Քիչ առաջ կրկին ընդմիջում հայտարարվեց «Տաշիր» խմբի ընկերությունների սեփականատեր, ռուսաստանաբնակ հայ գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու միջնորդության քննության ընթացքում։
Սամվել Կարապետյանի պաշտպանական թիմից փաստաբան Արմեն Ֆերոյանը նշեց, որ արդեն տեղի է ունեցել նաև քննիչի միջնորդության հետ կապված հարցուպատասխան, ընդմիջումից հետո իրենք կներկայացնեն իրենց դիրքորոշումները։
Լրագրողների հետ զրույցում նա ասաց․ «Փորձում ենք հնարավորինս հույսեր կապել մեր արդարադատության հետ։ Այդ հույսերն այնքան էլ մեծ չեն, քանի որ գիտենք՝ այս գործի նկատմամբ ճնշումները մեծ են»։
Կարդացեք նաև
Փաստաբանն ասաց, որ դատական նիստը ևս մեկ ժամ կտևի։ Լրագրողները հետաքրքրվեցին՝ ի՞նչ հիմքով է քննիչը պնդում, որ կալանքը պետք է երկարաձգվի, փաստաբանը պատասխանեց՝ ասում են կխոչընդոտի, փախուստի կդիմի ու վստահեցրեց․ «Խոսել կալանքի կամ կալանքի ժամկետի երկարացնելու մասին, ոչ իրավական է, ոչ իրավաչափ է»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ