Oրերս ՀԷՑ «ժամանակավոր կառավարչի գրասենյակը» հաղորդագրություն տարածեց ՀԷՑ-ի «աղետալի վիճակի» մասին: Բառացի. «ՀԷՑ ՓԲԸ-ի էլեկտրատնտեսությունն այս պահին գտնվում է տեխնիկապես բավականին վատթար վիճակում և ֆիզիկական մաշվածության մեջ, իսկ որոշ դեպքերում անգամ՝ հետագա շահագործման համար հիմնականում ոչ պիտանի վիճակում»:
Պարզ է, որ սա արվում է հենց Փաշինյանի քաղաքական քմահաճույքները բավարարելու, այսինքն՝ նախընտրական տրամադրությունների համատեքստում: Իշխանությունը վտանգ է տեսնում ի դեմս Սամվել Կարապետյանի, որ կարող է ընդդիմադիր դաշտի մերանի դեր կատարել: Ուստի, Փաշինյանին պետք է ՀԷՑ-ի պրոցեսն օգտագործել՝ Սամվել Կարապետյանին, «Տաշիր գրուպին» վարկաբեկելու համար, ցույց տալու համար, թե տեսեք՝ որքան վատ կառավարիչ են եղել, ոնց են «թալանել», ոնց են «ավիրել»:
Այստեղ հետաքրքիր է, որ այդ հայտարարությունը տարածվել է ժամանակավոր կառավարիչ նշանակելուց ընդամենը 2 օր անց: Հարց է ծագում՝ երկու օրվա մեջ այդ ի՞նչը ու ինչպե՞ս հասցրեցին ուսումնասիրել, վիճակը պարզել ու ամփոփել, «էլեկտրատնտեսության» ո՞ր մասին ծանոթացան, որ մի հատ էլ նման՝ «արցունք քամող» հայտարարություն են տարածում:
Այսինքն, ակնհայտ է, որ իշխանության կողմից ի սկզբանե խնդիր է դրված սևացնել, հակաքարոզչություն իրականացնել Սամվել Կարապետյանի ու «Տաշիր գրուպի» դեմ: Դրա համար էլ այս ամբողջ «բոլոլան» սարքեցին, ու սպասելի է, որ առաջիկայում «ահասարսուռ» այլ «բացահայտումներ» կանեն, որոնց գերակշիռ մեծամասնությունը կա՛մ համարյա թե իրականության հետ որևէ աղերս չի ունենա, կա՛մ պարզապես հնարածին, կեղծ տեղեկություն կլինի, ինչը բնորոշ է այս իշխանությանը:
Կարդացեք նաև
Մյուս կողմից՝ «արագի մեջ» իրականացվում է կադրային կոտորած. աշխատանքից հեռացվում են փորձառու կադրերը, նշանակվում են քպականներ, որոնք ոչ մի կապ չունեն համակարգի հետ: Դե, ինչպես բոլոր դեպքերում. փողոցից պատահական մեկին դնում են պաշտոնի, կարևորը՝ քպական կամ «նիկոլական» լինի: Թե ինչ կլինի տվյալ ոլորտի հետ, Նիկոլ Փաշինյանը թքած ունի: Ինչպես և երկրի ու ժողովրդի վրա: Սա ևս խոսում է քաղաքական, նախընտրական տրամադրությունների մասին. մի կողմից՝ քպականներին գործով են ապահովում՝ «Տաշիրի» հաշվին, մյուս կողմից՝ ղեկավար պաշտոններում «սվոյների» դնելով՝ հույս ունեն ընտրություններում արդյունք ապահովել:
Մի խոսքով, ամեն օր ամեն քայլով իշխանություններն ապացուցում են (արդեն չեն էլ թաքցնում), որ գործ ունենք բացառապես քաղաքական գործընթացի հետ. որը տեղավորվում է առաջիկա ընտրությունների «տրամադրությունների» մեջ, բայց չի տեղավորվում օրենքի և օրինականության դաշտում…
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում