Լրահոս
Օրվա լրահոսը

Խաղաղության պայմանագիր՝ առանց խաղաղության

Օգոստոս 05,2025 10:00

Երեկ ադրբեջանական աղբյուրները հայտնեցին, որ Ալիեւն ու Փաշինյանը կհանդիպեն Միացյալ Նահանգներում եւ կստորագրեն խաղաղության պայմանագիրը (համաձայնագիրը): Մեր պաշտոնյաներն այդ մասին առայժն լռում են: Կա երեք տարբերակ՝ ա/ դա ֆեյք լուր է, բ/ կհանդիպեն, բայց ոչինչ չեն ստորագրի կամ (որը նույնն է) ինչ-որ բան «կնախաստորագրեն», գ/ կհանդիպեն ու կստորագրեն:
Երկրորդ տարբերակն ինձ այս պահին առավել հավանական է թվում: Այս եւ երրորդ տարբերակի դեպքում խոսակցություններ շատ կլինեն: Նախ՝ Թրամփը, որը չկարողացավ հասնել իր խոստացած խաղաղությանը Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ, որոշ չափով կփոխհատուցի իր այդ ակնհայտ տապալումը հայ-ադրբեջանական «կիսահաջողությամբ»:

Հայաստանում պաշտոնական, նիկոլական, ՔՊ-ական եւ «արեւմտամետ» քարոզչությունը ծնծղաներ կզարկի՝ «խաղաղության ռազմավարության փայլուն հաղթանակ», «դիվանագիտական աննախադեպ հաջողություն», «շառաչուն ապտակ Կրեմլին»: Ընդդիմությունը կասի՝ «դավաճան», «հողատու», «ծախեցիր»: ԵՄ-ն ջերմորեն կողջունի: Ռուսաստանը կիսաքաղցր գնահատական կտա՝ թե «իհարկե, նրանց գործն է, բայց այսուհետ ինչ պատահի՝ ԱՄՆ-ն է պատասխանատու»:

Մի խոսքով, տեղեկատվական աղմուկը, որն այս իշխանության Ալֆան եւ Օմեգան է, կլինի շատ մեծ: Գործնականում ստորագրումը կամ առավել եւս՝ նախաստորագրումը, ոչինչ էապես չի փոխի: Ադրբեջանը կշարունակի օգտվել իր ագրեսիայի եւ էթնիկ զտման պտուղներից, գերիները կշարունակեն խոշտանգվել Բաքվում (ի՞նչ խաղաղություն, եթե կան գերիներ), Հայաստանի ինքնիշխան տարածքը կմնա օկուպացված: Ադրբեջանը չի հրաժարվի իր պահանջներից՝ «Զանգեզուրի միջանցք», անկլավներ, սահմանադրության փոփոխություններ, «վերադարձ Արեւմտյան Ադրբեջան», ռեպարացիաներ եւ այլն:

Դա չի նշանակում, որ մոտակա շաբաթներին կամ գուցե ամիսներին պատերազմ է սկսվելու: Քանի Փաշինյանը ոչ մի հարցում չի ասում «ոչ», պատերազմ կարող է եւ չսկսվել: Բայց պայթյունավտանգ վիճակն, անշուշտ, կպահպանվի: Եվ ոչ մի համաշխարհային առաջնորդ այսօր չի կարող խաղաղություն երաշխավորել:

…Խաղաղության պայմանագիրը նույնչափ գործնական քաղաքական արժեք ունի, որքան Ջենիֆեր Լոպեսի համերգը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Քաղաքականապես հետամնաց ժողովուրդների համար բռնատիրությունը, ռազմական թե տնտեսական խունտաները միանգամայն արդյունավետ պետական համակարգեր են ասենք, սահմանակից քոչվորների պետական համակարգը, իսկ քաղաքականապես զարգացած ժողովուրդների համար, ասենք, շվեյցարիացիների համար առավել արդյունավետ է ժողովրդավարական համակարգը: Մենք միջանկյալ տեղ ենք զբաղեցնում, մերը ներկա նախկին ավտորիտար պետական համակարգն է եւ այս միաջանկյալ վիճակը երկար չի տեւի, կամ պետք է ներկա նախկին խաղացնելով դեգրադացվենք ու դառնանք բռնատիրություն, կամ էլ մեր քաղաքականապես հետամնաց ընտրողներին դաստիարակենք որպես շվեյցարիացի, որը մեր ազգի մեծամասնությանը շատ ավելի հոգեհարազատ է եւ դառնանք մինչեւ ատամները զինված ժողովրդավարական պետություն: Չնայած, եթե մենք մեր հայ մտավորականներին հարգեինք ու լսեինք ու ընտրեինք ընտրություններում, մեր հայ ժողովրդավարությունը ոչ մի թիզ չի զիջում մյուս քաղաքակիրթ ազգերի ժողովրդավարությանը: Հարգենք ու լսենք մեր մտավորականներին:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031