Լրահոս
«Սաղ ժողովուրդը»…
Օրվա լրահոսը

Պատճառված վնասի համար պատասխանատուն Արամ Նավասարդյանը չէ. պնդում է Սոնա Մնացականյանի գործով մեղադրյալի պաշտպանը

Օգոստոս 18,2025 17:18

Տուժող կողմին պատճառված գույքային վնասի պատասխանատուն Արամ Նավասարդյանը չէ: Այսօր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ ընթացող Սոնա Մնացականյանի գործով դատաքննության ժամանակ հայտարարեց մեղադրյալ Արամ Նավասարդյանի պաշտպանական կողմը:

Պաշտպանի խոսքով՝ դեպքի պահին Արամ Նավասարդյանը եղել ու գործել է որպես Ճանապարհային ոստիկանության (ՃՈ) ծառայող, ինչը էական նշանակություն ունի տուժող կողմի ներկայացրած գույքային հայցի առումով. «Նման պայմաններում ակնհայտ է, որ անհնար է քննարկվող իրավիճակը դիտարկել վնաս պատճառողի ընդհանուր նորմերի տեսանկյունից, քանի որ տվյալ դեպքում գործում են հատուկ կանոններ»:

Պաշտպանը վկայակոչեց քաղաքացիական օրենսգրքով սահմանված աշխատողի կողմից ծառայողական ու աշխատանքային պարտականությունները կատարելիս վնաս պատճառելու հետեւանքով պատասխանատվությունը կարգավորող նորմերը: Ըստ պաշտպանի՝ կոնկրետ այս գործով գույքային պատասխանատվությունը պետք է դրվի Նավասարդյանի գործատուի վրա. «Մեր դեպքում Արամ Նավասարդյանի գործատուին՝ Ճանապարհային ոստիկանությանը, չեք ներգրավել որպես պատասխանող՝ զրկելով վերջինիս իր իրավունքների ու պարտավորությունների կատարման հնարավորությունից: Պատճառված վնասի համար պատասխանատու անձը Արամ Նավասարդյանը չէ»:

Հիշեցնենք, որ 2022 թվականին Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում 29 ամյա հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի վրաերթի գործով մեղադրանք էր առաջադրվել ոստիկանության մայոր Արամ Նավասարդյանին: 3 տարի տեւած դատաքննությունն այսօր ավարտվեց, դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ վճիռ կայացնելու, այն կհրապարակվի այսօր երեկոյան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031