Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանը կատարում է հակասահմանադրական գործողություններ, ոնց հասկանում եմ՝ ստիպում է մարդկանց դառնալ այդ հանցագործության հանցակից»

Հուլիս 28,2025 13:30

Նինա Կարապետյանցը՝ Վաղարշատում հանրահավաքի մասին

«Ես կարծում եմ, որ դա ներպետական օրենքների կոպտագույն խախտում է, հակասահմանադրական գործողություն`միջամտել կրոնական գործունեություն իրականացնող ցանկացած կառույցի կանոնադրական գործունեությանը, եւ բացի դրանից միջազգային պարտավորությունների, կոնվեցիաների շրջանակներում ստանձնած պարտավորությունների տեսակետից մեծագույն խախտում է»,- «Առավոտի» հարցին՝ արտաքին մարտահրավերների ֆոնին ռիսկային չէ՞ հուլիսի 27-ին Վաղարշապատում Նիկոլ Փաշինյանի ծրագրած հանրահավաքը, այսպես պատասխանեց «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը։

Ըստ իրավապաշտպանի՝ արդեն ակտիվ կերպով պիտի լսած լինեինք բոլոր միջազգային համապատասխան կառույցների արձագանքները, բայց դեռ արձագանք չկա. պատճառը մեկն է, որ ըստ Նինա Կարապետյանցի՝ եկեղեցու դեմ իրականացվող գործողությունները ներկայացվում են՝ որպես հակառուսական գործողություններգ ՌԴ-ին ՀՀ-ից հեռացնելու գործողություններ. «Դա մի տեսակ արդարացում է միջազգային հանրության որոշ դերակատարների համար, բայց  իրավունքի տեսակետից կոպտագույն խախտում է։ Սա հիմնարար իրավունքներից մեկի՝ խղճի ազատության հարցում խախտում է եւ խտրական վերաբերմունք կոնկրետ մեկ կրոնական կազմակերպության դեմ ուղղված, ինչը որեւէ կերպ հնարավոր չէ արդարացնել։ Չեմ պատկերացնում անգամ ՌԴ-ի դերակատարումն այստեղ։ Ո՞նց են արդարանալու եւ ներկայացնելու, թե ինչի հիման վրա է հնարավոր այդ գործողություններն արդարացնել։ Սա կոպտագույն միջամտություններից մեկն է։ Խղճի ազատությանը միջամտությունը մի կողմից, մյուս կողմից ակնհայտ է, որ վարչախումբը տանում է բախման եւ դա անում է գիտակցաբար։ Ինքը չի կարող չհաշվարկել, որ այսպիսի գործողությունները հաստատապես ունենալու են վատ ու ծանր հետեւանքներ, եւ ամբողջ պատասխանատվությունը կրում է հրահրողը։ Հրահրողը՝ անձնապես Նիկոլ Փաշինյանը թե’ որպես անհատ, թե’ որպես երկրի վարչապետ բոլոր ջանքերը գործադրում է ներքին բախում ստանալու համար։ Եվ իր պատասխանատվությունն ուղղակի անչափելի է լինելու։ Այդ մարդը չի կարողանում հասկանալ՝ իր պաշտոնից բխող գործողությունները որոնք են։ Ցանկացած երկրի ղեկավար ունի Սահմանադրությունում գրված գործառույթներ. դրանցից մեկն է բոլորի իրավունքների եւ ազատությունների երաշխավոր լինելը։ Այսպիսի գործողություններն արդյոք այդ երաշխիքներն ապահովո՞ւմ են, բնականաբար՝ ոչ։ Նիկոլ Փաշինյանն ինքը կատարում է քրեորեն պատժելի, հակասահմանադրական գործողություններ, ոնց հասկանում եմ՝ ստիպում է մարդկանց դառնալ այդ հանցագործության հանցակից։ Արդեն լուրեր են պտտվում, որ ինքը միջնորդավորված պարտադրում է մարդկանց թաղապետարաններից, տարբեր տեղերից գալ, մասնակցել այդ ցույցին։ Հույս ունեմ, որ մարդիկ կունենան այնքան ողջամտություն, որ չեն մասնակցի մի գործընթացի, որը քրեորեն պատժելի է լինելու, քանի որ հակասահմանադրական է։ Մյուս կողմից էլ հույս ունեմ, որ չեն կորցնի իրենց բարոյական կերպարը. ինչ-որ մեծ կամ փոքր պաշտոն զբաղեցնելու ակնկալիքներով չեն գնա իրենց խղճին ու հավատամքին հակառակ։ Բոլորը պիտի հիշեն, որ Նիկոլ Փաշինյանը՝ իշխանության մեջ գտնվող ցանկացած անձ, ժամանակավոր է, բայց այն մեղքը, որով ապրելու են, իրենց հետ լինելու է միշտ։ Իրենք պիտի հասկանան, որ այդ հանցագործությունը միշտ լինելու է, մնալու է իրենց հետ։ Արդյոք արժի՞ նման գործողությունների գնալ, հանցակից դառնալ Նիկոլ Փաշինյանին ու  կիսել այդ պատասխանատվությունը։ Իմաստը չեմ տեսնում»։

Մեր այն փաստմանը՝ Նիկոլ Փաշինյանը ծրագիր է ներկայացրել, թե ինչպես է փորձելու Ն.Ս.Օ.Տ.Տ. Ծայրագույն Պատրիարք եւ Կաթողիկոս Ամենայն Հայոց Գարեգին Բ-ին դուրս բերել վեհարանից՝ ըստ որի սկզբում պետք է տեղապահ նշանակվի, այնուհետեւ ըստ նրա՝ «Կանոնագիրք հայոց»–ի հիման վրա Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու Կանոնագիրքը՝ աշխարհաբար, համառոտ եւ բոլորին հասկանալի հաստատելուց հետո ընտրվի Կաթողիկոս»։

Հետաքրքրվեցինք՝ իրավական տեսանկյունից Նիկոլ Փաշինյանը նման լիազորություն ունի՞, Նինա Կարապետյանցը պատասխանեց. «Իրավական տեսանկյունից դա հանցագործություն է։ Իրավական տեսանկյունից ցանկացած կրոնական կազմակերպության կանոններին միջամտելը հանցագործություն է։ Ինքը հատուկ է իր՝ արձակուրդի մեջ լինելու ժամանակահատվածն ընտրել, որ ներկայանա՝ որպես Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ։ Նվազագույնս չի ապացուցվել, հիմնավորվել, թե ինչով է ինքը Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ։ Ինքը գործում է՝ որպես ցանկացած այլ կառույցի հետեւորդ, բայց հաստատապես ոչ Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ. մարդ, որը նպատակահարմար չի գտել իր ամուսությունը եկեղեցական կանոններով գրանցել։ Լավ, ասենք ներկայացված պատրվակը, թե ինքն այնպիսի գործունեություն էր ծավալում, որ ամեն վայրկյան կարող էր ունեզրկվել, բայց ի՞նչն է իրեն խանգարել եկեղեցով ամուսնանալ, գնալ, մասնակցել ինչ-որ արարողությունների, միջոցառումների, որոնց սկզբունքորեն չի մասնակցել։ Մի խոսքով իր՝ Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդ լինելը որեւէ կերպ հիմնավորված չէ, եւ դա իրեն թույլ չի տալիս առհասարակ արդեն գործող կանոնադրության կանոնների հակառակ կոնկրետ ինչ-որ մի եկեղեցու կանոններին հակառակ գնալ, ինչ-որ գործընթաց գեներացնել։ Դա հակասահմանադրական գործընթաց է, ինչը հնարավոր չէ թույլ տալ։ Դա պատասխանատվության հարց է բարձրացնում։ Մի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը ղալլաթ է արել. դա իր որոշելու հարցը չէ, ինքն այն հեղինակությունը չունի, որ կարողանա գեներացնել այդպիսի գործընթաց։ Ինքը խառնում է 2018-ի՝ իր հեղինակությունը եւ այսօրվա՝ իր լեգիտիմությունը, ու կապ չունի, որ ինքը 2021-ին որոշակի թվով ձայներ է ստացել, ինքը որեւէ մեկին չի ներկայացրել ծրագիր, որ ինքը գալիս է Կաթողիկոս փոխելու, եւ հետեւաբար, եթե այդ ձայները ստացել է, նման պատվիրակում ոչ մեկ իրեն չի արել։ Անշուշտ, ինքը ստիպելու է մարդկանց գալ, մասնակցել, ինչ-որ մարդիկ միամտաբար կարող է գան իրենց կամքով, բայց զգալի մասին ստիպելու է գալ հանրահավաքին։ Յուրաքանչյուր մասնակից պետք է իմանա, որ դա բառացիորեն մեր գործող օրենսդրությամբ հանցագործություն է, եւ դրա կազմակերպիչը Նիկոլ Փաշինյանն է, իսկ իրենք դառնալու են հանցակից։ Դրան տրվելու է քաղաքական եւ իրավական գնահատական։ Եթե պատրաստ եք Նիկոլ Փաշինյանի հետ կիսել հանցակցությունը, ինչ ասեմ՝ շնորհավորում եմ՝ գնացեք մի մարդու հետեւից, որը կարճ ժամանակ հետո ՀՀ-ի ղեկավար չի լինելու եւ ձեզ՝ իր հնարավորություններով չի սատարելու։ Գնացեք, դարձեք հանցակից ոչ մի բանի դիմաց»։

Հետաքրքրվեցինք՝ Վաղարշապատում ծրագրվող հանրահավաքը իր կարծիքով՝ կկայանա՞, Նինա Կարապետյանցը պատասխանեց. «Նիկոլ Փաշինյանն ունի այնպիսի բնավորություն՝ իդեա ֆիքս, որ եթե ինքն ինչ-որ բան որոշում է, ֆիքսվում է, հետեւողականորեն անում է։ Եկեղեցու դեմ արշավը պատահական չէ. սա իր՝ դրսում ստանձնած պարտավորությունների շրջանակների տարրերից է։ Ինքը դրսի առաջ ստանձնել է պարտավորություններ, որոնք պիտի իրականացվեն. չիրականացումը ծանր է նստելու։ Բայց իրականացնելը շատ ավելի ծանր է իր վրա նստելուգ ուղղակի թող իրեն հաշիվ տա։ Ինքն էլ պիտի հիշի, որ հավերժ չէ։ Չի վերարտադրվելու 2026-ին, հեռանալու է, եւ իր կողքին կանգնած այսօրվա հակասահմանադրական, հակաիրավական գործողությունների մասնակիցները պիտի հիշեն, որ հավասարապես կիսելու են պատասխանատվությունն այս գործողության համար»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.07.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031