Չգիտես ինչու, վերջերս անսպասելիորեն իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվեց ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը, որի հետ կապված մի քրեական գործ էր քննվել 7 տարի առաջ, ապա կարճվել, իսկ օրեր առաջ՝ օգոստոսի 8-ին, այդ նույն գործի շրջանակներում նրան կալանավորեցին ու տարան ԱԱԾ-ին կից մեկուսարան: Նախկին բարձրաստիճան պաշտոնյան մեղադրվում է ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, հակամրցակցային գործունեության եւ փողերի լվացման մեջ:
Հարությունյանի փաստաբան Արմեն Անդրիկյանը, «Հրապարակ»-ի հետ զրույցում պատասխանելով գործը 7 տարի առաջ կարճելու եւ այժմ վերաբացելու վերաբերյալ մեր հարցին, ասաց․ «Վերաբացված ասելը մի քիչ ճիշտ չէ, քանի որ, օրենքով, ուժի մեջ մտած քննիչի որոշում գոյություն ունի, իսկ այդ որոշումը վերացված չէ: Այսինքն՝ այստեղ Քրեական օրենսգրքով սահմանված վերաբացման մասին չէ խոսքը, այլ այդ գործից վերցրել են ապացույց, որը որ նախկինում գնահատված է եղել, եւ այդ ապացույցը գնահատված լինելու պայմաններում նախկին գործը կարճվել է, հիմա նոր մեղադրանքներ են առաջադրվել այդ ապացույցի հիմքով»։
– Ի՞նչ ապացույց է։
– Գաղտնալսում է: Այդ ապացույցը հաշվի առնելով՝ հիմնավորվել է, որ Վարդան Հարությունյանն առնչություն չունի «Նորֆոլկ» ընկերության հետ, այդ ապացույցը եղել է, գնահատվել է, եւ այդ ապացույցի գնահատման արդյունքում վարույթ իրականացնող մարմինը՝ ԱԱԾ քննչականը, եկել է այդ հետեւությանը, որ Վարդան Հարությունյանն առչություն չունի այդ ընկերության հետ։ Հիմա այդ նույն ապացույցը՝ արդեն գնահատված, դրա հետեւանքով կարճված գործի վարույթը վերցրել են եւ դրել հիմքում, որ Վարդան Հարությունյանն առնչությունի ունի այդ ընկերության հետ։
Կարդացեք նաև
– Այսինքն՝ ինքն իրեն հակասում է քննչական մարմինը։
– Այո։
– Անցած 7 տարիների ընթացքում Վարդան Հարությունյանը կանչվե՞լ է հարցաքննության, ինչ-որ իրավական պրոցեսով անցե՞լ է։
– Երբեւէ չի եղել նման բան, ավելի ասեմ՝ 2018 թվականին կարճված քրեական վարույթով էլ չի կանչվել։ Չի կանչվել այն հիմքով, որ որեւէ կերպ վարույթն իրականացնող մարմինն առնչություն չի տեսել Վարդան Հարությունյանի եւ «Նորֆոլկ» ընկերության միջեւ։
Աննա ՊԱՊԻԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: