Լրահոս
Օրվա լրահոսը

Միգուցե ՀՀ իշխանությունները վախենո՞ւմ են, որ նաև իրենց պատասխանատվության հարցը կարող է բարձրանալ, քանի որ պայմաններ են ստեղծել Արցախի հայաթափման համար. «Փաստ»

Հուլիս 31,2025 10:53

Արդեն տևական ժամանակ է, ինչ ադրբեջանական քարոզչությունը փորձում է այնպիսի տպավորություն ստեղծել, թե իբր իրենք պատրաստ էին «ընդունել» հայերին, բայց նրանք թողեցին ու հեռացան, և դա Արցախի հայերի որոշումն էր։ Այսպիսի քարոզչական շեշտադրումներով Ադրբեջանը փորձում է ապակողմնորոշել միջազգային հանրությանը, քանի որ ժամանակի ընթացքում ադրբեջանական կողմի իրագործած պատերազմական հանցագործությունների թեման կարող է դառնալ օրակարգային։

Բայց ամենազարմանալին այն է, որ ադրբեջանական կողմի կեղծ թեզերը զուգահեռվում են ՀՀ իշխանությունների կողմից տարածվող պնդումներով, որոնք, կարծես թե, արդարացնում են Ադրբեջանի գործողությունները։ Հենց դրա շրջանակներում են քպականների և մերձիշխանական սատելիտների կողմից արցախցիներին ուղղված այն մեղադրանքները, թե՝ «մնայիք, կռվեիք», «մնայիք, հողը պահեիք», «թողեցիք, դուրս եկաք», «բանակցեիք Ադրբեջանի հետ», «հանձնեցիք, լուծարեցիք» և այլն, և այլն։ Ըստ էության ՀՀ իշխանությունները դիտավորյալ անտեսում են ճշմարտությունը, նաև պատմական, քաղաքական և մարդասիրական համատեքստը, որը հանգեցրել է Արցախի հայաթափմանը։ Թերևս դա պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ իշխանությունները միջազգային մակարդակով քարտ բլանշ են տվել Ադրբեջանին՝ Արցախի դեմ ագրեսիա սկսելու համար։

Նախ՝ Արցախի հայ բնակչության բռնի տեղահանումը տեղի չէր ունենա, եթե 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում կայացած քառակողմ հանդիպման արդյունքում Նիկոլ Փաշինյանը Արցախը չճանաչեր Ադրբեջանի կազմում։ Սա աննախադեպ երևույթ էր, որը ունեցավ ծանրագույն հետևանքներ ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի համար: Այս հայտարարությունը, որը փաստացի հակասում էր Արցախի հայ բնակչության ինքնորոշման իրավունքին և դրա շուրջ տասնամյակների պայքարին, դարձավ Արցախի հետագա հայաթափման քաղաքական հիմքը։ Այն ոչ միայն թուլացրեց Հայաստանի դիրքերը միջազգային բանակցություններում, այլև ազդանշան դարձավ Ադրբեջանի համար՝ խստացնելու ճնշումները Արցախի հայ բնակչության նկատմամբ՝ «դե, որ իմ տարածքն է, ինչ ուզում՝ անում եմ» սկզբունքով։

Փաշինյանի ղեկավարած իշխանությունը սկսեց մեղադրել հայաստանյան ընդդիմությանը և, այսպես կոչված, «դավադիր ուժերին»՝ Արցախի հայ բնակչությանը տեղահանման կոչեր անելու մեջ։ Այս նարատիվը, որը զուրկ է փաստական հիմնավորումներից, ծառայում էր երկու նպատակի. նախ՝ արդարացնել Արցախի հանձնումը և խուսափել պատասխանատվությունից, և երկրորդ՝ շեղել հանրության ուշադրությունը կառավարության անգործությունից և Ադրբեջանի հետ բանակցություններում զիջողական կեցվածքից։ Հայաստանի իշխանությունների կողմից նման նարատիվների տարածումը ինչ-որ առումով կարելի է դիտարկել որպես Ադրբեջանի հետ համագործակցության դրսևորում։ Պատահական չէ, որ Փաշինյանի կառավարությունը, Պրահայի հայտարարությունից սկսած, հետևողականորեն ընդառաջ գնաց Ադրբեջանի պահանջներին՝ անտեսելով Արցախի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը։ Իսկ այս մոտեցումը հանգեցրեց նրան, որ Հայաստանի իշխանությունները ոչ միայն չդիմակայեցին Ադրբեջանի ագրեսիային, այլև, փաստորեն, նպաստեցին Արցախի հայաթափմանը։

Այս համատեքստում Հայաստանի կառավարության կողմից ընդդիմությանը մեղադրելը, թե նրանք են կոչ արել Արցախի հայերին լքել իրենց տները, ոչ միայն կեղծ է, այլև ծառայում է Ադրբեջանի շահերին։ Այս մոտեցումը ցույց է տալիս, որ Հայաստանի իշխանությունները, ներքին քաղաքական օրակարգով առաջնորդվելով, պատրաստ են զիջումներ կատարել ոչ միայն Արցախի, այլև ազգային շահերի հաշվին։ Այլապես ինչպե՞ս կարելի է հասկանալ միջազգային դատական ատյաններում դատական հայցերից հրաժարվելու պատրաստակամությունն այն դեպքում, երբ ադրբեջանական կողմից միջազգային հանցագործություններն ուղղակի աչք են ծակում։ Միգուցե ՀՀ իշխանությունները վախենո՞ւմ են, որ նաև իրենց պատասխանատվության հարցը կարող է բարձրանալ, քանի որ պայմաններ են ստեղծել Արցախի հայաթափման համար…

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031