«Թույլ տվեք հստակեցնել․ բոլոր հայ պատանդները պետք է ազատ արձակվեն, ԲՈԼՈՐԸ։ Հայերը պետք է իրենց հայրենիք՝ Արցախ, վերադարձի իրավունք ստանան, եւ սա միայն սկիզբն է։ Ես շարունակելու եմ արդարության համար պայքարը։ Ես ուրախ եմ խաղաղության համար, բայց ես կանգ չեմ առնի, քանի դեռ արդարություն չկա»։
Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Այովա նահանգից ամերիկացի հոգեւորական՝ «Կյանքի Խոսք» ավետարանական եկեղեցու անդամ եւ հայերի խախտված իրավունքների մասին բարձրաձայնող ակտիվիստ Ջոել Թեննին՝ Նիկոլ Փաշինյանի, Դոնալդ Թրամփի եւ Իլհամ Ալիեւի բանակցություններին հաջորդած գրառումներից մեկում։
Ինստագրամյան օգտահաշվում Թեննին իրեն ներկայացնում է որպես «հայկական հարցերի ակտիվիստ»։
Դեռեւս քարոզարշավ անցկացնող Դոնալդ Թրամփի թիմը Ջոել Թեննիին խնդրել էր հրապարակային աջակցություն հայտնել Թրամփի նախագահական թեկնածությանը։ Թեննին արել էր դա։ Կրելով պահպանողական հայացքներ՝ հոգեւորականը համակարծիք է Թրամփի քաղաքականության հիմնական շեշտադրումների հետ։ Ավելին, նրա Ֆեյսբուքի էջի գլխավոր լուսանկարում նա եւ իր կինը պատկերված են Թրամփի կողքին։
Կարդացեք նաև
Թեննիի խոսքով՝ քարոզարշավի ընթացքում սատարելով Թրամփի թեկնածությանը՝ նա մի շարք հանդիպումներ է ունեցել նրա հետ՝ հունվարի 20-ին մասնակցելով նաեւ նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը։ Թեննի փոխանցմամբ՝ զրույցների թեման եղել է Հայաստանը։
Օգոստոսի 8-ին Փաշինյան-Թրամփ-Ալիեւ վաշինգտոնյան պայմանավորվածությունների վերաբերյալ Թեննիի գրառումները, եթե երկու բառով ամփոփենք, խոսում են զգուշավոր լավատեսության մասին։
«Տարիների անզիջում ջանքերից հետո ականատես եմ լինում իր հնչեղ վերընտրությունից հետո նախագահ Թրամփի առաջնորդության ներքո խաղաղության գործարքի բանակցության։ Բայցեւայնպես, իմ հոգին պատսպարված է մնում, քանզի վախ ունեմ, որ հայկական կողմը կարող է ցավոտ զիջումների գնալ։ Վարչապետը վճռականորեն կկանգնի՞ Արցախի ժողովրդի կողքին։ Նա կպահանջի՞ արդարություն՝ քաղաքական եւ քաղաքացիական բանտարկյալների համար․․․Թող Աստված իր ողորմությամբ վերականգնի հայերից զավթված հողերը։ Թող նա ազատի պատանդներին եւ ամոքի ազգի վերքերը։ Թող Ամերիկան դառնա Հայաստանի երբեւէ ունեցած ամենահզոր եւ ամենահավատարիմ դաշնակիցը», – նշված է հայամետ ակտիվիստի գրառման մեջ։
Անձնական էջի ուղիղ եթերում Ջոել Թեննին վաշինգտոնյան ստորագրությունները «լավ քայլ» է որակում, բայցեւ կարծիք հայտնում, որ համաձայնությունն ավելի նման է «կորպորացիոն հանգուցալուծման» եւ ոչ խաղաղության գործարքի։
Ջատագովելով Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի կյանքի կոչումը եւ արձանագրելով, որ Արցախը Ադրբեջանի մաս է ճանաչել վարչապետ Փաշինյանը՝ նա միեւնույն ժամանակ դրական շեշտերով է խոսել Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցի մասին՝ արդյունքը «ձեռքբերում» բնութագրելով։
«Թեեւ ես ունեմ իմ անձնական տարաձայնությունները Նիկոլի ղեկավարած պետական եւ արտաքին քաղաքականության հետ, սա իսկապես ձեռքբերում է իր համար՝ սա ձեռքբերում է Հայաստանի համար», – հայտարարել է նա եւ հավելել՝ չլուծված խնդիրներ առայժմ մնում են՝ ռազմագերիների, անհետ կորածների, արցախցիների վերադարձի, Ադրբեջան-Նախիջեւան ճանապարհի նկատմամբ ՀՀ ինքնիշխանության հետ կապված։
«Նախագահ Թրամփի նման գործընկեր ունենալը պետք է գնահատվի ըստ արժանվույն․․․եթե նա քո կողմից է, դա լավ է։ Նա ձեռք է սեղմում ՀՀ վարչապետի հետ։ Անկախ նրանից, թե ով է այդ վարչապետը, դա դրական է Հայաստանի համար»։
Վաշինգտոնում Հայաստանի, Միացյալ Նահանգների եւ Ադրբեջանի առաջնորդների եռակողմ բանակցություններին հաջորդած ուղիղ եթերի ժամանակ Ջոել Թեննին պատմել է՝ հայ ժողովրդի իրավունքների համար պայքարը նա մեկնարկել է 2020 թվականի ադրբեջանական ագրեսիայի սանձազերծումից ի վեր՝ իր խնայողություններն ուղղելով պատերազմից տուժած ընտանիքներին։
«Ես Հայաստանում եղել եմ տասը անգամ։ Ես իմ կյանքը նվիրել եմ այս ժողովրդին, որովհետեւ նրանք առաջին քրիստոնյա ազգն են», – ուղիղ եթերում շեշտել է հոգեւորականը։
«Ես հինգ տարի է՝ ուսումնասիրում եմ հայ սրբերին, երգում եմ Սուրբ Պատարագի շարականները․․․ընկերացել եմ Տեր Հայրերի, Սրբազանների եւ անգամ Կաթողիկոսի հետ», – պատմել է նա։
Ի դեպ, Թեննին ավելի վաղ տեղեկացրել է, որ սեպտեմբերին ընտանիքի հետ բնակություն կհաստատի մեր երկրում։
Ֆեյսբուքյան էջում Թեննին նաեւ քննադատել էր ՔՊ-ականների եւ մասնավորապես պատգամավոր Արսեն Թորոսյանի ընդգծված հայտարարությունները, թե չկա Արեւմտյան Հայաստան, կա Արեւելյան Թուրքիա։
«Արարատ լեռը կարող է Թուրքիայի հետ սահմանի այն կողմում գտնվել, բայց զավթիչների կողմից գծված որեւէ գիծ չի կարող ջնջել այդ սարը հայերի հոգուց․․․Դուք կարող եք զավթել հողը, կարող եք սպանել ժողովրդին, բայց դուք չեք կարող զավթել ճշմարտությունը։ Արարատը Հայաստանի թագն է, եւ ոչ Թուրքիայի ավարը»։
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ