Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրանիկ Թեւանյան. «Թրամփը Պուտինի հետ հանդիպմանը գնացել էր Ալիեւին ու Փաշինյանին իր գրպանում ունենալով»

Օգոստոս 16,2025 16:04

«Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թեւանյանը «Հայելի» ակումբում խոսել է երեկ Ալյասկայում կայացած Պուտին-Թրամփ հանդիպման ընթացքում Ուկրաինայի ճգնաժամի հաղթահարման, այդ ֆոնին Ուկրաինայի անվտանգության երաշխիքների ուղղությամբ երկու գերտերությունների ղեկավարների որդեգրած սկզբունքների եւ դրանից մեկ շաբաթ առաջ Վաշինգտոնում Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ ստորագրված Ալիեւ-Թրամփ-Փաշինյան եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Հայաստանի գլխին ահագնացող վտանգների մասին:

«Երբ Նիկոլ Փաշինյանը մի բանի մասին շատ է խոսում, նշանակում է, որ ճիշտ հակառակ գործընթացներ են լինելու: Եթե հիշում եք, տախտակից կամ մետաղաթիթեղից մի քարտեզ էր պատրաստել, մի կետ էլ էր վերցրել, իբրեւ դա Արծվաշենն է, ու թափահարում էր, թե հետ է վերցնելու: Ու ինչքան շատ էր այդ քարտեզը թափահարում, այնքան ավելի մեծ վտանգներ էին կուտակվում Հայաստանի առաջ: Աշխարհի քարտեզում Հայաստանի կլինի՞: Ըստ Նիկոլ Փաշինյանի, ոչ, որովհետեւ այն քաղաքականությունը, որ ինքը վարում է, չի ենթադրում ՀՀ գոյություն:

Թրամփը Պուտինի հետ հանդիպմանը գնաց Ալիեւին ու Փաշինյանին իր գրպանում ունենալով եւ երեւի փորձելու էր դա խաղարկել: Մանրամասներ իրենց քննարկումներից հայտնի չեն: Բայց հայտնի է, որ պետք է պաշտոնական ճաշ լիներ եւ ընդլայնված քննարկումները շարունակվեին սեղանի շուրջ ու դա չեղարկվել է: Հանդիպումը սպասվածից կարճ է տեւել: Թրամփը դեմքը փրկելու տարբերակով ուզում է դուրս գալ ուկրաինական պատերազմից եւ այդ առումով փորձում է այլ տարբերակներ գտնել: Բայց Ռուսաստանն ունի իր կարմիր գծերը. Այն տարածքները, որ ազատագրվել են Ուկրաինայում, այլեւս հետ չեն տրվի: Ռուսական կողմի երկրորդ կարմիր գիծն այն է, որ Ուկրաինան երբեք չպետք է լինի ՆԱՏՕ-ի կազմում: Եվրամիության կազմը դեռ քննարկելի է»,-ասաց նա:

Անդրանիկ Թեւանյանը վստահ է, որ Ուկրաինական հակամարտության հարցը լուծելու համար ակնհայտ է, որ Վլադիմիր Զելենսկին պետք է հեռանա: «Իսկ եթե մնում է, ապա նա դառնում է այնտեղի Փաշինյանը: Զելենսկին այնտեղ պատերազմաբեր է, ինչպես Փաշինյանն է պատերազմաբեր այստեղ: Եվ այս առաջնորդների պարագայում խաղաղությունը բավականին բարդ է: Թող զարմանալի չթվա, բայց Զելենսկուն, ինչպես Փաշինյանին ձեռնտու է պատերազմը, պարտությունը, կորուստները, որովհետեւ հակառակ պարագայում իրենից պատասխան են պահանջելու: Ասելու են՝ մենք կարող էինք Մինսկ-2-ի շրջանակներում ինչ-որ համաձայնությունների գալ: Իսկ դու հրահրեցիր պատերազմ: Ու հիմա դու չես կարող ասել, դե լավ, այսքան մարդ է զոհվել, տարածք ենք կորցրել, բայց արի հիմա գնանք խաղաղության: Ինչպես Նիկոլ Փաշինյանն էր ասում, որ եթե 44-օրյա պատերազմը կանգնեցներ ավելի շուտ, օրինակ, հոկտեմբերի 17-ին, իրեն կասեին դավաճան: Ու դրա համար ասաց, թող կոտորվեն մեր երեխեքը, որ իրեն չասեն դավաճան: Այսինքն, իմիջային հարված չստանա: Այս առումով Զելենսկին ու Փաշինյանը իրար շատ նման են ու նույն ճակատագրին են արժանանալու: Եվ դա մոտավորապես կրկնելու է Սաակաշվիլու ճակատագիրը, ինչից ել սրանք վախենում են»:

Թեեւ Ալյասկայում Հարավային Կովկասի մասին պաշտոնական որեւէ բան չի հնչել, սակայն Թեւանյանը ենթադրում է, որ նաեւ իրանա-իսրայելական հակամարտությունն է քննարկման առարկա եղել ու Հարավային Կովկասում տեղի ունեցող իրավիճակը: Հատկապես, որ պատերազմը տեղափոխվել է մեր տարածք: «Դա ուղղակի արկերի եւ փամփուշտների տեսքով չի դրսեւորվում, այլ ուրիշ ձեւերով, քանի որ հայկական կողմն անընդհատ գնում է նոր զիջումների, բավականին վտանգավոր զիջումների»,-ասաց քաղաքական դաշինքի ղեկավարը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031