Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ պատվավոր հյուպատոսի գործով հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջը բավարարվել է մասնակի

Հուլիս 26,2025 12:30

Հնդկաստանում ՀՀ պատվավոր հյուպատոս, ապա Բրազիլիայի փոխհյուպատոս, Բրազիլիայի քաղաքացի Հովսեփ Սեֆերյանի դեմ 2019թ.-ին սկսած դատական գործընթացը Երեւան քաղաքի քաղաքացիական դատարանում ավարտվել է:

73-ամյա Հովսեփ Սեֆերյանը դիմել է վերաքննիչ քաղաքացիական դատարան:

Պետրոս Բաբաջանյանի հայցադիմումն ընդդեմ «Յանց Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ի, Հովսեփ Սեֆերյանի՝ ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու եւ դրա վրա բռնագանձում տարածելու, իսկ բաժինն առանձնացնելու անհնարինության եւ ընդհանուր գույքի մյուս համասեփականատիրոջ կողմից այն ձեռք չբերվելու դեպքում հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին գործը դատարանում էր 2019թ. մայիսի 24-ից:

Մեզ հետ զրույցի ժամանակ («Առավոտ», 2025թ. մարտի 19) Հովսեփ Սեֆերյանն ասել էր. «Ինչպես բազմիցս հայտարարել եմ, այս դատարանում առկա 25 միլիոն դրամի հայցադիմումը ձեւական է եւ միտված է հաշտության պայմանագրի կնքման: Իրականության մեջ ինձ պատճառված վնասը բազմապատիկ ավելի է, ինչպես կփաստեն կցված փաստաթղթերը, ի սեր խաղաղության ես զիջում եմ իրավունքներս, որպեսզի այս երկար եւ ցարդ ձգձգվող պարագան իր ավարտին հասնի»:

Դատարանը վճռել է. «Պետրոս Բաբաջանյանի հայցն ընդդեմ «Յանց Ինտերնեյշնլ» ՍՊԸ եւ Հովսեփ Սեֆերյանի՝ ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու եւ դրա վրա բռնագանձում տարածելու, իսկ բաժինն առանձնացնելու անհնարինության եւ ընդհանուր գույքի մյուս համասեփականատիրոջ կողմից այն ձեռք չբերվելու դեպքում հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին, բավարարել մասնակի:

Երեւանի Քեռու փողոցի թիվ 27 հասցեում գտնվող 0,04547 հա մակերեսով հողամասը հրապարակային սակարկություններով վաճառել, ստացված գումարը բաշխել ընդհանուր սեփականության մասնակիցներ` «Յանց Ինտերնեյշնլ» ՍՊԸ եւ Հովսեփ Սեֆերյանի միջեւ նրանց բաժիններին համամասնորեն, եւ Պետրոս Բաբաջանյանի հանդեպ թիվ ԵԱՔԴ/0821/02/11 քաղաքացիական գործով 15.06.2017 թ. օրինական ուժի մեջ մտած վճռով «Յանց Ինտերնեյշնլ» ՍՊԸ ունեցած պարտավորության չափով բռնագանձում տարածել «Յանց Ինտերնեյշնլ» ՍՊԸ պատկանող բաժնի վաճառքից ստացված գումարի վրա:

Մնացած մասով հայցը մերժել:

  1. «Յանց Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ից եւ Հովսեփ Սեֆերյանից հօգուտ Պետրոս Բաբաջանյանի համապարտության կարգով բռնագանձել 4.000 ՀՀ դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար, 100.000 ՀՀ դրամ՝ որպես սույն գործով փաստաբանի խելամիտ վարձատրության գումար»:

Անդրադառնալով Քեռու փողոցի թիվ 27 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ «Յանց Ինտերնեյշնլ» ՍՊԸ բաժնային կամ համատեղ սեփականություն ունենալու փաստին՝ դատարանը հիմք էր ընդունել ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ տարածքային ստորաբաժանման կողմից 2006 թ. ապրիլի 20-ին տրված թիվ 2015369 անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականը, հաստատված էր համարել Քեռու փողոց, 27 հասցեում գտնվող 0,04547 հա մակերեսով հողամասի՝ «Յանց Ինտերնեյշնլ» ՍՊԸ եւ Հովսեփ Սեֆերյանին սեփականության իրավունքով պատկանելու փաստը: Ինչ վերաբերում է նույն հասցեում գտնվող շինություններին, ապա դատարանն արձանագրել է. «Համաձայն անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման 20.04.2006 թ. թիվ 2015369 վկայականի պատճենի՝ Քեռու փողոցի 27 հասցեում գտնվող 994,2 քմ բնակելի տան նկատմամբ գրանցված է «Յանց Ինտերնեյշնլ» ՍՊԸ սեփականության իրավունքը, իսկ համաձայն անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման 20.04.2006 թ. թիվ 2015368 վկայականի պատճենի՝ նշված 27 հասցեում գտնվող 86,9 քմ մակերեսով բնակելի տան նկատմամբ գրանցված է Հովսեփ Սեֆերյանի սեփականության իրավունքը: Հետեւաբար, նշված շինությունները ընդհանուր համատեղ կամ բաժնային սեփականության իրավունքով չեն պատկանում «Յանց Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ին եւ Հովսեփ Սեֆերյանին, որպիսի պայմաններում այդ մասով հայցը ենթակա է մերժման»:

Ինչ վերաբերում է Արագածոտնի մարզի Բյուրական համայնքի բնակելի տանը, ապա համաձայն անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման 15.09.2006 թ. թիվ 2218941 վկայականի պատճենի՝ Արագածոտնի մարզ, համայնք Բյուրական բնակելի տան նկատմամբ գրանցված է Հովսեփ Սեֆերյանի սեփականության իրավունքը (հիմք՝ 12.12.1995 թվականի բնակելի տան) եւ հողամասի առուծախի պայմանագիր), ուստի նշված գույքը չի կարող համարվել «Յանց Ինտերնեյշնլ» ՍՊԸ սեփականության իրավունքով պատկանող այլ գույք:

Այս տարվա հունվարի 31-ին դատարան էր ներկայացել փորձագետ Արսեն Հարությունյանը, ով պատասխանելով դատարանի հարցադրումներին՝ հայտնել է, որ հավաստում է 2024թ. «Անիկոմ» ՍՊԸ կողմից տրված թիվ ԱՊ 05/24 Շ-104 եզրակացությունը: Իսկ մեկ այլ փորձագետ՝

Արարատ Առուստամյանը հայտնել էր, որ հավաստում է 2024թ. «Անիկոմ» ՍՊԸ կողմից տրված թիվ ԱՊ 01/24 Շ-104 Ա-1 եզրակացությունը:

Դատարանում պատասխանող Հ. Սեֆերյանը հայտնել էր, որ վեճը կապված է Վանաձոր քաղաքում գտնվող շենքի հետ, այն հանդիսանում է «Յանց Ինտերնեյշնլ» ՍՊԸ սեփականությունը:

Այդ շենքի նկատմամբ գրանցում չեն արել եւ այդ ժամանակ կարող էին հետ պահանջել իրենց տված գումարը: Հողը համասեփականություն է. առաջին կեսն ինքը գնել է, մյուս կեսը չէին ցանկանում վաճառել, նախկինում սփյուռքահայն իրավունք չուներ իր անունով տուն գրանցելու, այդ պատճառով գրանցել են ընկերության անունով:

Շինությունների մի մասը պատկանում է իրեն, մյուսը՝ մյուս կողմին:

Միաժամանակ հայտնել է, որ այն շինությունները, որոնք պատկանում են ընկերությանը եւ իրեն, դրանք առանձին շինություններ են. 90քմ առանձին է եւ իր անունով է, իսկ մյուսը՝ 1000-ով ավելի է, քանի որ վրան ավելացվել է, ինչն ապօրինի է եւ որի համար քաղաքապետարանին տվել է փոխհատուցում, ստացականն առկա է: Կա նոր վկայական, ԴԱՀԿ-ն չի տվել, քանի որ կալանք էր դրված: Պատասխանողը հայտնել էր նաեւ, որ վերջին տարիներին շինարարական որեւէ գործողություն չի կատարվել: 2006թ. հետո որեւէ նոր վկայական չեն տվել: Նշել է, որ ինքը շենքի համասեփականատեր չի հանդիսանում, այլ որպես ֆիզիկական անձ հանդիսանում է հողի սեփականատեր: Հայտնել է, որ Քեռու փողոց 27 հասցեում կա հողամաս եւ շինություն, շենքը 4 մասի է բաժանված, որոնք չեն կարողանում օրինականացնել, հողի կեսը ընկերության անունով է, կեսն՝ իր, ընկերության անունով պատկանող հատվածում առկա է շենք, իսկ իր անունով հողամասի վրա կա 80 քմ փոքր շինություն՝ խորդանոց, հողամասով շինությունները իր եւ ՍՊԸ համատեղ սեփականությունն են հանդիսանում:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
25.07.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031