Լրահոս
Օրվա լրահոսը

«Համոզված եմ, որ ՄԻԵԴ-ին հետաքրքիր են լինելու վարչապետի աշխատակազմի ղեկավարի և աշխատակազմի այլ ներկայացուցիչների գրառումները»․ Արամ Վարդևանյան

Օգոստոս 15,2025 15:46

«Խափանման միջոց կալանքի դեպքում Եվրոպական դատարանը տարիներ ի վեր ասում է, որ կանխավարկածը պետք է գործի հօգուտ անձի ազատ արձակելուն։ Միշտ կանխավարկածը գործում է կալանքի վերացման տրամաբանությամբ։ Դատավոր Տիգրան Դավթյանը գտնում է՝ քանի որ կալանքը պահպանելու հիմքերը դեռ կան, իսկ վերացնելու հիմքեր չկան, ուրեմն պետք է կալանքը պահպանել։ Այն պարագայում, երբ հնարավոր վարութային բոլոր գործողությունները կատարվել են նույնիսկ մեր նախաձեռնությամբ, քանի որ քննիչը որևէ գործողություն չէր ձեռնարկում»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սամվել Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով նրա կալանքի՝ ևս երկու ամսով երկարաձգման որոշմանը։

Հիշեցնենք՝ «Տաշիր» խմբի ընկերությունների սեփականատեր, ռուսաստանաբնակ հայ գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու միջնորդության քննությունը երեկ տևեց 10 ժամից ավելի։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, դատարանը որոշեց ևս երկու ամսով երկարաձգել կալանքը։

Լրագրողները հետաքրքվեցին՝ հնարավո՞ր է նաև դիմեն ՄԻԵԴ, Արամ Վարդևանյանը պատասխանեց․ «Բոլոր դեպքերում որոշակի կոմունիկացիոն աշխատանքներ տարվում են։ Մշտապես հետևում ենք իրադարձությունների զարգացմանը, դրա հետ կապված գործողություններ կատարվում են։ Ամփոփիչ դիրքորոշումն առաջիկայում կներկայացնենք։ Երեկվա, այսօրվա իրադարձությունների, դատարանի որոշման հետ կապված ևս այդ գործողությունները կատարվելու են։ Համոզված եմ, որ ՄԻԵԴ-ին հետաքրքիր է լինելու վարչապետի աշխատակազմի ղեկավարի գրառումը, կարծես թե այլ ներկայացուցիչների գրառումներն էլ»։

Խոսելով Սամվել Կարապետյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու որոշում կայացրած  դատավոր Տիգրան Դավթյանի մասին՝ Արամ Վարդևանյանն ասաց․ «Դատավոր Տիգրան Դավթյանն ինձ համար բավականին ոչ վատ վարկանիշ ունեցող դատավոր էր։ Ի վերջո, արդարադատությունը դյուրին գործընթաց չէ, դատավորի մոտեցումները լյուստրացիայի են ենթարկվում, երբ բախվում ես քաղաքական գործին։ Այս գործը քաղաքական է, այս գործի մասին հունիսի 17-ին գործադիր իշխանության ղեկավարն է խոսել։ Բնականաբար, նիստից ժամեր առաջ վարչապետի աշխատակազմի ղեկավարն է կրկին անդրադարձել այս գործին։ Այս իրավիճակում հեշտ չէ արդարադատություն իրականացնելը։ Բայց դատավորը, չնայած այդ ամենին, չպետք տրվի ճնշումներին։ Տիգրան Դավթյանը գտնում է, որ միջին ծանրության ենթադրյալ հանցանքի համար տնային կալանք, վարչական վերահսկողություն, գրավ, դրանցից որևէ մեկը չի կարող լինել՝ որպես պատշաճ վարքագիծ ապահովող մի մարդու համար, որը նախկինում երբևէ արատավորված չի եղել, որը ՀՀ-ի ամենաճանաչված և համակցության մեջ դիտարկելով՝ ամենախոշոր բարերարն է, չնայած դրան, գտնում է, որ միայն կալանքը պետք է լինի խափանման միջոց»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031