«Դատավորը գտնում է, որ Սամվել Կարապետյանը կարող է խոչընդոտել հարցազրույցի տեսանյութին, երկրորդը՝ գտնում է, որ կա թաքնվելու ռիսկ։ Այսինքն՝ Ֆորբսի ցուցակում գտնվող մեր հայրենակիցը կարող է թաքնվե՞լ։ Այսինքն, լինելով հանրային անձ, անձ, որը հայտարարել է իր քաղաքական հայտի մասին, հայտարարել է քաղաքական թիմ ձևավորելու մասին, պետք է ենթադրյալ միջին ծանրության, որի պատիժը սկսվում է տուգանքից, այդ տուգանքով պատժից վախենալու համար պետք է թաքնվի քննությունի՞ց։ Երկու ամիս կալանքի տակ գտնվելու պայմաններում կարող է թաքնվե՞լ»,- լրագրողների հետ ճեպազրույցում հռետորական հարցեր հնչեցրեց Սամվել Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով նրա կալանքի երկարաձգման որոշմանը։
Հիշեցնենք՝ «Տաշիր» խմբի ընկերությունների սեփականատեր, ռուսաստանաբնակ հայ գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու միջնորդության քննությունը երեկ տևեց 10 ժամից ավելի։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, դատարանը որոշեց ևս երկու ամսով երկարաձգել կալանքը։
Արամ Վարդևանյանը պարզաբանեց՝ դատական նիստն այդքան երկար էր տևում, քանի որ քննիչին մի շարք հարցադրումներ ներկայացրին, որոնց պատասխան չստացան, հետո ներկայացրին առարկություններ․ «Եթե 15 ժամ էլ տևեր, որևէ բան չէր փոխվի, քանի որ այդ գործը քննած դատավորը որևէ բանով չտարբերվեց ոչ Արմեն Դանիելյանից, ոչ էլ Արտակ Կարապետյանից»։
Կարդացեք նաև
Արամ Վարդևանյանը մտահոգություն հայտնեց․ «Այստեղ արդարադատություն տեղի չունեցավ, այսինքն՝ տարրական արդար դատաքննության իրավունքը չապահովվեց։ Քաղաքական որոշում, քաղաքական հետապնդում բաղադրիչները միաժամանակ առկա են։ Վերջերս վարչապետի աշխատակազմի ղեկավարի կողմից կատարված գրառումը, որով ճանաչված փաստաբանին որոշակիորեն ծաղրում է, համենայն դեպս, տերմինը, որը օգտագործվում էր, հակազդելն է։ Շնորհավորում եմ՝ իսկապես հակազդեցին»։
Արամ Վարդևանյանը նկատեց, որ նույնական գործերով նախաքննությունը 20-օրյա ժամկետում ավարտվում է, իսկ Սամվել Կարապետյանի գործով ձգձգվում․ «Այս կարճ ժամանակահատվածում ևս երկու հրապարակային քրեական վարույթ է առկա, որը վերաբերում քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածին․ մեկը Միքայել սրբազանին է վերաբերվում, երկրորդը՝ Ռուբիկ Հակոբյանին։ Երկու գործերով էլ 20-օրյա ժամկետում նախաքննության ավարտ է հայտարարվել, երկու գործերի մեղադրական տեքստը գրեթե նույնական է Սամվելի Կարապետյանին առաջադրված մեղադրանքի տեքստին։ Ո՞նց է ստացվում, որ երկու այլ գործերով 20-օրյա ժամկետում նախաքննությունն ավարտվում է, իսկ այս գործով քննիչն ասում է՝ երկու ամիսը բավական չէր, ևս երկու ամիս անհրաժեշտ է, և դատավոր Տիգրան Դավթյանն էլ գտնում է, որ դա պետք է բավարարվի։ Այս միջին ծանրության հանցագործության համար անձը պետք է լինի կալանավորված, քանի որ ըստ դատավորի՝ կարող է խոչընդոտել տեսանյութին կամ կարող է թաքնվել»։
Արամ Վարդևանյանը հայտնեց՝ իրենք դիմել են նաև պրոֆեսիոնալ մասնագետների՝ լեզվաբանից մինչև լինգվիստիկ վերլուծություններ անողների, որ իրենց մասնագիտական կարծիքով հավաստել են, որ այդ հարցազրույցում չկա կոչի որևէ բաղադրիչ․ «Քննիչն անտեսել է նշվածը։ Տրամաբանությունն այն է, որ քննիչը կարող է կանխակալ լինել, բա դատավորը պետք չէ՞ նշվածը գնահատեր, ասեր՝ ո՞նց է ստացվում, որ հարցազրույցում ասել է «Մայր աթոռը կպաշտպանենք մեր ձևով», և դա վերածվել է իշխանությունը բռնությամբ զավթելու կոչի։ Ի դեպ, քննիչը միջնորդության մեջ կրկին հիշատակել է , որ ՀՀ-ում իրադարձություններ են տեղի ունենում, և կառավարությունը պահանջում է Կաթողիկոսի հրաժարականը»։
Արամ Վարդևանյանը մտահոգություն հայտնեց՝ ամեն գնով Սամվել Կարապետյանին կալանքի տակ են պահում, որը, մեղմ ասած, իրավական ամենաթողություն է։
Փաստաբանը նշեց՝ կներկայացվի վերաքննիչ բողոք․ «Այնպիսի դատական ակտ է, որի դեմ Վերաքննիչ բողոք գրելը ոչ մեծ ջանք, ոչ մեծ էներգիա է պահանջում։ Շատ շուտ ենք դիմելու․ առաջիկա օրերին այն մուտքագրված կլինի»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ