ԱՄՆ ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, Կոնգրեսի հայկական հանձնախմբի փոխնախագահ Բրեդ Շերմանը հանդես է եկել հայտարարությամբ՝ դեմ արտահայտվելով Ադրբեջանին ցանկացած հնարավոր զենքի մատակարարմանը և կոչ անելով Ադրբեջանին ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին։
«Ադրբեջանը պետք է պատասխան տա իր ագրեսիայի համար։ Թեև ԱՄՆ-ի ներգրավվածությունն ու աջակցությունը Հայաստանին կարևոր են, ԱՄՆ-ն պետք է ավելի խիստ դիրքորոշում ցուցաբերի՝ ապահովելու համար, որ Հայաստանը ստանա արդար և շոշափելի անվտանգության երաշխիքներ», – ասել է կոնգրեսական Շերմանը։ «ԱՄՆ-ը որևէ դեպքում չպետք է վերացնի 907-րդ հոդվածի սահմանափակումը՝ Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրելու հարցում»։
«Ադրբեջանական զորքերը շարունակում են ապօրինի կերպով պահել հայ ռազմագերիներին», – շարունակել է Շերմանը։ «Բոլոր հայ ռազմագերիները պետք է անհապաղ և առանց նախապայմանի ազատ արձակվեն»։