«Եվրասիա» ինքնավար շահույթ չհետապնդող կազմակերպությունը եւ «Ռուսական հումանիտար առաքելություն» ինքնավար շահույթ չհետապնդող կազմակերպությունը՝ «Ռուսաստանը ձեզ հետ է» նախագծի շրջանակներում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի հովանու ներքո պատրաստում են մարդասիրական օգնության նոր խմբաքանակ Արցախից բռնի տեղահանված անձանց համար, որոնք գտնվում են Հայաստանում: Առաջին փուլը կիրականացվի օգոստոսին։
ՀՀ-ում «Ռուսական հումանիտար առաքելություն» կազմակերպության ներկայացուցչության ղեկավար Արսենի Պրոնինը Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնի միջոցով կազմակերպված հեռուստակամուրջի ժամանակ նշեց, որ նախատեսված է 140 տոննա մարդասիրական օգնություն տրամադրել Արցախից բռնի տեղահանվածներին: Օգնությունը ներառում է սնունդ, անձնական հիգիենայի պարագաներ եւ առաջին անհրաժեշտության ապրանքներ:
Պրոնինն ընդգծեց, որ իրենց ուշադրության կենտրոնում են հատկապես բազմազավակ ընտանիքները, այն ընտանիքները, որոնք կորցրել են կերակրողին, միայնակ ապրողներն ու հաշմանդամություն ունեցողները: Նա նշեց, որ օգնության տրամադրումը կսկսեն Մասիս համայնքից:
«Այդ մարդկանց թիվը մոտավորապես 30000 է: Մեզ համար կարեւոր է լինել այդ մարդկանց կողքին, ուրախ ենք, որ մեր տրամադրած օգնությունն ընդունում են»,- նշեց ՌԴ Պետդումայի պատգամավոր, «Եվրասիայի» խորհրդի նախագահ Ալյոնա Արշինովան:
Հայաստանում «Եվրասիայի» կամավորականներից Արամ Ղուկասյանի խոսքով, այս պահին Արցախից բռնի տեղահանված ավելի քան 100 հազար մարդ է ապրում Հայաստանում: Նա նշեց, որ կազմակերպչական աշխատանքներին աջակցում են բազմաթիվ կամավորներ՝ այդ թվում արցախցի երիտասարդներ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ