Լրահոս
Աշնան երկինքը
Օրվա լրահոսը

Ի վերջո՝ պատրաստ եք արտապատվիրակե՞լ, թե՞ մերժել եք, իսկ գուցե չեք էլ քննարկե՞լ. Էդմոն Մարուքյան

Հուլիս 29,2025 16:35

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի տելեգրամյան գրառումը

Հուլիսի 16-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանի ճանապարհների արտապատվիրակմամբ հետաքրքրված է ոչ միայն ԱՄՆ-ն, այլև Եվրամիությունը։ Հավելել է՝ ներդրումային հետաքրքրություն է ցուցաբերում նաև Չինաստանը։ Վերադառնալով ամերիկյան առաջարկին՝ նկատել է՝ կարող է կիրառվել օտարերկրյա կազմակերպության կամ հայ-ամերիկյան համատեղ ձեռնարկության մոդել։

«Կարո՞ղ եմ ասել, որ մենք այս պահին համաձայնություն ունենք։ Չեմ կարող ասել։ Կարո՞ղ է լինել համաձայնություն։ Կարող է»,– նկատեց նա։

Եվ սա շատ հստակ ուղերձ էր միջազգային հանրության համար։

Սակայն օրեր անց՝ հուլիսի 24-ին, Ազգային ժողովի ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը Factor TV-ի տաղավարում պնդեց․ «ԱՄՆ-ն ունեցել է ճանապարհի վարձակալման առաջարկ, որը չենք ընդունել․ նկատել ենք ինքնիշխանության զիջման վտանգ»։ Արման Եղոյանի այս պնդումը տարածվում է ամբողջ միջազգային մամուլով, թե իբր Հայաստանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկը, մինչդեռ իրականում այդ առաջարկը շատ ավելի շուտ մերժվել էր Ադրբեջանի կողմից, բայց միջազգային մամուլում տիրաժավորվում է, որ հենց Հայաստանը մերժեց…

Դուք միամիտ եք, եթե կարծում եք, որ սրանով ավարտվում են իշխանությունների դիրքորոշումներն ու մոտեցումների տարբերությունները այդ հարցի վերաբերյալ՝ իրարամերժ, սխալ ուղերձների փոխանցումը մեր միջազգային գործընկերներին:

Երեկ՝ հուլիսի 28-ին, ԱԺ փոխնախագահ, ՔՊ կուսակցության վարչության անդամ Ռուբեն Ռուբինյանը նույն տաղավարում, նույն աթոռին նստած և պատասխանելով նույն հաղորդավարի հարցին՝ վստահեցրեց․

«Հայաստանը ոչ թե չի ընդունել ամերիկյան առաջարկը, այլ Հայաստանը երբևիցե չի քննարկել և չի քննարկելու որևէ առաջարկ, որը իր օրենսդրությամբ նախատեսված չէ»։

Մինչ այժմ անհասկանալի է, թե ինչ ուղերձով են ՀՀ իշխանությունները դիմում միջազգային հանրությանը։ Հայաստանի կողմից ընդունված որոշումները և ձեռնարկվող քայլերը մեր միջազգային գործընկերների շրջանում շարունակում են տարբեր կերպ մեկնաբանվել։

Մինչդեռ Հայաստանը բացարձակապես այս հարցի քննարկման սուբյեկտ չպետք է դառնար։ Ինչպես բազմիցս նշել եմ՝ եթե չկա Լեռնային Ղարաբաղը, ապա Հայաստանը չունի պարտավորություն որևէ արտոնյալ կարգավիճակով Ադրբեջանին ճանապարհ տրամադրելու առումով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031