«Սա Խաղաղության պայմանագիր չէ, սա Հայաստանի ավարտն է, սա Հայաստանի վերջն է, ճիշտ այն բանն է, որ մասին զգուշացնում էինք մի քանի տարի, որ մեր մեջքի հետեւում բանակցություններ են գնալու, սրանց ստիպելու են, որ Զանգեզուրը զիջեն, Իսրայելը օգնելու է Ադրբեջանին… Սպասելու են, երբ հարձակում լինի Իրանի վրա, այդ պահին փորձեն ճնշում գործադրել եւ վերցնել այդ միջանցքը» ,-լրատվամիջոցներից մեկի հետ հարցազրույցում նշել է Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը:
Նրա խոսքով. «Սա նշանակում է, որ դառնում ենք գաղութ. 99 տարով տարածք զիջելը վերջին անգամ երեւի եղել է 19-րդ դարի վերջում, երբ գաղութներ էին ստեղծվում Ասիայում եւ Աֆրիկայում: Մենք դարձանք գաղութ, որեւէ կասկած չունենաք, որ այդ ընկերությունը շատ շուտ կհայտնվի Թուրքիայի եւ Ադրբեջանի ձեռքերում՝ Իսրայելի օգնությամբ, դրանից հետո մենք ընդհանրապես երբեւիցե չենք տեսնի Մեղրին, ոչ էլ Զանգեզուրը: Դրանից հետո Թուրքիան եւ Ադրբեջանը կներխուժեն Սյունիք՝ տնտեսապես, դա կկոչվի տնտեսական համագործակցություն: Նրանք այնտեղ կսկսեն շինարարական, արդյունաբերական պրոյեկտներ, մեր ժողովրդին փող կտան: Իսկ մերոնց, որ փող ես տալիս, ամեն ինչ էլ կզիջեն, իրենց երեխաներին էլ կծախեն, եթե փող տան: Կմտնեն Սյունիք, այնտեղ կհաստատեն իրենց ներկայությունը: Դրանից հետո մենք երբեւիցե Սյունիք չենք տեսնի:
Մենք Մեղրի կգնանք այն ժամանակ, երբ գնանք Վան, Էրզրում, Զեյթուն, Սասուն եւ Ստեփանակերտ: Դա ընդհանրապես մեր ժողովրդին չի հետաքրքրում։ Իրենց հետաքրքրում է, որ նախկիններն իրենցից շատ փող չունենան: Իսկ որ Հայաստան չենք ունենա, դա մեր ժողովրդին չի հետաքրքրում: Մենք կորցրինք մեր սահմանն Իրանի հետ: Դա նշանակում է, որ որեւէ ռազմական օգնություն չեն կարող ստանալ ոչ Իրանից, ոչ Ռուսաստանից: Մենք մնում ենք անպաշտպան եւ անզեն՝ շրջապատված թուրքերով, իսկ դա վերջանում է միայն մի ձեւով: Եթե մի քիչ պատմություն կարդաք, կտեսնեք, թե Սասունն ինչպես վերջացավ, դուք գիտեք, Զեյթունը, Վանը, Էրզրումը, Մուշը ինչպես վերջացան…Բոլոր քաղաքներում հայեր էին ապրում՝ շրջապատված թուրքերով: Դա վերջացավ մի ձեւով, ինչպես վերջացավ Նախիջեւանում եւ Ղարաբաղում:
Մեր ժողովուրդն ուղղակի ցույց տվեց, որ պետականությանը պատրաստ չէ, քանի որ երկրորդ անգամ ընտրեց մի խումբ, որը սադրեց պատերազմը, խաբեց իր սեփական ժողովրդին պատերազմի ժամանակ, տապալեց բանակցությունները, հանձնեց Արցախը, հիմա էլ հանձնում է մեր հարավային սահմանները, եւ մեր ժողովուրդը շարունակում է ճաշկերույթներով զբաղվել, մենք ցույց տվեցինք, որ պատրաստ չենք պետականության, մեզ համար փողը առեւտուրը եւ փորն ավելի կարեւոր են, քան հայրենիք ունենալը:
Կարդացեք նաև
Իրանը ո՛չ առաջ, ո՛չ էլ հիմա կարող է բախվել ԱՄՆ-ի եւ Իսրայելի հետ, Իսրայելն այն պետությունն է, որ հիմա զավթում է ամբողջ Միջին Արեւելքը, որը ձեր աչքի առաջ ցեղասպանում է 60 հազար մայր եւ երեխա, իսկ ԱՄՆ-ը եւ զինում, եւ ֆինանսավորում է ցեղասպանությունը, իսկ մեր շատ սիրելի դեմոկրատական ազատ եւ պրոարեւմտյան մամուլի ներկայացուցիչները մի բան չեն ասում ցեղասպանության մասին.. Իրանն այստեղ չի գնա առճակատման ԱՄՆ-ի , Իսրայելի եւ Թուրքիայի հետ, եւ Ռուսաստանը չի կարող դա անել, քանի որ պայքարում է 30 երկրի դեմ»:
Արթուր Խաչիկյանը հիշեցնում է. «Երբ սկսվեց Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա 3 տարի առաջ,վ ես շատ հստակ ասացի, որ Ադրբեջանն օգտվելու է առիթից, հարձակվելու է Արցախի, հետո Սյունիքի վրա: Ես արդեն չգիտեմ, թե ինչ իմաստ ունի այլեւս խոսելը այս մասին, եթե մեր ժողովուրդը ընդհանրապես չի հետաքրքրվում , թե ինչ է կատարվում Հայաստանի հետ»:
Քաղաքագետն ընդգծում է. «Այդ միջանցքին անուն դնելով ոչինչ չի փոխվում, դուք ձեր տարածքը տվեցիք ուրիշ երկրի, ու այդ երկրի հետեւում կանգնած է Իսրայելի լոբբին, Ադրբեջանի ամենամոտիկ դաշնակիցը, որը 2 անգամ Ադրբեջանին զինեց, որ հայերին սպանեն 2020 եւ 2023թ թվականներին, իրենք դա էլ ընդունում են»:
Ինչ վերաբերվում է Խաղաղության խաչմերուկի վերաբերյալ հարցին, Արթուր Խաչիկյանն այսպես արձագանքեց. «Խաղաղության խաչմերուկը կառուցվելու է Իսրայելի, Թուրքիայի, Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի ջանքերով այս տարածքում, եւ հայերն այդ խաչմերուկում չեն լինելու: Խաղաղության Խաչմերուկը լինելու է Թուրքիայի եւ Ադրբեջանի մաս, նրանք մեզ նման հիմար չեն, փորով եւ փողով չեն ապրում, այլ ապրում են իրենց պետության շահերով, իսկ իրենց պետական շահերից բխում է, որ Հայաստանն այստեղից դուրս գա, Ադրբեջանն ու Թուրքիան ձուլվեն, կամ դառնան մոտիկ դաշնակիցներ, եւ ստեղծվի հզոր Թուրքիա, որից հետո էլ պետություն չենք ունենա, ոչ էլ արժանի ենք պետություն ունենալու»:
Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտորը մանրամասնում է. «Մենք ունենք Ադրբեջան-Թուրքիա-Իսրայել ռեգիոնալ դաշինքը, ո՞ւմ է պետք, որ Իրանը կտրվի Հայաստանից՝ Իսրայելին, ո՞ւմ է պետք, որ Հայաստանը չլինի՝ Ադրբեջանին… Ցավոք, որ դուրս գաք Երեւան, սրճարաններում ոչ մի ազատ սեղան չեք տեսնի, Հայաստանը մեր աչքերի առաջ գնաց, մարդիկ դա չեն հասկանում, քանի որ գտնվում են սեկտանտների ազդեցության տակ՝ ամեն ինչ լավ կլինի, հեսա փող կբերեն, կդառնանք ԱՄՆ, սրանք հեքիաթներ են, որ տարիներով լսել ենք: Ո՞ւր է Մակրոնը, բա ասում էր Հայաստանը սիրում է, ասում էր՝ Հայաստանի կողքին ենք, Եվրոպառլամենտն ասում էր՝ թույլ չենք տա արցախցիներին հանեն, բա որտե՞ղ են, բա որ սիրում են, ինչու են թողում մեր տարածքը խլվի: Երեւի նման բան, որ երկիրը գաղութ էին դարձնում, եղել է մեկ էլ մի 150 տարի առաջ՝ Աֆրիկայում, Ասիայում…Այդպես Անգլիան 99 տարով խլեց Հոնկոնգը Չինաստանից 99, Սինգապուրը խլեց, Անգլիան էդ գործով ուժեղ է, նույն բանը եղավ Պանամայի ջրանցքի հետ…»:
Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ