Լրահոս
Օրվա լրահոսը

Բանական դատողությունների փոխարեն՝ «հմայախոսքեր»

Օգոստոս 13,2025 14:00

Եկել է աղանդների եւ «ֆան-ակումբների» ժամանակը

Հայերեն «հմայախոսք» (заклинание) բառն այնքան էլ հաճախ չի օգտագործվում: Բայց պարզ է, որ դա ինչ-որ մոգական բանաձեւ է, որը պետք է, այսպես ասած, «կախարդի» իրականությունը: Այդ «հմայախոսքերը» կամ կարգախոսները օրը 10 անգամ կրկնում են այս կամ այն աղանդի ներկայացուցիչները, որպեսզի դրանք մխրճվեն մարդկանց գիտակցության մեջ եւ ընկալվեն որպես իրականություն: Օրինակ, «կոմունիզմը ողջ մարդկության ապագան է» կամ՝ «պատերազմ չի լինելու, խաղաղություն է լինելու»:

Բնականաբար, հակառակ աղանդի ներկայացուցիչներն ունեն իրենց «հմայախոսքերը», որոնք ձեւով հակառակ են, բայց նույնքան հեռու են իրականությունից: Եթե ձեզ դուր չի գալիս «աղանդ» բառը, կարող եմ առաջարկել «ֆան-ակումբ» եզրույթը: Օրինակ, Փաշինյանի եւ Քոչարյանի «ֆան-ակումբներ»:

Իհարկե, նարատիվների վերահսկողության համար պայքարն ուղեկցում էր մարդկությանը, կարելի է ասել, հազարամյակներ շարունակ: Ներկայիս իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ «ֆան-ակումբները» դարձել են ավելի շատ՝ վերածվելով, պայմանականորեն ասած, ֆեյսբուքյան խմբերի:

Դրա հետեւանքներից մեկն այն է, որ քաղաքական մտածողությունը, քաղաքական վերլուծությունը եւ քաղաքական բանավեճը գրեթե մահացել են, իրենց տեղը զիջելով սոցցանցային «թրոլինիգին», երբ ցանկացած խոսք կարելի է, ինչպես ասում են, «կտուրը» գցել: Օրինակ, եթե մեկը պնդում է, որ վաշինգտոնյան հռչակագրի հիմնական շահառուները Ադրբեջանը եւ Թուրքիան են, հակափաստարկը հետեւյալն է. «Դա Կրեմլի տեսակետն է»: Վերլուծել, մտածել, կշռադատել այլեւս պետք չէ, պետք է պայքարել թշնամիների դեմ: Ցանկալի է՝ սոցցանցային հարթակում:

Ովքե՞ր կարող են դիմակայել այդ «հմայախոսքերին», այսինքն՝ դուրս գտնվել այդ «ֆան-ակումբներից»: Տեսականորեն դա կարող է լինել քաղաքացիական հասարակությունը՝ «հորիզոնական» կապեր ունեցող խմբեր, որոնք ծառայում են որոշակի՝ իշխանության գալու-մնալու հետ չառնչվող, նպատակներին, սկզբունքներին, գաղափարներին: Պատկերացրեք, օրինակ, մի իրավապաշտպանի, որը հավասարապես պայքարում էր այն ժամանակ Նիկոլ Փաշինյանի, իսկ հիմա՝ Սամվել Կարապետյանի ազատազրկման դեմ: Դժվար է, չէ՞, նման մարդու պատկերացնել:

Իսկ հակառակը՝ «ֆան-ակումբներին» հարող հ/կ-ականների հանդիպում ենք ամեն քայլափոխի: Նրանք կիրառում են «հմայախոսքեր», որոնք սովորել են համապատասխան workshop-երի ժամանակ, խոսելով հատուկ հ/կ-ական թռչնային լեզվով՝ «western values and standards»՝ համարելով, հավանաբար, որ վարչապետի ֆեյսբուքյան ստատուսների հիման վրա մարդկանց ձերբակալելը միանգամայն համապատասխանում է այդ արժեքներին եւ ստանդարտներին:

Ահա եւ ստացվում է, որ բոլոր այն մարդիկ, որոնք մտահոգություն են հայտնում «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ, «արմյաշկա» են եւ ФСБ-ի գործակալ: Սովորական բոլշեւիզմ կամ աղանդ, կամ փաշինյանական «ֆան-ակումբին» անդամակցություն:

Ի՞նչ պետք է անեն իրական վերլուծաբանները, քաղաքագետները, լրագրողները եւ նման առաքելություն ստանձնած այլ մարդիկ: Վերանալ, չանդրադառնալ այդ «ֆան-ակումբներին», ինձ թվում է, հնարավոր չէ: Նույնքան անիմաստ է փորձել աղանդավորներին ինչ-որ հարցում տարհամոզել: Բայց փորձել գտնել օրինաչափություններ, պատճառահետեւանքային կապեր այդ ամենի մեջ, կարծում եմ, անհրաժեշտ է:

«Թեեւ խենթություն է, բայց մեթոդ կա մեջը», – ասում էր Պոլոնիուսը Համլետի մասին:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031