«Ես կարծում եմ՝ իրեն թղթի կտոր էլ պետք չի, որ բերի ԱՄՆ-ից, որովհետեւ սրանք արդեն հաջողել են Հայաստանը վերացնել: ՔՊ-ականների փրկությունը հիմա Հայաստանը վերացնելու մեջ է: Ինչ վերաբերվում է Սյունիքին, դա արդեն տարածք տալ է նշանակում, ոչ թե ինչ-որ ճանապարհ: Բաքվի բռնապետն ասում է՝ հայի դեմք չպետք է տեսնեմ: Իր երկրին պարտություն բերած Նիկոլի հետ Ամերիկայում խոսելու են հենց այդ լեզվով»,- «Հայելի» ակումբում ասաց բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը՝ անդրադառնալով Փաշինյանի ամերիկյան այցին:
«Մոլորակի սուտ տիրակալները դեմոկրատական արժեքներ ասելով՝ գալիս եւ բռնապետերի կողքին են կանգնում, մենք հասկացել ենք, որ այդ ամենը կեղծ է, սուտ է, նրանց շահն է հետաքրքրում, նյութական շահը, որովհետեւ եթե մարդկության շահը հետաքրքրեր, վաղուց ցեղասպանների ձեռքը կբռնեին, որը բացահայտ գնդակահարում է երեխաներին, մայրերին, բոլորին: Այն, որ այսօր բռնապետը հոխորտում է, պատճառն այն է, որ պարտության սիմվոլները վերաշնչավորվել են»,-ասում է Խաչիկ Մանուկյանը:
Նա ընդգծում է. «Երկիրը ոգեղեն ստեղծագործություն է, պատահական չէ, որ ոգեղեն տարածքների վրա շարունակական հարձակումներ են լինում: Ցավոք, այսօր սրբազաններին տարել փակել են, սակայն շարունակվում է բնականոն ընթացքը մարդկանց կյանքի, բանտարկել են սրբազաններին, որոնք օր ու գիշեր աղոթել են, նաեւ գործով են իրենց նվիրումն ապացուցել, իսկ մենք մեր պահվածքով թույլ ենք տվել այդ սրբազաններին մեկուսացնել: Եվ բոլոր նրանք, ովքեր միտվում են այն խարդավանքը, զրպարտանքը պաշտպանելուն, որ իբր Բագրատ Սրբազանն ահաբեկիչ է, ինձ համար մեծ ու փոքրով սրիկաներ են»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ