Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք պետք է երկրպագենք մեկ գաղափար՝ ազգային միասնությամբ արժանանանք մեր Հայրենիքին․ Արցախի թեմը շարունակում է իր առաքելությունը

Օգոստոս 09,2025 15:26

Հարցազրույց ՀԱԵ Արցախի թեմի թեմական խորհրդի անդամ, թեմական գրասենյակի ղեկավար Մելանյա Բալայանի հետ

– Ինչպես հայտնի է, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի գործունեությունը շարունակվում է ՀՀ-ում։ Կմանրամասնե՞ք փոքր-ինչ։

-2023 թ. սեպտեմբերին, Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ իրականացված հանցավոր ու ցեղասպանական քաղաքականության հետևանքով արցախահայությունը ստիպված եղավ լքել իր հայրենի բնօրրանը: Մեր ժողովրդի պատմության ընթացքում սա աննախադեպ ու ողբերգական էջ է, երբ մի ողջ ժողովուրդ, հազարամյակներով ապրելով իր հողում, դիմակայելով ու հաղթահարելով բազում ու բազմապիսի արհավիրքներ, քաղաքակիրթ կոչված 21-րդ դարում դառնում է բռնագաղթի զոհ՝ զրկվելով իր սրբություններից՝ եկեղեցիներից, տներից, գերեզմաններից, մշակութային ժառանգությունից, որոնք ստեղծվել ու պահպանվել էին սերունդների աննկուն տքնանքի, պայքարի ու արյան գնով։ Տեղի ունեցածն ակնհայտ ցեղասպանություն է՝ իր բոլոր բնութագրերով։ Թվում է՝ արդի համամարդկային քաղաքակրթական արժեհամակարգին այդ ամենն անհարիր են, բայց դա է՝ բոլորիս համար ցավալի ու դաժան իրականությունը: Փաստացի մեզ զրկեցին նախնյաց մեր բազում սերունդների մաքառումների ու արյան գնով ստեղծած և պահպանած մեր սրբություններից, ինչը մեկ բառով որակվում է որպես ցեղասպանություն:

Այդ ամենի արդյունքում այսօր մենք կանգնած ենք ազգային-գոյաբանական լուրջ մարտահրավերների առջև, ինչն էլ ստիպում է մեզ այնուհանդերձ, ոչ միայն չընկճվել, այլև ուժերի գերլարումով փորձել վերստին դիմակայելով ու հաղթահարելով այս նոր մարտահրավերները, հասնել այն օբյեկտիվ արդարության վերահաստատմանը, որը դրոշմված է համամարդկային քաղաքակրթության պաշտպանության առաքելությամբ կյանքի կոչված միջազգային օրենքներում ու կանոնակարգերում:

-Ի՞նչ ճանապարհով եք փորձում հասնել արդարության վերահաստատմանը։

-Այդ ամենին հասնելու համար մենք պետք է երկրպագենք մեկ գաղափար՝ ազգային միասնությամբ արժանանանք մեր Հայրենիքին: Հենց այս սուրբ նպատակին էլ այսօր լծված է Հայ Առաքելական եկեղեցին, մասնավորաբար Արցախի թեմը: Եվ ուրեմն ամենևին էլ պատահական չէ, որ Ամենայն Հայոց կաթողիկոսի անմիջական հոգածությամբ Արցախի թեմն այսօր շարունակում է իր առաքելությունը մեր Հայրենիքի այս հատվածում՝ Հայաստանի Հանրապետությունում:

– Եվ ո՞րն է Արցախի թեմի բուն նպատակը՝ գործելով ՀՀ-ում։

-Արցախի թեմի գործունեության բուն նպատակն արցախյան հոգևոր ինքնության պահպանումը, այն արժեքները, որոնցով ապրել և գոյատևել է արցախահայ ժողովուրդը, սերունդներին փոխանցելը։ Սա ոչ միայն հոգևոր, այլև ազգային դիմադրության ձև է՝ մենք ոչ միայն չենք ընկճվում, այլ ձգտում ենք վերստին ուժ գտնել մեր մեջ՝ հաղթահարելու այս մեծագույն ողբերգությունը և պահպանելու մեր ժողովրդի պատմական հիշողությունը, արժանապատվությունը և հավատի հիմնասյուները։

– Գիտենք՝ Արցախի թեմը Երևանում ունի գրասենյակ․ ներկայացրեք, խնդրեմ, այդ գրասենյակի հիմնադրման դրդապատճառները, բուն նպատակը.

– Արցախի թեմի առաքելությունը, գործունեությունը, ինչպես նշեցինք, ստեղծված իրավիճակում առավել քան բարդ ու բազմաբովանդակ է դարձել. դա մի կողմից արցախահայության հոգևոր-գաղափարական միասնությունը պահպանելու, մյուս կողմից գիտա-մշակութային, քարոզչական գործառույթներն առավել համակարգված ու արդյունավետ իրականացնելու խնդիրներն են: Հենց այս նպատակներով էլ նախաձեռնվել և ստեղծվել է Արցախի թեմի՝ 2024 թ․ հունիսի 1-ից մշտական գործող գրասենյակ՝ տեղակայված Այգեձոր 53/Բ հասցեում՝ վարձակալական հիմունքներով։ Ոչ միայն գրասենյակի հիմնադրման, այլև գրասենյակի աշխատանքների ծրագրավորման և բնականոն իրականացման հիմնական առաքելությունն ստանձնել է հայտնի հասարակական գործիչ Յուրի Նավոյանի ղեկավարությամբ գործող «ԴԻԱԼՈԳ» կազմակերպությունը:

Արցախի թեմի գրասենյակի գործունեությունը առավել նպատակային ու արդյունավետ իրականացնելու նկատառումով ստեղծվել է մասնագետների համապատասխան խումբ։ 2024 թ․ հունիսի 1-ից գրասենյակի աշխատանքները հիմնականում իրականացվել են մեր կողմից նախանշած ու ծրագրած ուղղություններով: Դրանցից կարող եմ առանձնացնել հոգևոր-քարոզչական, պատմամշակութային ժառանգության գույքագրմանն ու պահպանմանը միտված, հրատարակչական և հարակից այլ ուղղությունները:

ՀԱԵ Արցախի թեմը և գրասենյակն աստիճանաբար ավելի են խորացրել ու գործնական ընթացք ապահովել արցախահայության հասարակական, երիտասարդական, կրթամշակութային կազմակերպությունների հետ համագործակցությունը։ Աշխատանքների ակտիվացմանը նպաստել է նաև Արդշինբանկի տնօրինության կողմից Երևան քաղաքի Բաղրամյան 59/Գ հասցեում գտնվող դահլիճն Արցախի թեմի տրամադրության տակ դնելու իրողությունը։ Արցախի թեմի գրասենյակում հիշյալ ժամանակահատվածում իրականացվել են հանդիպումներ ամենատարբեր կառույցների պատասխանատուների հետ և քննարկվել արցախահայերի իրավունքների, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության հիմնախնդիրներին վերաբերող, դրանց շուրջը համագործակցության և այլ հարցեր։ Հանդիպումներ և քննարկումներ են իրականացվել ՀՀ տարբեր մարզերում ապաստանած արցախահայերի հետ:

Առավել համակարգված աշխատանքներ են կատարվել պատմամշակութային ժառանգության գույքագրման, ուսումնասիրման, պահպանման ուղղությամբ:

 -Ինչ միջոցառումներ է իրականացրել այդ ուղղությամբ Արցախի թեմի գրասենյակը։

– Կարևոր եմ համարում ընդգծել, որ Արցախի թեմի գրասենյակը, Յուրի Նավոյանի ղեկավարությամբ գործող «ԴԻԱԼՈԳ» կազմակերպության հետ համատեղ, ձեռնարկել և սկսել է Արցախի թեմի մատենաշարի ստեղծման ու հրատարակման աշխատանքներ: Արդեն հրատարակված է մատենաշարի առաջին «Արցախ. Վտանգված ժառանգություն» եռալեզու պատկերագիրքը, ինչպես նաև «Արցախի նյութական մշակույթի հուշարձանները» քարտեզը: Հրատարակման է պատրաստվել «Արցախի վանքերը» մատենաշարի առաջին՝ «Ամարասի վանքը» պատկերազարդ գրքույկը, որը կհրատարակվի անգլերեն լեզվով 2025 թ․ առաջիկա ամիսներին։ Հրատարակման է պատրաստվել «Աղվանից կաթողիկոսության նստավայրերը» հայերեն և ռուսերեն լեզուներով պատկերազարդ գիրքը (275-280 էջ)։ Զուգահեռաբար աշխատանքներ են ընթանում այն անգլերեն լեզվով թարգմանելու և նույնպես հրատարակելու ուղղությամբ։

Պատրաստվել է «Արցախ. Վտանգված ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ համագործակցաբար «ԴԻԱԼՈԳ», Հայկական ճարտարապետությունը ուսումնասիրող, «Monument watch» կազմակերպությունների և «Թումո» ստեղծարար կենտրոնի հետ: Հարկ է հիշատակել նաև համանուն խորագրով փաստավավերագրական եռալեզու ֆիլմի պատրաստման մասին: Ընթացքի մեջ են տարաբնույթ այլ ծրագրեր նույնպես, որոնք բոլորն էլ նպատակամղված են հնարավորինս օբյեկտիվ փաստերով ներկայացնելու Արցախի պատմամշակութային ժառանգությունը, նրա բուն էությունը, ստեղծման հանգամանքներն ու ժամանակները և, որպես համամարդկային ժառանգություն, պահելու, պահպանելու կարևորությունն ու հրատապությունը: Այստեղ ևս ուզում եմ երախտագիտությամբ ընդգծել Յուրի Նավոյանի անմիջական աջակցության և բոլոր այս աշխատանքների հովանավորությունը ստանձնելու նրա պատրաստակամության մասին:

Արցախի թեմի գրասենյակի աշխատանքներին աջակցելով հանդերձ, վերջին շրջանում պարոն Նավոյանը երախտիքի արժանի նշանակալի ջանքեր է ներդնում նաև ոչ միայն Արցախի անունը տարբեր արժանապատիվ հարթակներում հնչեցնելու և ակտիվ պահելու, այլև ստեղծում է իրական հնարավորություններ Արցախի տաղանդաշատ երիտասարդների համար, որպեսզի այն մեծ ողբերգությունից հետո, որ արցախահայությունն է ապրել, այդ թվում նաև հենց իրենք, կարողանան հաղթահարել հոգեբանական ու սոցիալական դժվարությունները և լիարժեք ներգրավվեն մշակութային կյանքում՝ իրենց գիտելիքներն ու ունակությունները ներդնելով հայ մշակույթի պահպանման և զարգացման գործում։ Կցանկանայինք, որ նման ուշագրավ և ոգևորիչ նախաձեռնությունները օրինակ հանդիսանային բոլոր այն հայ գործիչների համար, ովքեր ունեն համապատասխան հնարավորություններ ու ռեսուրսներ, բայց և միաժամանակ ազնիվ ցանկություն՝ նպաստելու մեր ազգային ժառանգության պահպանմանը։ Ի վերջո, չմոռանանք, որ մեր պատմության էջերում միշտ էլ արժանապատիվ տեղ են ունեցել այն անհատները, ովքեր գործով, նվիրումով, կամ իրենց հնարավորություններով կանգնած են եղել հայ ազգային մշակույթը սրբորեն պահելու, պահպանելու և զարգացնելու վեհ գաղափարի կենսագործման ակունքներում։

Հարցազրույցը վարեց Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031