Սևանա լճի՝ Շողակաթ գյուղի մոտակա ափերից մեկը 10 օրով պատված էր վրաններով։ Օգոստոսի 1-ից այստեղ իրենց ակտիվ հանգիստն անցկացրեցին «Միհր» կրթամշակութային ՀԿ-ի սաները, որոնց միացել էին նաև Երևանի թիվ 196 հիմնական դպրոցի աշակերտները, պատանիներ Տավուշի մարզի Բերդ քաղաքից, Վանաձորից, Երևանից։
Շուշիի տեխնոլոգիական համալսարանի՝ արդեն Երևանում գործող քոլեջի ուսուցիչ Ալեքսանդր Սահակյանի հետ ճամբարում հանգստացան նաև 2023-ին Արցախից բռնի տեղահանված երեխաներ։
Ընդհանուր մոտ 60 պատանի միասին անցկացրեցին ճամբարի 10 օրն ու դարձան հարազատներ։ Այս ափին արդեն 4-րդ անգամ է կազմակերպվում նման վրանային ճամբար, որտեղ ճամբարականները մասնակից են լինում տարբեր միջոցառումների՝ մարզական, կրթամշակութային, արշավներ և այլն։ Ճամբարականների առօրյային ծանոթանալու նպատակով թիվ 196 հիմն․ դպրոցի տնօրեն Անուշ Նավասարդյանի հետ եղանք տեղում։
Կարդացեք նաև
Ազգային գործիչ Աշոտ Նավասարդյանի դուստրը շատ է կարևորում, որ մեր երեխաները, ճանաչելով հայրենի բնաշխարհը, դառնան հայրենասեր։
Ինչ խոսք, ծառը չջարդելով, տարածքը չաղտոտելով, պատմական հուշարձանը ճանաչելով ու պահպանելով, թեկուզ դժվարությամբ, սակայն բարձունքը գրավելով, Սևանա լճում լողալով, տեղանքում քարտեզի օգնությամբ կողմնորոշվելով, միմյանց օգնելով են դառնում հայրենիքին պիտանի։
Մեր այցի պահին «Միհր» կրթամարզական ՀԿ-ի Բերդի մասնաճյուղի ղեկավար Արտակ Բադալյանը մարզական պարապմունք էր անցկացնում երեխաների հետ։ Կարևորվում էր նաև առաջին օգնությունը։ Տարբեր իրավիճակներում վիրավորում ստացած կամ հիվանդացած ընկերոջն աջակցելը պարտադիր պետք է իմանան ու սովորեն ճամբարականները։
«Միհր» կրթամարզական ՀԿ-ն ստեղծվել է 2020թ․ պատերազմի ավարտից հետո Գոռ Մանուկյանի և ընկերների նախաձեռնությամբ։ Եվ միհրականները համագործակցում են տարբեր դպրոցների, նման կառույցների հետ։ Իսկ ճամբարումը Սևանա լճի ափին արդեն ավանդույթ է։ Գ․ Մանուկյանը շատ է կարևորում հայ մանուկների՝ հայի արժեհամակարգով դաստիարակվելը։ Եվ այս է խնդիրը, որ ունեն կարգախոս։
Երբ երեխաները ջոկերով շարք են կանգնում՝ նախատեսած վարժանքները կատարելու, հրամանատարի կողմից հնչում է «Կողքինդ ո՞վ է» հարցը, և լսվում է ընդհանուր պատասխանը՝ «Ե՛ս եմ․․․»։ Եվ մեր հայրենիքի տարբեր վայրերից, երբեմն Սփյուռքից եկած հայ երեխաները, պատանիները բարեկամացել են, ընկերացել ու գիտակցում են՝ ինչքան կարևոր է միասնությունը, համատեղ գործելը։ Ճամբարը գործում է ջոկերով՝ յուրաքանչյուրում 10 հոգի։
Յուրաքանչյուր օր փոխվում է հրամանատարը, և այնպես է ստացվում բոլորն էլ դառնում են և՛ հրամանատար, և՛ ջոկի անդամ։ Հաճախ ճամբար են այցելում նաև մտավորականներ, արվեստի ու մշակույթի գործիչներ, մանկավարժներ, ովքեր դասընթացներ են անցկացնում երեխաների հետ։
Գ․ Մանուկյանը շատ է կարևորում, որ երեխաները սովորեն ու կոփվեն՝ ինչպես գոյատևել բնության մեջ՝ տնից հեռու։ Այս առումով կարևորվում է սննդի, ջրի, ձեռքի տակ եղած կենցաղային, տեխնիկական միջոցների ճիշտ օգտագործումը։ Նախաճաշ, ճաշ և ընթրիք․ թարմ ու էկոլոգիապես մաքուր սնունդ է տրվում ճամբարականներին։
Այս անգամ խոհանոցը վստահված էր ճանաչված խոհարար Վլադիմիր Նիկողոսյանին, ում օգնում էին մշտապես ճամբարականների հետ աշխատող Աննա Մխոյանը, բուժքույր Գայանեն, ավագ տարիքի ճամբարականներ։ Ճամբարում յուրաքանչյուր երեխա ունի նաև նախասիրություն․ վանաձորցի Գրիգ Սաֆարյանը սիրում է նկարել և նկարչական պարագաներ է նվեր ստացել։ Արարատ էր նկարում։ Սովորում է 6-րդ դասարանում, զուգահեռ՝ Վանաձորի գեղագիտական դպրոցում։ Նկարիչ կամ ճարտարապետ է դառնալու, իսկ Սևանա ափը ներշնչում է։ Բերդ քաղաքից Նարեն մշտապես է մասնակցել ճամբարի առօրյային, շատ է կարևորում թե՛ ճամբարում, և թե՛ մշտական մարզումները «Միհր»-ում։
«Միհր»-ի երևանյան մասնաճյուղից են Մանուկյան քույրերը՝ Հասմիկն ու Լիլյան, որոնց համար այս մարզումները, ճամբարը կայանալու կարևոր միջոցներ են։
Օգոստոսի 10-ին փակվեց ճամբարը, որի մուտքը մշտապես հսկում էին ժամապահ երեխաները, և այցելուների առաջ բացում էին միայն կենտրոնից ստացած թույլատվությամբ։
Դժվար էր բաժանումը․ արդեն հարազատ դարձած երեխաները հուզմունքով ու արցունքոտ աչքերով էին հրաժեշտ տալիս՝ հավատով՝ էլի են միասին ճամբարում հանգստանալու, հետագայում կապը պահպանելու են։
Զոհրաբ Ըռքոյան