Երևանի քրեական դատարանում այսօր դատավոր Ժորա Չիչոյանի նախագահությամբ շարունակվեց «Լելե Թեփե»-ի գործով դատական նիստը:
Հիշեցնենք, որ այս գործով մեղադրանք էր առաջադրվել պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի որդուն՝ գնդապետ Արթուր Օհանյանին (լուսանկարում), պաշտպանության բանակի զորամասերից մեկի մոտոհրաձգային գումարտակի հրամանատար Գեղամ Աբրահամյանին ու տանկային գումարտակի հրամանատար Գառնիկ Մնացականյանին։
Հիշեցնենք, որ Արթուր Օհանյանը, 2019 թվականի նոյեմբերի 19-ից ՀՀ պաշտպանության նախարարի թիվ 2059-Ա հրամանով նշանակվելով ՀՀ ՊԲ թիվ զորամասի հրամանատար, կոչումով գնդապետ, կոչման և պաշտոնի բերումով հանդիսանալով նույն զորամասի ողջ անձնակազմի ուղղակի պետը, մեղադրվում է 2020 թվականի հոկտեմբերի 6-ից 7-ն ընկած ժամանակահատվածում իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսեւորելու համար, որի հետևանքով դրանք կատարել է ոչ պատշաճ, որպիսի գործողություններն անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ։
Օհանյանի պաշտպանի խոսքով՝ վարույթ իրականացնող մարմինը՝ ծառայողական պարտականությունների «անփույթ կատարում» է դիտարկել ՊԲ հրամանատարի կողմից առաջադրված խնդիրները ենթակա ստորաբաժանումներին ուշացումով եւ մակերեսորեն պարզաբանելը՝ մարտական խնդիրների կատարումից երկու ժամ առաջ ներկայացնելը:
Կարդացեք նաև
Ըստ պաշտպանի՝ վարույթ իրականացնող մարմնի այս փաստարկն անհիմն է ու հակասում է քրեական վարույթով ձեռք բերված ապացույցներին:
Պաշտպանի ներկայացմամբ՝ ըստ վարույթի նյութերի՝ ՊԲ հրամանատարի հանձնարարությամբ՝ Օհանյանը մարտական խնդրի կատարման համար ներգրավված գումարտակների ու վաշտերի հրամանատարների հետ 2020-ի հոկտեմբերի 6-ի առավոտյան մեկնել է խնդրի կատարման վայր՝ տեղատեսություն կատարելու համար: Սակայն հակառակորդի ինտենսիվ հրետակածության ժամանակ Նելսոն Բադասյանը ծանր վիրավորում է ստացել, տեղափոխվել դեպքի վայրից, իսկ խիստ մառախուղի պատճառով տեղատեսության մի քանի փորձերը ձախողվել են: Չի հաջողվել տեղատեսություն կատարել: Ինչից հետո Օհանյանը հետ է վերադարձել հրամանատարական կետ, խորհրդակցություն կատարել, ներկայացվել է մարտական առաջադրանքը: Խորհրդակցությունն ավարտվել է 20:00-ի սահմաններում, որից հետո Օհանյանը վերադարձել է զորամասի կենտրոնացման շրջան, անցկացրել է մարտական խնդրի կատարման խորհրդակցություն, տվել է կատարման վերաբերյալ հանձնարարականներ, 22:00-ի սահմաններում էլ հանձնարարել է սկսել գործողությունը:
Փաստաբանը նկատեց, որ հանրային մեղադրողից պետք է հարցնել, թե տղաներին ինչ հիմնավորմամբ է մեղադրում «ուշացումով ու մակերեսային» մարտական առաջադրանքը ստորաբաժանումներին ներկայացնելու մեջ:
Պաշտպանը նկատեց, որ պետք է հաշվի առնել նաեւ, որ մի իրավիճակ է եղել, երբ տեխնիկան տեխնիկական վատ վիճակում է եղել. «Դեպքից վեց ամիս առաջ զորամասը ստանում է պաշտպանության սպառազինության ծառայությունից գրություն, որ տեխնիկան՝ տանկերը, ընդհանրապես չօգտագործել ուսումնական պարապմունքների ժամանակ: Այսինքն՝ խոդ չտալ, որովհետեւ մեջի յուղն անորակ է: Ու վեց ամիս հետո պատերազմը սկսում է: Ի՞նչ պետք է աներ Օհանյանը, գնար իր գրպանից փող դնե՞ր, յուղ առներ բերե՞ր» :
Հիշեցնենք, որ այս գործով մյուս երկու մեղադրյալներին՝ ՀՀ ՊԲ թիվ զորամասի 2-րդ մոտոհրաձգային գումարտակի հրամանատար Գեղամ Աբրահամյանին եւ տանկային գումարտակի հրամանատար Գառնիկ Մնացականյանին մեղադրանք է առաջադրվել, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ՀՀ կառավարության կողմից հայտարարված ռազմական դրության ժամանակ՝ 2020 թվականի հոկտեմբերի 7-ին, հրաժարվել են զինվորական ծառայության առանձին պարտականությունների կատարումից, որը զուգորդվել է դրանց փաստացի դադարեցմամբ։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ