Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր դեսպանները Բաքվում և Երևանում հակասական հայտարարություններ են անում. ԽՍՀՄ փլուզումից 34 տարի է անցել, բայց Թեհրանը չունի հստակ քաղաքականություն Կովկասի նկատմամբ. իրանցի փորձագետ

Հուլիս 29,2025 15:51

«Արմենպրես». Իրան-Հայաստան բարեկամության ասոցիացիայի ղեկավար Մուհամմադ Ռեզա Դամավանդին բարձր է գնահատում Երևանի ու Թեհրանի միջև հարաբերությունների ներկա քաղաքական մակարդակը, սակայն, միաժամանակ, նկատում է, որ երկկողմ համագործակցության և կապերի մյուս ոլորտներն առավել խորացնելու և զարգացնելու անհրաժեշտություն կա։ Փորձագետը նաև Իրանի դիրքերը Կովկասում ամուր պահելու համար մեծ կարևորություն է տալիս Հայաստանի հետ հարաբերությունների խորացմանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է IRNA-ն, իրանցի փորձագետը նման տեսակետ է արտահայտել Թեհրանի համալսարանի և IRNA գործակալության՝ «Իրան-Հայաստան հարաբերություններ. անցում տարածաշրջանային և համաշխարհային նոր կարգի» խորագիրը կրող համատեղ հանդիպմանը։

Դամավանդին արձանագրել է` Հայաստանի ու Իրանի միջև հարաբերությունները պատմական և մշակութային են։

«Հայերը հազարավոր տարիներ ապրել են Իրանում։ Միայն մեր կրոնն է տարբեր, և մեր հարաբերությունների մակարդակը ոչ մի կերպ չի կարող համեմատվել մեր մշակութային և պատմական առնչությունների խորության հետ»,-ասել է փորձագետը։

Անդրադարձ կատարելով հայ-իրանական տնտեսական կապերին՝ փորձագետը նկատել է, որ Երևանի ու Թեհրանի միջև տնտեսական հարաբերություններն իսկապես ցածր են և նույնիսկ մեկ միլիարդ դոլարի չեն հասնում։

Նրա բնորոշմամբ՝ Կովկասն Իրանի արտաքին քաղաքականության վերջին տասնամյակների բացակայող օղակ է եղել․ «Մենք միշտ ուշադրություն էինք դարձնում այլ աշխարհագրական տարածքներին և անտարբեր էինք Կովկասի նկատմամբ։ Մեր արձագանքը Կովկասի նկատմամբ պասիվ էր։ Խորհրդային Միության փլուզումից անցել է 34 տարի, բայց մենք չունենք հավասարակշռված և հստակ քաղաքականություն այս տարածաշրջանի նկատմամբ։ Մեր դեսպանները Բաքվում և Երևանում հակասական հայտարարություններ են անում, և յուրաքանչյուր հայտարարություն հակասում է մյուսին»։

Մուհամմադ Ռեզա Դամավանդին իր խոսքում, հղում կատարելով Իրանի զինված ուժերի միացյալ շտաբի հանգուցյալ պետ Շահիդ Մոհամմադ Բաղերիի (խմբ․՝ զոհվել է Իսրայելի և Իրանի միջև 12-օրյա պատերազմի ժամանակ) «Կովկասի աշխարհաքաղաքական վերլուծություն. տարածաշրջանում ավելի լավ արտաքին քաղաքականության ձևավորման հիմք» գրքին, նկատել է, որ Բաղերին 1980-ական թվականներից ի վեր հասկացել էր Կովկասի կարևորությունը և իր թեզը նվիրել էր այս տարածաշրջանի ուսումնասիրությանը։

«Սակայն մենք դեռևս չենք հասկացել ոլորտի իրականությունը, և մեզ մոտ չի ձևավորվել այս տարածաշրջանին ուշադրություն դարձնելու կամքը։ Գեներալ-մայոր Բաղերին Հարավային Կովկասի մասին իր գրքում հստակ գրել է, որ մենք պետք է կառուցենք Հայաստանի ճանապարհները, որպեսզի Հարավային Կովկասում գերիշխող դիրք ունենանք, բայց, ցավոք, դա իրականացնելու կամք չկա»,-շեշտել է իրանցի փորձագետը։

Վերջինս նաև ընդգծել է Իրանի համար Հայաստանի կարևոր դերը Միացյալ Նահանգների կողմից սահմանված պատժամիջոցները հաղթահարելու հարցում։

«Պատժամիջոցների շրջանում Հայաստանը ցույց տվեց, թե որքան արդյունավետ կարող է լինել տարածաշրջանային և համաշխարհային շուկաներ մեր մուտքի հարցում»,-ասել է փորձագետը։

Խոսելով տնտեսական կապերի վերաբերյալ՝ Դամավանդին Իրանի և Հայաստանի միջև Արաքս գետի վրայով անցնող առաջին կամուրջը անբավարար է համարել Հյուսիս-հարավ միջանցքի իրականացման համար։

«Եթե Չաբահարը պետք է միացվի Սև ծովին Հյուսիս-հարավ միջանցքի շրջանակում, ապա մեզ անհրաժեշտ է երկրորդ կամուրջ, քանի որ միայն առկա կամուրջը չի կարող սպասարկել անցնող բեռնատարների մեծ ծավալը»,-շեշտել է նա։

Փորձագետը հանդիպման ժամանակ ուշադրություն է հրավիրել նաև այն հանգամանքի վրա, որ հայկական լոբբին մեծ դեր ունի աշխարհի տարբեր երկրների քաղաքական ասպարեզում՝ հավելելով, որ այն կարող է «արդյունավետ լինել երկրների քաղաքական մոտեցումն Իրանի նկատմամբ փոխելու գործում»։

Իրան-Հայաստան բարեկամության ասոցիացիայի ղեկավարը նաև կարծիք է հայտնել, որ վերջին տասնամյակներում Իրանի դերն անկում է ապրել հայկական շուկայում։

«Հայկական շուկան մի ժամանակ ամբողջությամբ մեր ձեռքում էր, բայց քանի որ մենք կարծում էինք, որ միշտ այսպես կլինի, մենք անտեսեցինք այն, և եթե այս անտեսումը շարունակվի, մենք կարող ենք կորցնել այն»,-ասել է Դամավանդին։

Վերջինս նաև խոսել է նաև Հայաստանի ու Իրանի համատեղ ֆիլմարտադրության մասին՝ նկատելով, որ դրա բացակայությունը խոսում է երկու երկրների միջև մշակութային և սոցիալական փոխանակումների ոլորտում անգործության մասին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031