Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս խայտառակ փաստաթուղթն օրինականացնում է հանցավոր արշավը՝ ուղղված ոչ միայն հայկական մշակութային հուշարձանների և պատմական բնակավայրերի ոչնչացմանը, այլև՝ ամբողջ մի քաղաքակրթական տարածքի իսպառ ջնջմանը»

Օգոստոս 11,2025 09:19

Օգոստոսի 8-ին` բնիկ ժողովուրդների միջազգային օրվա (ինչպես նաև օգոստոսի 10-ին` Սևրի դաշնագրի օրվա) նախօրեին, Վաշինգտոնում ստորագրված հակահայկական բնույթ ունեցող փաստաթուղթը հարված է ոչ միայն Հայաստանի Հանրապետության պետականությանը, անվտանգային համակարգին և ազգային ինքնիշխանությանը, այլև ծայրաստիճան վտանգավոր նախադեպ է՝ ուղղված ամբողջ տարածաշրջանի ուժային բալանսի խեղմանը և միջազգային իրավունքի ոտնահարմանը։

Փաստաթուղթը, իր բովանդակությամբ և ընկալումներով, իրականում դառնում է ադրբեջանական ցեղասպան քաղաքականության լեգիտիմացման գործիք՝ «կանաչ լույս» տալով Բաքվի ֆաշիստական և ավտորիտար վարչախմբին՝ շարունակելու իր համակարգված և հետևողական մշակութային ցեղասպանությունը Արցախի՝ դարավոր հայկական պատմամշակութային ժառանգության դեմ։ Այդ գործողությունները ոչ միայն հանցագործություն են համաշխարհային քաղաքակրթության դեմ, այլև ուղիղ ոտնձգություն են հայ ժողովրդի ինքնության, պատմական հիշողության և մարդու հիմնարար իրավունքների նկատմամբ։

Վաշինգտոնյան այս խայտառակ փաստաթուղթը միջազգային իրավական և բարոյական պարտավորությունների բացահայտ խախտում է, որն օրինականացնում է Ադրբեջանի կողմից իրագործվող հանցավոր արշավը՝ ուղղված ոչ միայն հայկական եկեղեցիների, հուշարձանների, գերեզմանների և պատմական բնակավայրերի ոչնչացմանը, այլև՝ ամբողջ մի քաղաքակրթական տարածքի իսպառ ջնջմանը։ Սա ոչ այլ ինչ է, քան միջազգային հանրության հանցավոր անտարբերության կամ կեղծ չեզոքության դրսևորում՝ միաժամանակ հնարավորություն ընձեռելով Բաքվին ազատորեն և անպատժելիորեն վերաձևել իրականությունը՝ ըստ իր ցեղասպան տրամաբանության։

Սույն փաստաթուղթը սպառնալիք է հայ ժողովրդի` իր բնօրրանում ապրելու իրավունքի դեմ և միակողմանի զիջում, ընդհուպ մինչև թշնամու թելադրանքով նոր Սահմանադրության ընդունում, որտեղ այլևս խոսք չի լինի Արցախի ու Հայ Դատի համար պայքարելու մեր իրավունքների մասին։

Սա բացում է մի նոր «դուռ»` թշնամու ցեղասպան քաղաքականության շարունակության համար։

Այսպիսի փաստաթուղթը, բնականաբար չէր կարող պարունակել դրույթներ ոչ գերիների վերադարձի և ոչ էլ բռնի տեղահանված արցախցիների` իրենց բնօրրան վերադարձի մասին։ Հետևաբար, օգոստոսի 8-ին ընդունված այս փաստաթուղթը ոչ միայն հայ ժողովրդի ազգային շահերից որևէ կետ չի արտացոլում, այլև ուղիղ սպառնալիք է մեր պետականության գոյությանն առհասարակ։

Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսով

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031