«Մարգարետ Թետչերին մի անգամ հարցնում են՝ ի՞նչ է նշանակում լինել հզոր, ուժեղ։ Նա պատասխանում է՝ հզոր լինելը նման է լեդի լինելուն։ Եթե դու պարբերաբեր հիշեցնում ես, որ լեդի ես, ուրեմն այլեւս լեդի չես»,- այսօր, 777 օրյա կալանքից հետո կայացած առաջին մամուլի ասուլիսում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ հակադարձելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ օրերս հնչեցրած տեսակետներին։
Արմեն Աշոտյանը նորմալ է համարում, որ տարբեր քաղաքական ուժերի միջեւ կարող են լինել տարաձայնություններ, նորմալ չի համարում, որ դրանք դառնում են առաջնային, մինչդեռ օրակարգի առաջնային հորիզոնականը պետք է զբաղեցներ ազգային եւ պետական շահերից բխող օրակարգը․ «Տեսնում եմ որոշակի տերմինների մանիպուլյացիա. ես եւ իմ ընկերները երբեք չենք խոսել այն մասին, որ ընտրություններին պետք է գնանք միասին։ Այսինքն՝ տարանջատվում ենք, որ առանձին գնանք ընտրությունների, ինքնին մանիպուլյատիվ է, քանի որ երբեք ոչ մի ՀՀԿ-ական չի աասել, թե պետք է միասնական դաշինքով գնալ ընտրությունների»։
Ըստ բանախոսի՝ երկրում այնքան շատ են խնդիրները, որ պետք չէ սինթեզել եւ արհեստական խնդիրներ հորինել․ «Եթե իրոք գործընթացները գնային այն ուղղությամբ, որ Հայաստանում քաղաքական հնարավոր զարգացումների համար տրիգեր կարող է լինել ոչ թե իմպիչմենթը, այլ ընտրությունները, այս պարագայում պետք է այնպես դիրքավորվել, որ հետո երեսատեղ ունենալ իրար հետ աշխատելու»։
Ամեն դեպքում՝ Արմեն Աշոտյանը շնորհակալ է բոլորից, այդ թվում նաեւ՝ երկրորդ նախագահի քաղաքական թիմին՝ մինչեւ փետրվար ամիսն իր նկատմամբ դրսեւորած սրտացավության համար․ «Ոմանք շարունակել են այդ սրտացավությունը դրսեւորել անկախ այն բանից, որ դաշտում սերմանվել է «տարանջատում» օպերացիան։ Մենք ոչ մեկից տարանջատվելու ոչ խնդիր ունենք, ոչ նպատակ, որովհետեւ ոչ մեկի հետ երբեւէ այդքան մերձեցած չենք եղել, որ բաժանվենք, ոչ մեկի հետ ամուսնացած չենք եղել, որ ամուսնալուծվենք։ ՀՀԿ-ն ոչ մեկի ամուսինը չէ, լավ ընկեր է քաղաքական դաշտում»։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում.
Նա իր զորակցությունը հայտնեց կալանքի տակ գտնվող քաղբանտարկյալներին։ Իր նկատմամբ էլ առկա սահմանափակումներից ամենաշատը դժգոհ է նրանից, որ արգելված է իր ելքը ՀՀ-ից, ինչը խոչընդոտում է իր գործունեությանը եւ ՀՀԿ-ի գործունեությանը միջազգային հարթակներում։ Հիշեցնենք, այդ արգելքը 2022-ից է։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութն՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ