Հիմնանորոգումից հետո «Տաշիր Արենայի» կողմից սեպտեմբեր ամսին կազմակերպվելիք տարվա գլխավոր ու բացառիկ պրեմիերային՝ Երեւանի կրկեսի թատերաշրջանի բացման խոշորոծավալ հանդիսությանը, մասնակցելու նպատակով Երեւան ժամանած աշխարհի տարբեր երկրների ավելի քան 150 մասնակիցներից իտալացի հանրաճանաչ ծաղրածու Օնոֆրիո Կոլուչչին «Զվարթնոց» օդանավակայանում կազմակերպած ճեպազրույցի ժամանակ ասաց, որ արդեն չորրորդ անգամ է լինում Հայաստանում եւ Երեւան ժամանել է աննկարագրելի տրամադրությամբ:
«Ինձ շատ է դուր գալիս Հայաստանը, ձեր երկիրը, հողը, ջուրը, որովհետեւ մենք բնախառնվածքով ինչ-որ չափով իրար նման ենք: Ես ծաղրածու եմ եւ քաջածանոթ եմ հայ ծաղրածուների բարձր պրոֆեսիոնալիզմին: Ես երկար տարիներ աշխատել ու սովորել եմ Սլավա Պոլունինի մոտ, որը Լեոնիդ Ենգիբարյանին պաշտում եւ համարում էր իր մեծությունը: Ծաղրածուի այն արվեստը, որը ես եմ առաջարկում, ավանդական ծաղրածուի արվեստը չէ, դա, կարելի է ասել, ավելի շատ թատերական վիճակ է»,-ասաց նա:
Կարդացեք նաև
Դիտարկմանը, որ Լեոնիդ Ենգիբարյանը ասում էր, որ հանդիսատեսը կրկեսից պետք է հեռանա ոչ միայն զվարճացած, այլ նաեւ սովորի մտածել, եւ փորձում էր օգնել ներկայացումից հետո հեռանալ մի փոքր ավելի լավ մարդ դարձած, Կոլուչչին ակնարկեց. «Ուրեմն, դուք շատ լավ հասկացաք, թե ես ինչ ծաղրածու եմ: Ծաղրածուական հնարքներ, ներկայացումներ կան, որ զվարճալի են, շատ ծիծաղեցնող են: Իսկ իսկական ծաղրածուի նպատակը պետք է լինի արթնացնել այն երեխային, որը յուրաքանչյուրիս մեջ ապրում է եւ աշխարհը տեսնել գլուխն ի վայր: Մենք Իտալիայում երբ նայում ենք Պիզայի աշտարակին, տեսնում ենք, որ ոչ թե աշտարակն է ծուռ, այլ աշխարհը:
Այսօրվա հանդիսատեսին ուրախացնելը, ծիծաղեցնելը հեշտ չէ: Եվ ինչպես քիչ առաջ ճիշտ նկատեցիք, պետք է ոչ թե զվարճացնել, այլ գտնել այն բանալին, որով կարելի է բացել հանդիսատեսի սիրտը: Ես եկել եմ հիշեցնելու հանդիսատեսին, իսկ հանդիսատեսը հաճախ մեռանում է, որ կա այնպիսի մի հատկություն, որը զարմանալն է»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ