Aravot․am-ը Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանից հետաքրքրվեց՝ եթե իր թեկնածությունն առաջադրի վարչապետի պաշտոնի համար, ապա ո՞վ պիտի սատարի իրեն՝ ժողովո՞ւրդը, թե՞ կա կոնկրետ քաղաքական ուժ։ Մենք նրան հիշեցրեցինք իր հարցազրույցներից մեկը, որտեղ խոսում էր իրեն սատարելու դեպքում վարչապետի թեկնածություն առաջադրելու մասին։
«Ես ո՞ւմ եմ տեսնում Հայաստանի Հանրապետության վարչապետ, ի՞նչ մարդու եմ տեսնում ես։
Այո՛, ես տեսնում եմ էնպիսի մարդու, որ կկարողանա․ երկիրն էսօր էնպիսի ձեռքում է, ովքեր որ փակել են երկրի ջուրը, լույսը և շունչը, դրանց ձեռքից կարողանա վերցնել։
Կշեռքի մի նժարի վրա դրված է հայ ժողովուրդը, մյուս նժարի վրա դրված է մի քանի ընտանիք։Ամբողջությամբ երկրի հարստությունը, ընդերքը գտնվում է այդ մի քանի ընտանիքների ձեռքում, և դրանք պետությունից հարուստ են։
Եթե կա մի մարդ, որն իմ սկզբունքով մտածի, անպայման ես իրեն կպաշտպանեմ։
Կարդացեք նաև
Էսքան իմ տարիների ապրածը ցույց է տալիս, որ երկիրն այս ճահճից դուրս գալու միակ գավականը էդ սկզբունքներն իրականացնողներ են լինելու։ Գիտեք՝ շատերին եմ տեսել, որ եկել են՝ մենք խոսք չենք տալիս, ինչի՞ չեք տալիս որ, եկել է խոսք տալու ժամանակը, խոսք պիտի տաք, որ մենք հետո գիտենանք, թե դուք ով եք։ Դիտավորյալ ֆռռցնում են, դիտավորյալ ինչ ասես, անում եմ, որպեսզի հետո կրախի առաջ չկանգնեն, ասեցիք, չարեցիք։
Այո, ես ձեզ կոչ եմ անում, այն մարդկանց ընտրեք, որոնք կասեն Հայաստանի Հանրապետությունը, հայ ժողովուրդը մեզ համար ավելի թանկ են, քան էն 10 ընտանիքը»։
Վարդան Ղուկասյանը նշեց, որ եթե նման մարդ կլինի որպես վարչապետի թեկնածու, ինքը կսատարի նրան, իսկ Աստված չանի, եթե չլինի, ինքը պիտի գնա ու այդ հարցի մեջ մխրճվի։
Իսկ դա, նրա ձևակերպմամբ՝ նահատակվելու, մահանալու տեղ է, եզան լուծ է։
«Էսպես կյանք ապրած մարդ, էսքան տարիք ունեցող մարդը, որ էսօր գա, ուզի գնալ վարչապետ դառնալ, առնվազն ծիծաղի առարկա է։ Իհարկե, եթե գնում ես աշխատանքի, իհարկե, եթե գնում ես վայելելու շատ թիմերի հետ, դա ուրիշ բան է։
Կյանքում ես չեմ ցանկանա, չեմ ուզի գալ, կյանքում երբեք, բայց եթե տեսնեմ, որ չկա էդպիսի մարդ, իսկ ժողովուրդը վստահի ու ինձանից պահանջի, ասի՝ հայի տղա ես, հենց լավ տղա ես, արի ստանձնի, պետք է կյանքդ դիր, կյանքդ դիր , ես այդ ժամանակ նոր պատրաստ կլինեմ իմ երկրին ծառայելու և ամեն ինչ անելու։
Ու ես պատրաստ եմ ու կարող եմ։
Իսկ թե չանեմ իմ ասածները, բարձրաձայն ասում եմ՝ երկու ձեռքս կտրեք, թե արագ կարգով այս երկիրը ոտքի չկանգնեցնեմ, ուրեմն ես հորս տղեն չեմ, էդքան բան, բարձրաձայնում եմ»,- ասաց Վարդան Ղուկասյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ