Հարգելի հասարակություն,
գործընկերներ, ընկերներ և բոլոր նրանք, ովքեր կարդում են այս տողերը։
Ես գրում եմ այս նամակը ոչ թե որպես երկարամյա փորձ ունեցող բժիշկ։ Ոչ թե որպես մասնագետ, ով ամեն օր փրկում է կյանքեր և հավատում է հումանիզմի ուժին։ Ես գրում եմ այս նամակը որպես՝ քույր։
Իոսիֆ Աղաջանյանի քույրը։ Երիտասարդ, ով ընդամենը 19 տարեկան էր։ Ում դաժանաբար սպանեցին՝ մեկ ակնթարթում զրկելով մեզ նրան տեսնելու, զգալու, նրա հետ ուրախանալու և միասին գեղեցիկ, լիարժեք ընտանեկան կյանք ապրելու իրավունքից։ Ինչպես եղել էր միշտ… մինչև այն ճակատագրական օրը։
Կարդացեք նաև
Իմ եղբայրը բարի էր, անկեղծ, լուսավոր, ֆիզիկապես ուժեղ։ Երազում էր բուժել մարդկանց, ցանկանում էր ատամնաբույժ դառնալ։ Սովորում էր, ապագայի ծրագրեր ուներ, ապրում էր բաց սրտով ու այն բարությամբ, որն այսօր հազվադեպ է հանդիպում։
Նրա կյանքը կտրուկ ու դաժան կերպով ընդհատվեց։ Սառնասրտորեն ու կատաղությամբ նրանից խլեցին ԱՄԵՆ ԻՆՉ՝ ապրելու իրավունքը, սիրելու իրավունքը, ընտանիք ունենալու իրավունքը, հայր դառնալու իրավունքը։ Իրավունքը՝ լինել հարազատների ու սիրելիների կողքին։ Իսկ մեզանից խլեցին կյանքի իմաստը և հանգստությունը։
Սպանության կազմակերպիչ՝ Մհեր Ենոքյանը դատապարտվել էր մահապատժի։ Ավելի ուշ՝ օրենսդրական փոփոխությունների արդյունքում, պատիժը փոխարինվեց ցմահ ազատազրկմամբ։ Տարիներ շարունակ մենք հավատում էինք, որ արդարությունը վերջապես հաղթել է։ Որ հասարակությունը և օրենքը պաշտպանում են մեզ այն մարդկանցից, ովքեր ունակ են նման դաժանությունների։
Բայց հիմա՝ այս բոլոր տարիների դատավարություններից հետո, որոնք ամեն անգամ լուռ փշրում էին մեր սրտերը, այդ մարդը ազատ է արձակվել։
Այո, իմ եղբոր մարդասպանը այսօր ազատության մեջ է։
Ապրում է։ Շնչում է։ Ուրախանում է կյանքով։ Ստեղծում է ընտանիք։ Կրթություն է ստանում։
Նրա առաջ բացված է «նոր էջի», «երկրորդ հնարավորության» դուռը։
Իսկ իմ եղբայրը երբեք չի ունենա երկրորդ հնարավորությունը։ Չի տեսնի նոր արևածագեր։ Չի ունենա ընտանիք, մասնագիտություն, կյանք… Նրան սպանեցին։ Եվ ոչ ոք, երբեք չի կարող վերադարձնել նրան։
Ես հարց եմ տալիս՝ որպես բժիշկ, որպես քաղաքացի, որպես մարդ.
Արդյո՞ք սա արդար է։
Արդյո՞ք դաժան, նախապես մտածված սպանություն կատարած մարդը, ով նաև երկու անգամ փախել է բանտից, կարող է համարվել անվնաս հասարակության համար։
Արդյո՞ք կարելի է միամտորեն հավատալ, որ նման խաթարված հոգեկան աշխարհ ունեցող անձը վտանգ չի ներկայացնում ուրիշների համար։
Ի՞նչ կլինի մեր երկրի հետ, եթե նման մարդկանց սկսեն ազատ արձակել՝ «նոր կյանքի իրավունք» ձևակերպմամբ։
Այսօր այդ անձը քայլում է փողոցներով։ Հնարավոր է՝ ձեր կողքով։ Հնարավոր է՝ ձեր երեխաների կողքով։
Ես դիմում եմ ոչ միայն իմ ընտանիքի անունից։ Այս պահին խոսում եմ բոլոր այն մարդկանց անունից, ովքեր երբևէ կորցրել են հարազատին մարդասպանների պատճառով։ Կան հանցագործություններ, որոնք մոռանալ չի կարելի։ Կան արարքներ, որոնք ներվել չեն կարող։ Կա չարիք, որը պետք է ընդմիշտ մեկուսացվի հասարակությունից։ Ոչ թե վրեժխնդրության, այլ՝ ապագայի հանդեպ պատասխանատվության հիմքով։
Եթե այսօր հասարակությունը լռում է — վաղը վտանգը կարող է թակել յուրաքանչյուրի դուռը։
Ցավով՝
Ելենա Միխայլովնա Աղաջանովա
բժիշկ, քաղաքացի և հավերժ՝ սպանված Իոսիֆի քույրը։