Օգոստոսի 9-ը Բնիկ ժողովուրդների համաշխարհային օրն է՝ հաստատված ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից։
1994 թվականի դեկտեմբերի 23-ին ՄԱԿ-ն իր 49/214 բանաձևով սահմանեց, որ աշխարհի բնիկ ժողովուրդների միջազգային օրը պետք է նշվի օգոստոսի 9-ին՝ նպատակ ունենալով պաշտպանել ժողովուրդների իրավունքները և զերծ պահել նրանց խտրականությունից։
2007 թ. սեպտեմբերի 13-ի ՄԱԿ-ի «Բնիկ ժողովուրդների իրավունքների մասին հռչակագիրը» սահմանում է, որ ինչպես ժողովուրդների ֆիզիկական բնաջնջումը, այնպես էլ իրենց բնիկ տարածքից արտաքսումն անխուսափելիորեն խաթարում են ժողովուրդների հիմնարար իրավունքները և իրենց հետաքրքրություններին համապատասխան զարգանալու հնարավորությունը:
ՄԱԿ-ի հռչակագիրն իր 8-րդ հոդվածով արգելում է ձուլման և մշակութային ժառանգության ոչնչացման գործողությունները՝ դատապարտելով ժողովուրդներին էթնիկ անհատականությունից զրկելու ցանկացած փորձ, խտրականության ցանկացած դրսևորում, ինչն Ադրբեջանն անում է Արցախի ժողովրդի դեմ պետական բարձր մակարդակով։
ՄԱԿ-ի հռչակագրի բազմաթիվ ձևակերպումներ հաստատագրում են բնիկ ժողովուրդների՝ իրենց մշակութային ավանդույթներին համապատասխան ապրելու իրավունքը, կարևորում ինքնորոշման իրավունքը, որի շնորհիվ ժողովուրդները ազատորեն կարող են որոշել իրենց քաղաքական կարգավիճակն ու ապահովել մշակութային, սոցիալական և տնտեսական զարգացումը։ Թեև ոչ մի հռչակագիր չունի պարտադիր իրավական ուժ, հարկ է ընդգծել, որ վերոնշյալ հռչակագրի ընդունմանը ձեռնպահ է քվեարկել Ադրբեջանը՝ փաստացի արտահայտելով իր ժխտողական վերաբերմունքը բնիկ ժողովուրդների իրավունքների հարգման առնչությամբ։
Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միությունը կոչ է անում միջազգային հանրությանը հարգել ու պաշտպանել իենց բնիկ հողերը Ադրբեջանի պատերազմական հանցանքների հետևանքով լքած Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքները և արձանագրում է, որ Արցախի հայաթափումը Ադրբեջանի երկարամյա պետական ցեղասպանական քաղաղաքականության հետևանքն էր, իսկ Արցախի ժողովրդի բնիկ ներկայության ապացույց հանդիսացող մշակութային հազարամյա ժառանգության ոչնչացումն ու յուրացումը այդ քաղաքականության հիմնական ուղղությունը, որը մինչ օրս չի դադարում։ Ընդգծենք, որ միջազգային և ազգային բազմաթիվ կազմակերպություններ 2020 թ․ ի վեր փաստագրել են Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության ոչնչացման, յուրացման և խեղաթյուրման ավելի քան 220 դեպք, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի սկզբունքների առանցքով դիտարկելիս աշխարհի մշակութային բազմազանության կործանարար աղքատացում է և հարված՝ բոլոր ժողովուրդներին։
Ադրբեջանի կողմից հայ ժողովրդի պատմական իրավունքների ժխտման, բնիկ հայրենիքից բռնի տեղահանման, սեփականության իրավունքի ժխտման, պատմական փաստերի կեղծման քաղաքականությունը պետք է արժանանա միջազգային հանրության կոշտ գնահատականին, քանզի այն իր խորքային էությամբ ձևավորում է ցեղասպանական, ռասայական խտրականության և մշակութային անհանդուրժողականության իրական դրսևորում՝ հակասելով միջազգային մարդասիրական իրավունքի հիմնարար սկզբունքներին։
Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միությունը կոչ է անում միջազգային հանրությանը պաշտպանել Արցախի ժողովրդի և սերունդների իրավունքները, միջազգաին ճնշմամբ դադարեցնել մշակութային ժառանգության ոչնչացումն ու ապահովել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վերադարձի իրավունքի լիարժեք իրացումը՝բոլոր իրավունքների վերականգնմամբ։
ԼՂ փախստականների իրավապաշտպան միություն