«Միայն միամիտ հասարակություններն են Արեւմուտքը համարում բացառապես հումանիզմի ու դեմոկրատիայի հոմանիշ: Արեւմուտքն ունի իր շահերը, իսկ նրա պրոտեկտորատը Հայաստանի իշխանության հանդեպ չի նշանակում դեմոկրատիայի խրախուսում: Ընդհակառակը՝ նշանակում է ամերիկյան շահի իրականացման ճանապարհին Հայաստանում առկա բոլոր խոչընդոտների վերացում, այդ թվում՝ ռեպրեսիաների եւ բռնություների միջոցով »,- Sputnik Արմենիայի մամուլի սրահում կայացած ասուլիսում ասաց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության առաջնորդ Սուրեն Սուրենյանցը:
«Վաշինգտոնի փաստաթղթերի էֆեկտը Հայաստանում հասարակության մոտ մեծ չէ, բում չեղավ, ու հիմա իշխանությանն ավելի շատ ժամանակ է պետք հասարակությանը համոզելու կամ շանտաժի ենթարկելու համար, որ եթե այս բաները չընդունեք, պատերազմ կլինի: Մի մոռացեք, որ միջազգային լեգիտիմության մակարդակով Նիկոլ Փաշինյանի իշխանության վզին փաթաթել են սահմանադրության փոփոխության հարցը:
Նիկոլ Փաշինյանը որեւէ տարբերակ չունի Սահմանադրական հանրաքվեն ավարտելու դրական ելքով: Նրա միակ փրկօղակը կարող է լինել օրենսդրական փոփոխություն կատարելը, Սահմանադրական հանրաքվեի մեկտեղումը խորհրդարանական ընտրությունների հետ, որ միանգամից հասարակությանը շանտաժի եւ մանիպուլացնելու գործընթացը ադմինիստրատիվ ռեսուրսի տոտալ չարաշահման հետ մեկտեղի: Նաեւ այս պատճառով եմ պնդում, որ արտահերթ ընտրությունները Նիկոլ Փաշինյանը նոյեմբերին կամ դեկտեմբերին չի կարող անցկացնել»,-ասաց նա:
Նա նաեւ ընդգծում է. «Մի պրյանիկ էլ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելից ունի ստանալու. այստեղ մյուս տարվա գարնանը անցկացվելու է եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, որը Վաշինգտոնից ոչ պակաս էֆեկտ է ունենալու, որովհետեւ 2 տասնյակից ավելի եվրոպական առաջնորդներ են ժամանելու Երեւան, Նիկոլ Փաշինյանը կարող է հաջողացնել, Հայաստան բերել, օրինակ, Էրդողանին … Մի խոսքով, իշխանությունը դեռեւս ռեսուրս ունի ժողովրդին թունավոր պրյանիկներ մատուցելու»:
Կարդացեք նաև
Սուրեն Սուրենյանցը կարծում է, որ Վաշինգտոնը նաեւ ներքաղաքական օրակարգ է փոխել, քանի որ Նիկոլ Փաշինյանը վտանգավոր հանգրվանի է տարել երկիրը, եւ այս համատեքստում կարող է լինել ընդդիմության մեծ կոնսոլիդացիա: «Կանխատեսելի էր, որ Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները, եթե նույնիսկ դրանց իրականացման տակ կոնկրետ մեխանիզմներ չկան, հարուցելու են դժգոհություններ Թեհրանում եւ Մոսկվայում: Սա հարվածում է նաեւ Հնդկաստանի եւ Չինաստանի շահերին:
Մոսկվայից արտգործնախարարության հնչեցրած տեքստը չափազանց դիվանագիտական էր, բայց Մոսկվան միանշանակ հասկացրեց, որ չի ճանաչում Վաշինգտոնի պայմանավորվածությունները, որովհետեւ այդ տեքստում շեշտը դրվում էր Ռուսաստանի միջնորդությամբ տեղի ունեցած եռակողմ համաձայնությունների հիշատակման վրա:
Իրանից հնչող տեքստերն ավելի շատ են ու ավելի խիստ: Մի առանձնահատկություն կա. Խամենեիի եւ շրջապատի գործիչների արձագանքը շատ ավելի կոշտ է, եւ հակառակը՝ շատ ավելի կառոցողական է այն քննադատությունը կամ մտահոգությունը, որ հնչում է Իրանի նախագահի, արտգործնախարարի շուրթերից: Իրանն ունի մտահոգություններ, նույնիսկ կառուցողական տեքստերում բացահայտորեն մտահոգություն է հայտնվում՝ ամերիկյան ներկայության հետ կապված: Այնպիսի ինստիտուցիոնալ պատմություն ունեցող երկրների համար, ինչպիսիք են Ռուսաստանը եւ Իրանը, դժվար չէր հաշվարկելը, գնահատելը, որ վաշինգտոնյան պայմանավորվածություններն ուղղված են Ռուսսատանի դեմ ճնշման սաստկացմանը եւ Իրանի մեկուսացմանը»,-ընդգծում է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության առաջնորդը:
Նրա խոսքով. «Կան Մոսկվայից եւ Թեհրանից հնչող հայտարարություններ, հասարակության մի զգալի մասին, թերեւս հետաքրքրում է մյուս հարցը՝ ինչպե՞ս հակազդեցություն ցույց կտան Մոսկվան եւ Թեհրանը, եւ արդյո՞ք հակազդեցությունը կանցնի դիվանագիտական հարթությունից եւ այլ դրսեւորումներ կունենա: Ռուսաստանի մասով բարդ չէր լինի այս հարցի պատասխանը, եթե չլիներ ուկրաինական պատերազմը, որը լափում է այդ պետության ռեսուրսների մեծ մասը: Եթե ուկրաինական պատերազմը չլիներ, մենք Հայաստանում տեսնելու էինք այն սցենարը, որը եղել է Վրաստանում, եւ հիմա էլ տեսնում ենք Ուկրաինայում: Այս պահին որեւէ մեկը ստույգ չի կարող կանխատեսել, թե ինչպիսին կլինի ռուսական հակազդեցությունը:
Ինչ մնում է ԻԻՀ-ին՝ Իրանը չի ամոքել իր վերքերը, որ ստացել է 12-օրյա պատերազմի հետեւանքով, եւ երկրորդ, ԻԻՀ-ն առանց ՌԴ-ի աջակցության, միայնակ չի կարող պահել այն կարմիր գծերը, որը հռչակում է: Հետեւաբար այս պահին որեւէ մեկս չի կարող կանխատեսել, թե Վաշինգտոնի պայմանավորվածություններին ինչ հակազդեցություն կլինի, բայց չմոռանանք, որ Վաշինգոնում ձեռք բերված պայմանավորվածությունները ամիսների, տարիների ընթացք են պահանջում, որպեսզի դրանք իրականացվեն»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ