Լրահոս
Օրվա լրահոսը

«Ղարաբաղյան կլանի» թեմայով ուղեղ լվանալու թունավոր պտուղները

Օգոստոս 07,2025 10:00

Եթե կան գերիներ, եթե կան պատանդներ, երկու երկրների միջեւ չի կարող խաղաղություն լինել: Այդպիսի միտք եմ ես հայտնել իմ նախորդ խմբագրականում, ինչպես նաեւ կարճ տեսագրության («ռիլ»-ի) մեջ: Այդ միտքը բացարձակապես օրիգինալ չի. բոլոր տեսակի քաղաքական, իրավական եւ բարոյական նորմերով, այլ պետության քաղաքացիներին գերի պահելը շարունակվող պատերազմի աներկբա վկայություններից մեկն է: Իմ այդ պնդումը թիկթոքյան մի օգտատեր մեկնաբանել է այսպես. «բաքվի բանտում պահելը ճիշտ ա անում [Ալիեւը], ղարաբաղի կլանը պիտի փտի բանտում»:

Ես չեմ կարծում, որ դա ինչ-որ մարգինալ տեսակետ է, որը պատահաբար հայտնվել է համացանցում: Վստահ եմ, որ այդպես են մտածում տասնյակ (գուցե նույնիսկ՝ հարյուր) հազարավոր մարդիկ, որոնք կազմում են փաշինյանական ընտրազանգվածի կորիզը: Ուրիշ հարց, որ այդպես մտածելով, ոչ բոլորն են այդքան կտրուկ արտահայտվում:

Պարզ է, որ դա տասնամյակներ շարունակ մարդկանց ուղեղը լվանալու արդյունք է, երբ կոռուպցիայով զբաղվում էին ու շարունակում են զբաղվել Հայաստանի տարբեր շրջանների ներկայացուցիչները, բայց ատելությունն ուղղորդվում էր հե՛նց արցախցիների դեմ: Եվ ահա մենք հասել ենք այն ողբերգական վիճակին, երբ մարդկանց լեզուն պտտվում է  ասել, թե թշնամի պետության ղեկավարը, որը փաստացի ցեղասպանություն է իրականացրել հայերի նկատմամբ, ճիշտ է վարվում, որ իր բանտերում խոշտանգում է մեր հայրենակիցներին: Եթե այդպես  է, ապա փաշինյանական զանգվածի տրամաբանությամբ, երիցս ճիշտ է իրենց առաջնորդը կամ կուռքը, երբ ոչ մի քայլ չի ձեռնարկում պատանդներին ազատելու համար:

Իշխանություններն, այո, գալու են եւ գնալու, բայց երբ հասարակության մի զգալի մաս կորցնում է մարդկային դեմքը, երբ մարդիկ հեռացել են այն պարզ, կասեի՝ ժողովրդական ճշմարտությանից, որ խիստ նեղության մեջ գտնվող մարդուն չի կարելի փնովել, այդ հիվանդությունն իշխանափոխությամբ չի բուժվի:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031