Լրահոս
Օրվա լրահոսը

«Բարձրաստիճան հոգեւորականին նման կերպ մեկուսացնելը մենք գնահատում ենք որպես ազատ խոսքի դեմ պայքար, նաեւ՝ խոշտանգում»․ Արա Զոհրաբյան

Օգոստոս 15,2025 16:16

«Բարձրաստիճան հոգեւորականին նման կերպ մեկուսացնելը մենք գնահատում ենք որպես ազատ խոսքի դեմ պայքար, նաեւ՝ խոշտանգում, որովհետեւ արքեպիսկոպոսին պետությունն ուղղակի զրկել է հոգեւոր ծեսեր իրականացնելու, իր հավատացյալների հետ հաղորդակցվելու հնարավորությունից։ Այո, դա խոշտանգում է»,- Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատական նիստի ժամանակ ասաց փաստաբան Արա Զոհրաբյանը։

Նա նշեց, որ շատ ծանր հանցագործությունների մեջ մեղադրվողներն այսօր կալանավորված չեն, բայց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կալանավորված է, 50 օր գտնվում է կալանքի տակ՝ իր խոսքի համար։ «Ընդ որում, մեղադրանքի կողմը երեք փաստարկ է բերել, որոնցից մեկը դատարանում հերքվեց։ Ասում է՝ իրենք խուսափում են քննությունից, բայց առաջին ատյանի դատարանն ասաց՝ այդ հարցը չկա։ Դուք լավ հիշում եք, թե ինչ շոու սարքեցին Մայր Աթոռում, երբ ուզում էին ձերբակալել Միքայել սրբազանին։ Մենք ողբերգական դեպքերից ուղղակի մազով պրծանք, որովհետեւ, ցավոք, քաղաքական այս պատվերը՝ տված Նիկոլ Փաշինյանի ցանկությամբ, մեծ խնդիր էր ծագելու Մայր Աթոռում։ Բայց Միքայել սրբազանն իր կամքով եկավ, հասավ Քննչական կոմիտե։ Եվ այդ փաստարակը դատարանը հիմք ընդունեց, իր որոշման մեջ նշեց, որ այդ փաստարկը հիմնավոր չէ։

Արա Զոհրաբյանը, դիմելով դատարանին, ասաց․ «Չի կարող կալանքը որպես խափանման միջոց կիրառվել, որովհետեւ դրա հիմքերն ուղղակի չկան»։

Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան նստավայրում ընթանում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով
առաջին դատական նիստը։

 Ըստ հրապարակված մեղադրական եզրակացության՝ «Գևորգ /Միքայել/ Արտաշեսի Աջապահյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ունենալով արքեպիսկոպոսի հոգևոր աստիճան եւ հանդիսանալով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդը, պարբերաբար հրապարակային ելույթներով հանդես գալով զանգվածային լրատվության միջոցներով, ունենալով մեծ թվով հետեւորդներ եւ հետեւաբար նաեւ՝ իր խոսքով հասարակության անդամների վարքագիծն ուղղորդելու զգալի հնարավորություն, համաձայն չլինելով ներքին եւ արտաքին քաղաքականության հետ կապված հարցերի վերաբերյալ ՀՀ կառավարության դիրքորոշումների հետ, օգտագործելով զանգվածային լրատվության միջոցները, տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաները, նախ՝ 2024 թվականի փետրվարի 3-ին, ապա նաեւ՝ 2025 թվականի հունիսի 21-ին, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր»։

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031