Լրահոս
Օրվա լրահոսը

«Հակամարտությունից դեպի առևտուր. «Թրամփի ուղին» Հայաստանը և Ադրբեջանը կկապի խաղաղության համաձայնագրով»

Օգոստոս 07,2025 16:52

«Ուրբաթ օրը՝ օգոստոսի 8-ին, կնքվելիք խաղաղության համաձայնագիրը Կովկասը «խաղաղության անդառնալի ուղու վրա» դնելու և տասնամյակներ տևած հակամարտությանը վերջ տալու նպատակ ունի, սակայն մի շարք հիմնարար հարցեր կան, որոնք դեռևս լուծված չեն», – Kyiv Post-ին ասել են ԱՄՆ պաշտոնյաները։

«Տասնամյակներ տևած հակամարտությանը վերջ դնելու նպատակով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ օրը Սպիտակ տանը կհյուրընկալի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին։ Այս հանդիպումը, որն ամիսներ տևած ինտենսիվ և կուլիսային բանակցությունների արդյունք է, կարող է հիմնովին փոխել Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական պատկերը և ամրագրել ԱՄՆ-ի դերը որպես առանցքային խաղացողի՝ մի տարածաշրջանում, որն ավանդաբար վերահսկվել է Ռուսաստանի և Իրանի կողմից», – իր հոդվածում նշում է Վաշինգտոնում «Kiev Post»-ի գլխավոր թղթակից Ալեքս Ռաուֆօղլուն։

TRIPP – «Թրամփի ուղին միջազգային խաղաղության և բարգավաճման համար»

Հոդվածում նշվում է. «Համաձայնագրի առանցքը «Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի ուղի» անվանումով առևտրային և ենթակառուցվածքային նոր նախագիծն է, կրճատ՝ TRIPP։ Այս նորարարական նախաձեռնության նպատակն է լուծել երկու երկրների միջև ամենավիճահարույց հարցը՝ կապը։

TRIPP-ը տարանցիկ ճանապարհ կստեղծի Հայաստանի հարավով՝ Ադրբեջանի համար անկաշկանդ մուտք ապահովելով դեպի Նախիջևան»։

ԱՄՆ պաշտոնյաները, պայմանով, որ իրենց անունները գաղտնի կմնան, Kyiv Post-ին հայտնել են, թե ճանապարհը չի խախտի Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և իրավազորությունը։

«TRIPP-ը ռազմական կամ պաշտպանական ծրագիր չէ։ ԱՄՆ-ն «մշտական անվտանգության երաշխիք» չի տրամադրի և չի տեղակայի զորքեր։ Ամերիկյան մասնակցությունը կլինի բացառապես առևտրային, իսկ ճանապարհի անվտանգ աշխատանքն ապահովելու համար պայմանագրեր կկնքվեն առաջատար օպերատորների հետ», – շեշտվում է հոդվածում։

Գաղտնի բանակցություններ

«Սա նշանակալիորեն տարբերվում է նախորդ՝ մեծ մասամբ ձախողված, միջնորդական ջանքերից։ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների խոսքով՝ ամեն ինչ սկսվեց այն պահից, երբ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը փետրվարի վերջին Բաքու այցելեց և «իմաստալից կապ» հաստատեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Դրանից հետո տարածաշրջան ԱՄՆ ներկայացուցիչների ևս 5 այց կայացավ։ Հայ և ադրբեջանցի ղեկավարները երկուստեք վստահություն էին հայտնել, որ «պահը եկել է, առաջնորդը՝ ևս»։

ԱՄՆ պաշտոնյաները նշել են, որ ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը՝ Ռուսաստանի ու Իրանի զբաղված լինելը այլ խնդիրներով, դեպի խաղաղություն քայլ անելու յուրահատուկ հնարավորություն է ստեղծել երկու երկրների համար», – հայտնում է Kyiv Post-ի թղթակիցը։

Համատեղ հռչակագիր

«Oգոստոսի 8-ին Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահ Թրամփի ներկայությամբ մի շարք կարևոր փաստաթղթեր կստորագրեն Սպիտակ տանը.

  • Համատեղ հռչակագիր․ սա կհաստատի «խաղաղության կոնկրետ ուղին» և հարաբերությունների լիարժեք նորմալացման տեսլականը։
  • Խաղաղության համաձայնագրի նախաստորագրում․ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կսկսեն նախաստորագրել երկկողմ համաձայնագիրը, որի շուրջ ամիսներ շարունակ բանակցություններ են ընթացել։
  • Համատեղ նամակ՝ Մինսկի խմբից դուրս գալու մասին․ երկու պետությունները պաշտոնապես դուրս կգան ԵԱՀԿ Մինսկի խմբից, որն արդեն համարվում է անարդյունավետ հարթակ։
  • Նոր երկկողմ փոխըմբռնման հուշագրեր (MOU)․ ԱՄՆ-ն առանձին հուշագրեր կստորագրի Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ վերսկսելով երկկողմ հարաբերությունները։

TRIPP-ի աշխատանքային խմբերը քննարկումները սկսելու են հանդիպումից մեկ շաբաթ անց։ Թրամփը աշխատանքներն ավարտելու վերջնաժամկետ է սահմանել:

Համաձայնագրերը նախատեսված են 50 տարուց ավելի ժամկետով, թեև որոշ մանրամասներ դեռ քննարկման փուլում են», – նշվում է հոդվածում։

Չլուծված հարցեր

«Չնայած առաջընթացին՝ երկու լուրջ խոչընդոտ է մնացել․

  • Ադրբեջանում պահվող ռազմագերիների ազատ արձակման Հայաստանի պահանջը
  • Հայաստանի Սահմանադրությունը փոփոխելու Ադրբեջանի պահանջը։

ԱՄՆ պաշտոնյաները սրանք համարում են կարևոր մանրամասներ, բայց վստահ են՝ եթե կողմերը նախ համաձայնության գան խաղաղության ճանապարհային քարտեզի շուրջ, ապա դրան կհաջորդի ավելի նպաստավոր մթնոլորտ՝ այդ հարցերը լուծելու համար», – գրում է Ալեքս Ռաուֆօղլուն։

Ինչո՞ւ ուրբաթ օրը

«Որպես պատասխան հարցին՝ թե արդյոք գագաթնաժողովի ամսաթիվը՝ ուրբաթ օրը, կապ ունի՞ Ուկրաինա-Ռուսաստան իրադարձությունների հետ, պաշտոնյաները նշել են՝ «սա պարզապես համընկում է, ոչ մի հատուկ իմաստ»։ Նրանք բացատրել են, թե ժամանակահատվածի ընտրությունը պայմանավորված է եզակի դիվանագիտական հնարավորությունից օգտվելու, այլ ոչ թե որևէ արտաքին ժամանակացույցի համապատասխանելու անհրաժեշտությամբ։

«Թրամփից սովորել ենք՝ երբ խաղաղությունը դրսևորվում է, պետք է օգտագործել այդ հնարավորությունը», – Ռաուֆօղլուի խոսքով՝ ասել է ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը և հավելել. «Սա վերնագրերի համար չէ։ Սա ուժով պարտադրելու մասին չէ։ Սա ավելի քան 35 տարվա հակամարտությանը վերջ տալու մասին է»։

Հանդիպմանը սպասվում է մի շարք վճռորոշ փաստաթղթերի ստորագրում. Մինսկի խմբի վերաբերյալ պաշտոնյաները բաց տեքստով հայտարարել են՝ «այն չի աշխատել, չի աշխատի, և հիմա ավելի շատ խանգարում է, քան օգնում», – նշում է Kyiv Post-ի թղթակիցը։

«Աբրահամյան համաձայնագրեր-2»՞

Ալեքս Ռաուֆօղլուի խոսքով՝ «ԱՄՆ պաշտոնյաներն ակնարկել են նաև հնարավոր «Աբրահամյան համաձայնագրեր 2»-ի մասին՝ այս նախաձեռնությունն ընկալելով որպես տարածաշրջանային խաղաղության մոդել, որի հիմքում կլինեն Ադրբեջանը և նրա հարաբերությունները Իսրայելի հետ»։

«Պատմական ուրբաթ»

Հանդիպումը նկարագրվում է որպես «պատմական ուրբաթ»։ Նշվում է. «Սա ԱՄՆ վարչակազմի կողմից համարձակ քայլ է՝ արտաքին քաղաքականության ոլորտում արդյունք գրանցելու:

Պաշտոնյաներից մեկն ասել է, որ հատկապես Ադրբեջանն է շտապում՝ «ավազի ժամացույցի» պատկերով ներկայացնելով հնարավորության սղությունը։

Սպիտակ տունը հույս ունի, որ ԱՄՆ-ն կդառնա այս նոր տարածաշրջանային կարգի առանցքը՝ նպաստելով տևական խաղաղության և բարգավաճման»։

Արդարացի քննադատություն

Kyivpost-ի թղթակիցը շեշտում է. «Չնայած դիվանագիտական հաջողությանը՝ մարդու իրավունքների պաշտպաններն ու միջազգային դիտորդները մտահոգություն են հայտնել՝ կապված ԱՄՆ-ի՝ Ադրբեջանին մերձենալու հետ։ Վերջին տարիներին Վաշինգթոն-Բաքու հարաբերությունները լարվել էին՝ մարդու իրավունքների խախտումների, անկախ մամուլի ճնշումների և քաղաքական հետապնդումների հետևանքով։

Քննադատները նշում են, որ խաղաղության այս նոր նախաձեռնությունը, թեև կարևոր է տարածաշրջանային կայունության համար, սակայն կարող է վտանգի տակ դնել ԱՄՆ-ի նախկին ջանքերը՝ միտված տարածաշրջանում ժողովրդավարության և մարդու իրավունքներին աջակցելուն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031