Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն համայնքի մի շարք վրդովված բնակիչներ՝ մանկահասակ երեխաների հետ միասին, հավաքվել էին Երեւանի քաղաքապետարանի մոտ՝ բողոքի ակցիայի: Նրանք արդեն գրեթե երեսուն տարի բնակվում են քաղաքապետարանի կողմից իրենց որպես բնակության վայր հատկացված հանրակացարանում, որի պայմանները, մեղմ ասած, անտանելի են:
Բնակիչները բողոքում էին իրենց բնակտարածքի անխնամ վիճակից՝ օձեր, կարիճներ բնակարաններում, ջրի բացակայություն, աղբ եւ անխնամ վիճակ: Երեւանի ադմինիստրացիայից նրանց պարբերաբար խոստանում են բարելավում, սակայն առայժմ՝ անօգուտ: Շենքը 4-րդ կարգի վթարային է, սակայն որեւէ բարելավում չի իրականացվում:
«Նստում ենք տունը, կռիսները մտնում-դուրս են գալիս, կարծես տենց էլ պետք է լինի: Օձերին արդեն տեսակներով ճանաչում ենք՝ իժ, գյուրզա, շախմատ…»,- պատմում էր բնակիչներից մեկը:
Կարդացեք նաև
Մյուսը դժգոհում էր, որ ձմռան ամիսներին այնպիսի անտանելի ցուրտ է լինում, որ երեխաները չեն կարողանում դաս սովորել, միայնակ տարեցները վերակենդանացման բաժին են ընկնում, իսկ քաղաքապետարանը, չնայած խոստումներին, վառելափայտ չի տրամադրում:
Բնակիչներին արդեն հոգնեցրել են սին խոստումները, եւ նրանք պահանջում էին հանդիպում քաղաքային իշխանությունների հետ: Քաղաքացիների հետ զրուցեց միայն ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունից Մանուկ Սուքիասյանը, որը կարծիք հայտնեց, որ այս իշխանությունների պարագայում վիճակը բոլորովին զարմանալի չի, այլ՝ օրինաչափ է: Նա հույս հայտնեց, որ բնակիչները սառը ցնցուղ կմատուցեն քաղաքային իշխանություններին: