Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մարտի 13-ից «ՀայԱրտ» կենտրոնում ներկայացված է «Մեղադրանքը՝ հայ. խորհրդային տեռորը ցեղասպանության ստվերի ներքո» խորագրով ցուցահանդեսը։ Այն բաց կլինի մինչև ապրիլի 1-ը։
Ցուցահանդեսը ներկայացնում է, թե ինչպես են խորհրդայնացումը և պետական տեռորը ԽՍՀՄ-ում կապված ազգային հարցի հետ, ինչպես մարդիկ դիմադրություն են ցուցաբերել խորհրդային քաղաքական նարատիվներին և ինչպես են այս իրադարձությունները հիշատակվում այսօր անկախ Հայաստանում։
Aravot.am-ը այս առիթով զրուցեց իրավապաշտպան Վարդան Հարությունյանի հետ։
-Պարոն Հարությունյան, սկսենք Ձեր «Ինչու ես ներում չեմ գրում» հոդվածից, որը գաղտնի ճանապարհով էիք ուղարկել։ Դուք այնտեղ ասում եք․ «Ես չեմ կարող ապրել ԽՍՀՄ-ում` չխախտելով խորհրդային օրենքները»։ Կարո՞ղ եք բացատրել՝ ի՞նչ օրենքներ էին, ինչպիսի՞ն էր ժամանակաշրջանը։
Կարդացեք նաև
-Դե, բռնատիրության ժամանակ, բնականաբար, ազատ մտածելու և ազատ գործելու իրավունք չունես։ Ես էլ այդ նամակում գրել եմ, որ միշտ պետք է ազատ մտածեմ և ազատ գրեմ՝ բնականաբար խախտելով եղած արգելքները։ Ի՞նչ օրենքներ էին․ օրինակ՝ չէր կարելի հակախորհրդային գործունեություն ծավալել, օրենքով արգելված էր։ Չէր կարելի ասել, գրել կամ հրապարակել մտքեր, որոնք չէին ծառայում սոցիալիզմի ամրապնդմանը։ Դրանք ազատ խոսքի, մտքի և խղճի սահմանափակումներ էին։ Ես գրել էի, որ չեմ կարող ապրել այդ երկրում և դրանք չխախտել։ Նաև նշել էի, որ չեմ կարող սուտ խոստում տալ (ներման խնդրագիր ստանալու համար), դուրս գալ և հետո շարունակել նույնը։ Դրա համար էլ խոստում չեմ տալիս և ոչինչ չեմ գրում (ներման խնդրագիր)։
-Կան խորհրդային ժամանակներից եկած մտածողության ձևեր, որոնք դեռ պահպանվել են այսօր։ Կարո՞ղ եք նկարագրել՝ ինչ մտավոր սահմանափակումներ են մնացել մարդկանց մեջ այսօր, որոնք գալիս են անցյալից։
-Այո, մարդիկ շատ դեպքերում դեռ չեն հասկանում, որ դիմացինն ունի իրավունքներ։ Նաև չեն հասկանում, որ իրենց իրավունքները սահմանափակվում են այնտեղ, որտեղ բախվում են դիմացինի իրավունքներին։ Հատկապես մարդու իրավունքների բնագավառում դեռ շատ ճանապարհ ունենք անցնելու, որպեսզի կտրվենք այդ խորհրդային անցյալից։ Չեմ կարծում, որ վախն այդքան մեծ է, որքան այդ տարիներին էր։ Վախը կամաց-կամաց հեռանում է, բայց մնում է մտածողությունը։ Բոլորն էլ գիտեն, որ իրենց ասած խոսքի կամ գրած տեքստի համար բանտ չեն տանի, ինչը Խորհրդային Միությունում հաստատ էր՝ եթե գրում էիր այն, ինչն արգելված էր, գնում էիր բանտ։ Այստեղ խնդիրը մտածողության մեջ է։ Պետք է տեղի ունենա սեփական և դիմացինի իրավունքի գիտակցում։ Դրանք երկու կարևոր հենասյուներն են։ Այդ իրավունքները չպետք է բախվեն, այլ գործեն զուգահեռ։
-Իսկ Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս են այդ պատմական փորձը և բռնաճնշումներն ազդել հայկական ինքնության ձևավորման վրա։
-Խորհրդային Միությունը փորձում էր կերտել այսպես կոչված «սովետական մարդուն» (Homo Sovieticus)՝ մարդ, որը չպետք է ունենա ազգություն։ Էթնիկ պատկանելությունը մղվում էր երկրորդ պլան, մինչդեռ ռուսական էթնիկ պատկանելությունը մղվում էր առաջին պլան, և մնացած ամեն ինչ ստորադասվում էր դրան։ Նրանք հասցրել են արատավորել ոչ միայն մեր հայկական ինքնությունը, այլև ուրիշներինը՝ ուկրաինացիների, վրացիների և այլոց։ Լեզուն նույնպես մղում էին երկրորդ-երրորդ պլան։ Օրինակ՝ ուկրաինացիները խնդիր ունեին երեխային ուկրաինական մանկապարտեզ տալու, որովհետև դրանք պարզապես չկային։ Հայաստանում և Վրաստանում վիճակը մի փոքր ավելի բարվոք էր, բայց էլի կային բնագավառներ, որտեղ դոմինանտը ռուսերենն էր՝ Ներքին գործերի համակարգը, Պետանվտանգությունը, բժշկությունը, Կոնսերվատորիան։ Դա ազդում էր և հիմա էլ պահպանվել է։ Տեսեք՝ հիվանդանոցներում դիմում են սլավոնական տարբերակով (անուն-հայրանուն), ինչը մեր իրականությանը խորթ է։ 35 տարի անկախ ենք, բայց դպրոցներում դեռ ուսուցչին դիմում են «ընկեր այսինչյան», ոչ թե «տիկին» կամ «պարոն»։ Սա այն բացասական ժառանգությունն է, որը մինչև հիմա կրում ենք։
-Իսկ ինչպե՞ս եք գնահատում նմանատիպ ցուցահանդեսների դերը պատմական հիշողության պահպանման մեջ։
-Ե՛վ ցուցահանդեսները, և՛ հրապարակումները, գրքերը, հոդվածները շատ դրական եմ գնահատում։ Կարծում եմ՝ դրանք նույնիսկ քիչ են։ Մեր քաղաքացին պետք է ծանոթանա իր երեկվա օրվան։ Մենք այսօր խորհրդային անցյալի մասին ավելի քիչ գիտենք, քան միջնադարի կամ հին աշխարհի պատմության։ Այդ շրջանի պատմությունը հիմնականում առասպելաբանություն է և հորինվածք։ Պետք է ճանաչել իրական պատմությունը։ Այս ցուցահանդեսը իրական պատմության ցուցադրման մի կտոր էր։ Դրանք պետք է շատ լինեն, որ մարդիկ հասկանան՝ որտեղից են գալիս և ուր են գնում։
Արևիկ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
4-րդ կուրս


















































