեր մեղքերից։ Հասկանանք՝ ինչո՞ւմ ենք մեղավոր եւ այդ մեղքերն էլ չգործենք։ Ազգովին ասելով՝ չեմ պատկերացնում, թե ամբողջ ազգն ապաշխարելու է, բայց հավատքով ժողովուրդը պետք է որ միաբանվի ու դա կարող է մեր ճակատագիրը փոխել։ Հիմա մենք այդ գործընթացի մեջ ենք»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Արցախի ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը։ Աստվածաշնչից օրինակներ բերելով՝ Դանիելի ապաշխարության պատմությունը, Սոդոմի պատմությունը, Արկադի Կարապետյանն ասում է. «Աստված մեզ համար այդ շեմն ինչքա՞ն է սահմանել, ոչ ոք չգիտի։ Գուցե այս անգամ չի լինելու, հաջորդ անգամ է լինելու՝ չգիտեմ, դա միայն Աստված գիտե»։ Բայց որ դեպի լույս տանող ճանապարհը հենց դա է,  ասում է՝ երկրորդ կարծիք չկա։

Արդեն երկու տարի է՝ մի խումբ մարդիկ միաբանություն են ստեղծել, ապաշխարության աղոթքներ են անում։ Ամսի 26-ին ապաշխարության աղոթք կլինի Հովանավանքում։ Շարժման նախաձեռնողները Հայ առաքելական եկեղեցու հետեւորդներ են։

Դիտարկմանը՝ մինչ մենք տարբեր ճանապարհներ ենք փնտրում դեպի ելք, այդ թվում՝ նաեւ ապաշխարության ճանապարհը, Նիկոլ Փաշինյանն ու իր շրջապատը օրեցօր Հայ Առաքելական Եկեղեցու դեմ պայքարի մեթոդաբանությունն են կոշտացնում,  վերջերս էլ Նիկոլ Փաշինյանը սկսել է խոսել Վաղարշապատի հրապարակում հանրահավաք անելու եւ Վեհարանը գրոհելու մասին եւ հարցին՝ համարժե՞ք է դրան հակազդեցությունը, Արկադի Կարապետյանը պատասխանեց. «Այո։ Կարծում եմ՝ այո, որովհետեւ, մարդ եթե լավ բան է անում, մինչեւ ինքը մաքուր չի լինում այդ գործողությունն անելիս, հաջողության չի հասնում։ Հիմա, օրինակ, պետության ներսում ինչ պայքար էլ որ կա՝ մինչեւ չմաքրվենք, լավ բանի մենք չենք հասնելու։ Ասենք՝ արցախցիները հայտնվել են բարդ իրավիճակում, պարբերաբար էլ հավաքներ են անում, բայց մենք մինչեւ մեր ներսում չպարզենք՝ ով՝ ով է եւ ումի՞ց պետք է մաքրվենք, արդյունքի չենք հասնելու։ Զինվորն՝ առանց վստահ լինելու, որ իր ընկերն իրեն չի լքելու, չի փախնելու, այն մաքուր տղան է, որ իր կողքին կանգնելու է՝ չի կռվում։ Եթե այդ ընկերն ինչ-որ մեղք է գործել, պետք է հատուցի դրա համար, մաքրվի այդ մեղքից ու վստահություն ձեռք բերի»։

Դիտարկմանն էլ՝ ունե՞նք այդ ժամանակը, քանի որ տարածաշրջանում նոր սահմաններ են գծվում եւ գործընթացներն էլ արագացել են, մեր զրուցակիցը պատասխանեց. «Մեր մեղքերի համար մենք պետք է հատուցենք, այդ թվում՝ նաեւ հնարավոր է արյամբ։  Չի բացառվում ողբերգական պատերազմը, 1915-ի ցեղասպանության կրկնությունը… մեկ կամ երկու զոհ չեն լինելու, ողբերգություն է լինելու»։

Արցախյան առաջին պատերազմում հայկական կողմի հաղթանակը Արկադի Կարապետյանը համարում է վկայությունը նրա, որ ապաշխարելով ու մեղքերի հատուցումով պետք է հասնենք մեր բաղձալի արդյունքներին. «Այնքան հրաշքներ են եղել, երբ Աստված նույնիսկ անմիջապես է մեզ օգնել։ Ասենք, ջոկատը շրջափակման մեջ է եղել ու թվում էր, թե դուրս գալու տարբերակ չկա։ Աղոթել են եւ դուրս են եկել. կրակել են վրաներն ու ոչ մեկին չեն կպել։ Նմանատիպ բաներ շատ են եղել։ Ըստ աշխարհի պլանների, մենք այդ պատերազմում չպետք է հաղթեինք, բայց հաղթել ենք։ Մեր վիճակը շատ ծանր էր։ Իմ ընկերներն ինձ հարցնում էին՝ ի՞նչ ենք անելու, ասում էի՝ չգիտեմ, բայց հաղթելու ենք։ Ու այդպես էլ եղավ։ Չգիտեմ ասելով՝ նկատի ունեմ, որ հաշվարկներ ես անում եւ հասկանում, որ ուժերդ չեն բավարարում։ Բայց հաղթել ենք։ Աստված ամեն բան իր տեղը դրեց։ Առաջին պատերազմից հետո, երբ բոլորը հաղթանակի դափնիները իրենց վրա էին վերցնում, ես ասում էի՝ մեծ-մեծ մի խոսեք, շատ հավանական է, որ մենք հաղթել ենք մի տատիկի անկեղծ աղոթքի արդյունքում…Նույնն էլ հիմա է. աջից-ձախից մեզ վրա տալը դեռ ոչինչ չի նշանակում։ Հարցը երբ հասնում է Աստծուն՝ միաբանվում ես եւ կողքերից բոլոր հարձակումները վերջանում են, դու հաղթում ես։ Այսպես շատ հեշտ է թվում, բայց ամեն ինչի համար պետք է մաքառես։ Մեր մեղքը պետք է հատուցվի։ Ո՞նց կհատուցենք… կամ կոտորվելու ենք, կամ՝ Աստծուն ընդունելու ենք, հասկանալու ենք մեր մեղքերը եւ միաբանվելու ենք։ Իսկ հիմա դեռ բոլորի «ես»-ն իրենց խեղդում է։ Բոլորը լիդեր են ման գալիս։ Լիդերն Աստված է։ Պետք է Աստծուն պաշտենք, ոչ թե կուռք։ Իսկ բոլորը կուռք են խաղում…»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
25.07.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031